Բաժիններ՝

«ԵՊՏՀ-ից այս պահին դուրս է մնացել 78 դասախոս». Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ խոսակցությունները, թե իբրև համալսարանից մոտավորապես 200 դասախոս պետք է կրճատվի՝ մանիպուլյացիա է։

«Տեղեկատվությունն աղճատված է ներկայացվում, մասնավորապես՝ մրցույթին մասնակցած դասախոսներից 58-ը չեն ստացել մրցութային հանձնաժողովի երաշխավորությունը, ևս 20-ն հոգի էլ չեն մասնակցել մրցույթին, այսինքն՝ այս պահին խոսքը վերաբերում է 78 հոգու։ Այս ամենին զուգահեռ՝ եղել է համալրում, շուրջ 100 դասախոս սեպտեմբերի 1-ից կդասավանդի այստեղ»,- ասաց նա։

Նրա բնորոշմամբ՝ նման կեղծ տեղեկատվություն են տարածում՝ նպատակ ունենալով հասարակության մեջ առաջացնել ցնցումներ, որպեսզի մրցույթի անցկացման կարգը կասեցվի, իսկ այն կասեցնելու համար պետք է լինեն իրական, այլ ոչ թե կեղծ հիմքեր։
Անդրադառնալով իր կենսագրականի շուրջ բարձրացրած աղմուկին և համալսարանի դասախոս Գագիկ Շահնազարյանի այն պնդմանը, որ ռեկտորի պաշտոնին հավակնելու համար կեղծել է իր ինքնակենսագրականը, նա նշեց, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

«Մեր հարգելի գործընկերն անգամ չի պատկերացնում, որ ինքնակենսագրականով նախարարությունը չի կարող նշանակումներ կատարել, սրա հետ կապված՝ հազար ու մի բան կա, հատկապես՝ իմ հինգ տարվա աշխատանքային ստաժի միջոցով ես նշանակվել եմ ՊՈԱԿ-ի տնօրեն, այսինքն՝ բավարարել եմ պաշտոնի պահանջին։ Այստեղ հասկանալի է, թե մեր գործընկերն ինչու է նման գործողություն իրականացնում»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը։

Կարդացեք նաև

Նա նաև տեղեկացրեց, որ իրեն գրագող անվանելու և իր դեմ այլ գործընթացներ իրականացնելու համար խորհրդակցել է փաստաբանների հետ՝ դատական հայց ներկայացնելու համար։

Ըստ նրա՝ մեկ ամիս առաջ ուսանողներից մեկից բողոք են ստացել կապված Գագիկ Շահնազարյանի հետ՝ նշելով, որ վերջինս չի հետևում էթիկայի կանոններին և քննության ժամանակ խաչապուրի է  ուտում։

«Նա այն դասախոսներից է, որի պայմանագիրն ավարտվում է սեպտեմբերին, անկեղծ չգիտեմ՝ նա մասնակցե՞լ է թափուր տեղերի համար մրցույթին, թե՞ ոչ։ Այս բոլոր գործողությունների դիվերսիոն տրամաբանությունից կարող եմ ենթադրել, որ նա կա՛մ չի մասնակցել, կա՛մ չի անցել։ Մեր ամենաակտիվ դժգոհող գործընկերներից մեկն ունեցել է ռեկտոր դառնալու երազանք, ի տարբերություն ինձ, որ մատս մատիս չեմ տվել այս պաշտոնը զբաղեցնելու համար»,- ընդգծեց նա։

Թե ո՞վ է եղել ռեկտորի պաշտոնի համար պայքարող դասախոսը, ԵՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարն ասաց, որ նրա անունի հրապարակումն իր կողմից էթիկապես ճիշտ չէ, այս պատճառով էլ անուններ չի կարող տալ։

Հարցին, թե ինչո՞ւ դրսում հավաքված դասախոսներին ներս չեն թողնում, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց, որ՝ տեսնելով նրանց աղմուկը, զգուշացրել է, որ հանդիպում է լրագրողների հետ, իսկ դասախոսները կարող են իր հետ հանդիպել ամեն երեքշաբթի։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս