«Այ ախպեր ջան, մենք ի՞նչ գործ ունենք Նիգերիայի և Ուգանդայի հետ. 1000-ից ավելի մարդ կկորցնի աշխատանքը». Նարգիլեի բիզնեսով զբաղվողները դեմ են օրենքի նոր նախագծին
«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծին շարունակում են դեմ արտահայտվել Հայաստանում նարգիլեի բիզնեսով զբաղվողները: Նրանց խոսքով՝ նախագիծը թերի է:
«Կառավարությունում դեռ քննարկում չի եղել, քանի որ նախագիծը դեռ Առողջապահության նախարարությունում է: Վարչապետին ուղղված նամակ ենք հանձնել՝ նշելով, որ օրենքի նախագիծը թերի է, նման միջազգային պրակտիկա չկա, հանրային քննարկում չի եղել, ու խնդրել ենք, որ նախագիծը հաստատվի միայն մեզ հետ քննարկումներից հետո»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նարգիլեի բիզնեսով զբաղվողներից Ժորա Փանոսյանը:
Նա ընդգծեց, որ իրենք առաջարկում են նախագիծը վերանայել, նարգիլեն առանձնացնել ծխախոտից, ինչպես նաև նարգիլե թույլատրեն ծխել հատուկ վայրերում:
«Կան արևելյան և միջինասիական մշակույթը ներկայացնող վայրեր, ուղղակի ծիծաղելի կլինի, որ մարդը գնա արևելյան ռեստորան ու տեսնի՝ այնտեղ նարգիլե չկա: Ուրիշ բան է, որ նարգիլե չլինի իտալական, ֆրանսիական խոհանոցում: Նմանատիպ հասարակական վայրերում թող արգելեն»,- նշեց Ժորա Փանոսյանը:
Ինչ վերաբերում է առողջության համար վնասակար լինելուն՝ նկատեց.
«Եթե այդպես նայենք՝ գազավորված ըմպելիքներն էլ են վնաս, ալկոհոլային խմիչքներն էլ, անգամ գենետիկորեն մոդիֆիկացված միրգն ու բանջարեղենն են վնաս, դե եկեք՝ ինչը վնաս է, արգելենք: Մի օրինակ բերեմ. մայրաքաղաքային աղցանը, խոզի միսը միաժամանակ ուտելը, օղին ու Կոկա-կոլան խմելն ավելի վտանգավոր են, քան նարգիլե ծխելը: Ինչ-որ երկրների օրինակներ են բերում, ասում են՝ Ուգանդայում ու Նիգերիայում արգելված է նարգիլեն:
Ա՛յ ախպեր ջան, մենք ի՞նչ գործ ունենք Նիգերիայի և Ուգանդայի հետ, ինչքանո՞վ ենք նման այդ երկրներին, որ ասում եք՝ գնացել, հետազոտություն ենք արել: Այդ երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մակարդակը շատ բարձր է, կարող է, նարգիլեից բացի, այլ բաներ էլ արգելեն: Այստեղ մի խնդիր էլ կա. իրենք արգելում են շահագործումը, բայց ինչպե՞ս են սահմանափակում սպառումը, երբ որ ներմուծման ու արտադրման վրա չեն ազդում, թողնում են օրինական ճանապարհով արտադրեն ու վաճառեն: Բա ինչո՞ւ այդտեղից չեն սկսում: Ինչո՞ւ չեն ասում՝ էլ ծխախոտ չներմուծեք:
Այսինքն, եթե թողնում ես մարդը ծխախոտն առնի, ապա ինչո՞ւ չես թողնում ծխի: 2004 թվականից ՀՀ-ում օրենք է գործում այն մասին, որ անչափահասներին չի կարելի ծխախոտ կամ նարգիլե մատուցել: Եթե ասում են, որ անընդհատ այս օրենքով զբաղվել են, 15 տարի է՝ ո՞ւր էին, երբ երեխաներին ամեն խանութում ծխախոտ էին վաճառում, երեխաները դպրոցի զուգարաններում ծխում էին: Կարող են՝ թող բացատրական աշխատանքներ տանեն դպրոցներում, ամեն 4-րդ տղայի գրպանում ծխախոտ կա:
Մենք հետևում ենք ամեն ինչին, դրա համար կա առողջ մրցակցություն: Այսինքն, եթե հասուն մարդը մտներ իմ սրահ ու տեսներ՝ լրիվ անչափահասներ են նստած, պարզ է, որ էլ չէր գա: Մենք որոշել ենք, որ երեխաներին չենք թողնում, չեմ բացառում, որ կան տեղեր, որտեղ նրանց թողնում են: Թող գնան նմաններին տուգանեն, լիցենզիայից զրկեն, ինչ ուզում են՝ անեն: Game Zone է, բայց երբեմն նարգիլե են ծխում: Եթե նախագիծն ընդունվի՝ 1000-ից ավելի մարդ կկորցնի աշխատանքը»:
Հիշեցնենք, որ 2017 թվականի վերջին ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել էր «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը։ Օրինագծի համաձայն` առաջարկվում է արգելել ծխախոտային արտադրատեսակների, դրանց անալոգների և ծխախոտանյութի փոխարինիչի (այդ թվում` նարգիլեի) օգտագործումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների տարածքներում, նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների տարածքներում, մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում, մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում, հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ, բնության հատուկ պահպանվող տարածքներում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկների, պետական առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձանց գործունեության տարածքներում, տրանսպորտում (ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտ, երկաթուղային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն), տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում, օդանավակայաններում (բացառությամբ ծխելու համար հատկացված տարածքների), ճոպանուղիների տարածքներում, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում, ավտոկայաններում, hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները), բազմաբնակարան շենքերի վերելակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում, հակահրդեհային կանոններով նախատեսված տարածքներում, շենքերում, շինություններում տեղակայված աշխատանքային գործունեության համար նախատեսված տարածքներում, խաղատներում, առևտրի և զվարճանքի օբյեկտներում:
Անի Կարապետյան