«Սա Հայաստանին շնչելու, վերջապես ստրատեգիական նշանակություն ստանալու առիթ է տալիս». Լևոն Շիրինյան

Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցություններն ապրիլի 2-ին ավարտվեցին շրջանակային համաձայնագրի կնքմամբ, որը նախատեսում է Իրանի միջուկային ծրագրի ծավալների կրճատում՝ միջազգային պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց:

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանը խոսելով այս մասին՝ կարծիք հայտնեց, որ եթե այդ նախագիծն իրականանա, ոմանք, ամենագլխավորը՝ Իսրայելը և Իսրայելի աշխարհաքաղաքական ազդեցության գործակալները՝ նաև Հայաստանում, մեծ պարտություն կկրեն, որովհետև ըստ քաղաքագետի՝ այս աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակն արմատապես կփոխվի. «Դրա համար արդեն հզոր հակաքարոզչություն էլ կա: Բայց ինձ թվում է, որ գործն առաջ կգնա, որովհետև Միացյալ Նահանգները շատ ընդգծված, էվոլյուցիոն ձևով Իրանի հետ գնում է երկխոսության»: Քաղաքագետի խոսքով՝ սա եզակի դեպքերից  է, որ Ռուսաստանի տարաձայնություններն Իրանի հետ շատ սրությամբ չեն արտահայտվում: «Իհարկե, նավթի և այլ հարցերով հակասություններ կլինեն, բայց ինձ թվում է՝ շատ մեծ հակադրություն այս երկու խոշոր տերությունների միջև չի լինի, և Հայաստանի համար կբացվեն զարգացման նոր հեռանկարներ՝ արդյունաբերության վերականգնման համար:  Սա Հայաստանին շնչելու, վերջապես ստրատեգիական նշանակություն ստանալու առիթ է տալիս»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ սա Ռուսաստանի դեմ ուղղված քայլ էր, քաղաքագետը չհամաձայնեց. «Ռուսաստանի դեմ ոչ մի բան էլ չկա, ես կարծում եմ, որ մենք պետք է ռուսներին ասենք հետևյալը՝ իրենք ինչքան աշխատեն թուրքական գործոնը թուլացնել, ուրեմն՝ իրենց հաջողությունն է: Այս պարագայում Ռուսաստանին ձեռնտու է, որովհետև ի տարբերություն դարասկզբի՝ Թուրքիան ազգբնակչությամբ դառնում է Ռուսաստանի կեսը, Արևմուտքից տեխնոլոգիաներով զինվում է, և դարձել է Ռուսաստանի իսկական մրցակիցը Ղրիմում: Քաղաքականության մեջ անընդհատ պարտադիր չէ գնալ եղած ճանապարհով, այլ նաև սեփական նախագծեր պետք է ունենալ և աշխատել գիշեր-ցերեկ: Այսինքն՝ սա համաշխարհային այնպիսի նախագիծ է, որը կարող է հաջողություն ունենալ: Մենք այստեղ մի բան ունենք անելու, մենք պետքէ գիշեր-ցերեկ աշխատենք»:

Հարցին՝ Հայաստանը տնտեսապես ի՞նչ կշահի դրանից, Լ. Շիրինյանը պատասխանեց, որ Իրանը պոտենցիալով հզոր արդյունաբերական բազա ունի. «Լայնորեն կարող ենք համագործակցել՝ ֆիզիկա, միջուկային էներգետիկա, նավթարդյունաբերություն: Հայաստանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, որի վերջը տալիս են, կարող է լայնորեն սպասարկել, ինժեներական գործի իմաստով՝ նաև Իրանի արդյունաբերության վերականգնմանը, սա շատ մեծ հնարավորություն է»: Լ. Շիրինյանը կարծում է՝ մենք պետք է մաղթենք, որ այս գործը հաջողություն ունենա. «Հայաստանը կվերագտնի իրեն տարածքապես, տնտեսապես և հզորության մեջ, ռուսներին էլ պետք է բացատրել, որ խանդոտ լինել շատ պետք չի, դու մեր պապան չես»: Հարցին՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելով՝ մեր և Իրանի համագործակցությունը կարո՞ղ է այնպես չզարգանալ, ինչպես պետք է, քաղաքագետը պատասխանեց, որ ինքն այդպես չի կարծում. «Հակառակը՝ կլավանա, Ռուսաստանը և ԵՏՄ-ն շահագրգիռ են Իրանի հետ համագործակցությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս