Իշխանությունը կրկին խաբեց նաիրիտցիներին
«Նաիրիտ» գործարանում անհասկանալի իրավիճակ է: Եթե մի կողմ թողնենք այն փաստը, որ Սերժ Սարգսյանի կարգադրությունը՝ մինչև հուլիսի 15-ը մարել կուտակված աշխատավարձի ողջ պարտքը, այդպես էլ չկատարվեց, և գումարը չփոխանցվեց, տարօրինակն այն է, թե կառավարությունն ինչ պայմաններ է առաջադրում նաիրիտցիներին և որ ձեռնարկության միջոցով է պատրաստվում մարել պարտքը:
Այսօր գործարանի մոտ բավականին շատ նաիրիտցիներ էին հավաքվել: 168.am-ի հետ զրույցում Սամվել Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրենք հայտարարել են, որ պարտք ու պահանջ չունեն մայր գումարի մարումից հետո և պատրաստ են հրաժարվել ուշացման համար նախատեսվող տույժերից, պետք է այդ մասին միասնական ստորագրեին համաձայնագիրը և պահանջել են՝ բոլոր նաիրիտցիներին միանգամից վճարել աշխատավարձը: Այդ կերպ, ըստ Ս. Հովհաննիսյանի, հնարավոր կլիներ խուսափել անախորժություններից: Սակայն, մեր զրուցակցի խոսքով, գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Սաղաթելյանը կառավարությունում հանդիպումից հետո իրենց տեղեկացրել է, որ վիճակահանություն պետք է լինի, և գումարը պետք է փուլ առ փուլ փոխանցվի:
Ս. Հովհաննիսյանի խոսքով՝ եթե կառավարությունն առաջ չքաշեր խնդրի «փուլային լուծման» տարբերակը, ապա կարող էին համաձայնագրերի ստորագրման ու գումարի փոխանցման ամբողջ գործընթացն ավարտել մոտ 10 օրում: Մինչդեռ այդ «փուլային» տարբերակը վիճաբանություն է առաջացրել նաիրիտցիների շրջանում, թե ով պետք է առաջինը ստորագրի ու ստանա: Ի վերջո, ըստ Ս. Հովհաննիսյանի, համակարգող խումբը որոշել է, որ բոլորը միասին պետք է ստանան գումարը, ու պահանջել են, որ Սաղաթելյանը ևս մեկ անգամ գնա կառավարություն ու այդ մասին համաձայնություն ձեռք բերի: Գործարանի ղեկավարը հրաժարվել է բավարարել նախկին աշխատակիցների պահանջը:
«Եթե գումարը կա, ու կառավարությունն իր խոստման համաձայն՝ պատրաստ է մարել պարտքը, ապա ինչո՞ւ է մաս-մաս վճարելու: Սա կասկածի տեղիք է տալիս: Ժողովուրդն անհանգստացած է, որ սկզբում մի մասը կստանա, իսկ մյուսները չեն ստանա: Եվ հետո, եթե գումարը լիներ՝ կտային»,- ասաց Ս. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վաղը կառավարության մոտ անժամկետ ակցիայի ժամանակ նաիրիտցիները պատասխան են պահանջելու՝ ինչո՞ւ դրժեցին խոսքը: «Խոստացել էին մինչև ամսի 15-ը մարել, բայց 14-ին ինչ-որ դիմումի ձև է ի հայտ գալիս, որ մարդիկ տույժերի նկատմամբ պահանջ չունեն և դատարան չեն դիմի «Նաիրիտի» դեմ: Սա մտածելու տեղիք է տալիս»:
Երկրորդ ուշագրավ ու խիստ տարօրինակ նորույթն այն է, որ նաիրիտցիների դիմումները պետք է մակագրի ոչ թե Ռ.Սաղաթելյանը՝ գործարանի ներկայիս ղեկավարը, այլ «Նաիրիտ 2»-ի տնօրեն Գագիկ Հակոբյանը: Ս. Հովհաննիսյանը նշեց, որ այս հանգամանքին հստակ պարզաբանում իրենց չի տրվել, գուցե գործարանում տարիներ առաջ տեղի ունեցած հրդեհի հետ է կապված, գուցե Միջպետական բանկի, որի վերաբերյալ Մոսկվայից վերադարձած Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ԱՊՀ Միջպետական բանկին պետք է փոխանցվի «Նաիրիտ 2»-ի բաժնեմասը՝ «Նաիրիտ գործարանի» գրավադրված բաժնետոմսերի դիմաց: Այս ներքին խոհանոցն անհասկանալի է: Փաստն այն է, որ ՀՀ իշխանությունը ևս մեկ անգամ խաբեց նաիրիտցիներին:
«Նաիրիտ 2»-ի տնօրեն Գագիկ Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում միանգամայն բնական համարեց, որ պետք է իր ղեկավարած կառույցը ներգրավվեր այս գործում, և 100% պետական «Նաիրիտ 2»-ի միջոցով պետք է մարվի մասնավոր գործարանի աշխատակիցների պարտքը: «Նույն համակարգի հիմնարկ է, ի՞նչ տարբերություն: Գնային ուրիշ համակարգի հիմնարկ վերցնեի՞ն, էներգետիկ համակարգի հիմնարկ է, նպատակը միայն դա է»,- ասաց նա:
Գ.Հակոբյանը նշեց, որ «Նաիրիտ 2»-ը պետական հիմնարկ է, պետության կողմից է հանդես գալիս. «Եթե պետությունը պետք է տա, այդ գործընթացն անում է «Նաիրիտ 2»-ը, բայց միջոցները փոխանցում է կառավարությունը»:
Անդրադառնալով ժամկետներին՝ Գ.Հակոբյանը նշեց, թե խոստացել էին մինչև ամսի 15-ը վճարել, բայց մի քիչ ուշանում է. «Վաղը-մյուս օրն աշխատում են այդ գործընթացների վրա: Այս երկու օրը չի ավարտվի, ընդամենը կսկսվի փուլերով վճարվել»: Նա նաև դժվարացավ նշել, թե երբ կավարտվի վճարման գործընթացը՝ պատճառաբանելով, որ «Նաիրիտ 2»-ն ընդամենը գործընթացն իրականացնողն է: