«Ոնց որ ասեն՝ կնոջդ վերցրու, տուր ինձ». Գրականագետը՝ ռուսերենը Հայաստանում պետական լեզու դարձնելու առաջարկի մասին
«Բաներ կան, որ սակարկության, քննարկման ենթակա չեն, որովհետև բացարձակ արժեքներ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ խոսելով ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկի մասին:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի խոսնակն առաջարկել էր, որ Հայաստանի իշխանությունները երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրեն ռուսերեն լեզվին:
Դ. Գասպարյանը նկատեց, որ անգամ խորհրդային շրջանում Հայաստանի պետական լեզուն հայերենն էր, ռուսերենը համապետական էր: Նա ՌԴ Պետդումայի խոսնակի առաջարկը բռնության ձև է համարում. «Ի՞նչ եք ուզում, ա՛յ մարդ, մի լեզու է մնացել, էդ էլ խլեք, տակն ի՞նչ է մնալու: Ամեն ինչ պետք է անենք՝ պահպանելու համար, և նաև այնպես պետք է անենք, որ այդ հարցը քննարկման ենթակա չլինի»:
Դ. Գասպարյանը նշեց, որ ինքն ամենևին նկատի չունի, որ հայերը ռուսերեն չպետք է իմանան: Ըստ նրա՝ հայերը պետք է շատ լեզուներ իմանան, այդ թվում նաև` ռուսերեն, բայց չպետք է խոսք լինի այլ լեզուն պետական դարձնելու մասին:
«Ռուսաստանում 4-5 միլիոն հայ կլինի, պետք է կարողանանք այնտեղ պահպանել լեզուն»,- կարծում է Դ. Գասպարյանը:
Գրականագետի դիտարկմամբ՝ Ռուսաստանը ողբում է, որ կորցրեց Խորհրդային Միությունը. «Ռուսաստանը մեծ ողբի մեջ է, ամեն ինչ անում է, որ վերականգնի Խորհրդային Միությունը, այդ վերականգնման ձևերից մեկը ԵԱՏՄ-ն է, էնտեղ էլ ուզում են ընդհանուր դարձնել լեզուն, փոխանակ տնտեսության մասին մտածեն: Բարեկրթությունից ենք խոսում, քաղաքական բարեկրթություն էլ կա, էդպիսի առաջա՞րկ են անում, ոնց որ ասեն՝ կնոջդ վերցրու, տուր ինձ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: