Հայաստան վերադառնալու դեպքում Վանո Սիրադեղյանը չի դատապարտվի ցմահ ազատազրկման. դատախազություն
Վանո Սիրադեղյանը շարունակում է գտնվել հետախուզման մեջ։ Այս մասին 168․am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ դատախազությունից։
«Վանո Սմբատի Սիրադեղյանը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով 2000 թվականի ապրիլի 3-ի որոշման հիման վրա գտնվում է հետախուզման մեջ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»,- նշվում է Դատախազության պատասխանում:
Նշենք, որ Վանո Սիրադեղյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 1-ին մասով, 38-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 38-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ և 15-րդ կետերով, 38-34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ և 15-րդ կետերով, 38-34-104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով, 38-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 11-րդ և 15-րդ կետերով, 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 11-րդ և 15-րդ կետերով, 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 308 հոդվածի 1-ին մասով և 38-185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:
Այն հարցին, թե Վ. Սիրադեղյանի՝ ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալու դեպքում ի՞նչ իրավական ընթացակարգեր են նախատեսվում, և արդյոք կիրառելի՞ են վաղեմության ժամկետները՝ Դատախազությունից պատասխանել են․ «ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը:
Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձին ազատել քրեական պատասխանատվությունից, ապա ցմահ ազատազրկում չի կիրառվում: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ է սահմանված ազատազրկում՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում»:
Մենք փաստաբան Նորայր Նորիկյանից հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով, որ նախկինում բազմիցս նշվել է, որ վաղեմության ժամկետները Վ․ Սիրադեղյանի նկատմամբ կկիրառվեն քաղաքական կամքի առկայության դեպքում՝ ինչքանո՞վ է նա հավանական համարում, որ այս փոփոխված քաղաքական իրավիճակում կդրսևորվի այդ քաղաքական կամքը։
Ի պատասխան՝ փաստաբանն ասաց, որ չի բացառում, որ կցուցաբերվի այդ քաղաքական կամքը․
«Կապրենք, կտեսնենք՝ ինչպիսի կամք կցուցաբերվի։ Բոլոր դեպքերում անկախ քաղաքական կամքի առկայությունից թե դրա բացակայությունից՝ Վանո Սիրադեղյանի և ընդհանրապես ցանկացած քրեական գործի հանգուցալուծում բացառապես պետք է իրականացվի ՀՀ գործող իրավական ընթացակարգի նորմերով։ Հակառակ պարագայում մենք կունենանք մի իրավիճակ, երբ ցանկացած իշխանություն երբ կգա իշխանության, ինքը կորոշի ՀՀ-ում արդարադատության իրականացման ընթացքը՝ խաթարելով բուն արդարադատության էությունը։
Հետևաբար, ես կարծում եմ, որ քաղաքական կամքի դրսևորումը մեկ այլ բան է, իրական արդարադատություն իրականացնելը բոլորովին այլ բան է։ Նոր Հայաստանի պայմաններում, բնականաբար, ես տեսնում եմ հիմքեր՝ Վանո Սիրադեղյանի հետ վերադառնալու և նրա նկատմամբ վաղեմության ժամկետների հիմքով քրեական պատժից ազատելու գործիքակազմի օգտագործման համար»։