Նովոռոսիյսկում անօդաչուների հարձակումից հետո խոշոր հրդեհ է բռնկվել
Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքը գիշերը անօդաչուների հարձակման է ենթարկվել, հայտնել է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն։
Նրա փոխանցմամբ՝ անօդաչուների բեկորներ են ընկել ձեռնարկությունների տարածքներում և բնակելի շենքի մոտ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, դեպքի վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները։
ASTRA-ի՝ բաց աղբյուրների ուսումնասիրության համաձայն՝ հարվածներից հետո հրդեհ է բռնկվել մազութի տերմինալում։ Հրդեհ է գրանցվել նաև քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում։
Նովոռոսիյսկը Ռուսաստանի խոշորագույն նավահանգիստներից և արտաքին առևտրի առանցքային հանգույցներից է։ Օգոստոսին քաղաքի ուղղությամբ հարվածների ակտիվացումը խափանումներ էր առաջացրել նավթի և հացահատիկի բեռնափոխադրումներում։ Նովոռոսիյսկով է արտահանվում ռուսական հացահատիկի մինչև մեկ երրորդը, նավահանգստով են միջազգային շուկաներ մատակարարվում նաև նավթ, մետաղներ և այլ բեռներ։

