Հայ-ոուսական խորհրդարանական բարեկամության ակումբի ղեկավար. Ակումբը երբևէ չի՛ խախտել «ՀՀ լեզվի մասին» օրենքը
Հայ-ոուսական խորհրդարանական բարեկամության ակումբի ղեկավարությունը շարունակում է հանդիպումների շարքը՝ այս անգամ իր լսարանը տրամադրելով ՌԴ Պետդումայի պատգամավորներին: Միջոցառման մանրամասների և կազմակերպչական մի շարք խնդիրների շուրջ, որոնք աղմուկի առիթ հանդիսացան հատկապես Կիսելյովյան հայտնի հանդիպումից հետո, անդրադարձել է ակումբի ղեկավար Արգինե Թումանյանը.
– Ի՞նչ շրջանակներում և ինչ թեմայի շուրջ է հրավիրվելու առաջիկա միջոցառումը. կխնդրեիք մանրամասնեիք.
– Նախ ասեմ, որ սա հայ-ռուսական խորհրդարանական ակումբի վեցերորդ նիստն է, որը տեղի կունենա Ազգային ժողովում հունիսի 23-ին: Կլոր սեղանի թեման է «Եվրասիական տնտեսական միությունը. առավելություններն ու հեռանկարները»: Հրավիրվածների թվում են՝ ՌԴ պետդումայի Դաշնային ժողովի պատգամավորներ՝ ԱՊՀ-ի Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Վասիլի Լիխաչովը, ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Բորիս Ռեզնիկը, ինչպես նաև` Օլեգ Վելիկորեդչանինը, ով Եվրասիական գործարար խորհրդի գործադիր տնօրենն է, Միխայիլ Դեմիդենկոն՝ Ինտեգրատիվ հետազոտությունների կենտրոնի Եվրասիական զարգացման բանկի ղեկավարը, և այլոք: Ակնկալում ենք ակտիվ քննարկում և խնդիրների բարձրացում մասնակիցների կողմից:
– Իսկ հայկական կողմից ովքե՞ր են հրավիրված, նախորդ նիստի նման սակավաթի՞վ է լինելու հատկապես ոչ իշխանական թևի ներկայացուցիչների մասնակցությունը, թե՞…
– Թույլ տվեք չհամաձայնել հնչող մեղադրանքի հետ. հանդիպման մասին տեղեկատվությունը տարածված է ԶԼՄ-ներով, ինչպես նաև տեղադրված է ԱԺ կայքում: Այս հանդիպմանը, ինչպես և նախորդին, նախատեսված է թեմայով բոլոր հետաքրքրվողների ներկայությունը թե’ պատգամավորների շարքերից, թե’ փորձագիտական շրջանակներից, այդ թվում՝ ԵՊՀ ուսանողներ, դասախոսներ, Ազգային գրադարանի և Գիտությունների ակադեմիայի աշխատակազմի անդամներ, փորձագետներ, ինչպես նաև՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ձեր հարցի տողատակը հասկանալով` նշեմ նաև, որ նախորդ հանդիպմանը ևս հրավիրված են եղել ակումբի անդամներ տարբեր քաղաքական ուժերից, այդ թվում` ոչ իշխանականներից, օրինակ՝ ԲՀԿ-ի և Դաշնակցության ներկայացուցիչները:
– Լավ, իսկ շփումը հյուրերի հետ ո՞ր լեզվով է նախատեսվում: Արդյո՞ք ակումբը հրավիրելու է թարգմանիչ, որպեսզի խուսափի նախորդ հանդիպման շահարկումներից:
– Թարգմանիչ ակումբում մշտապես ներկա է եղել և՛ նախորդ բոլոր հանդիպումներին, և՛ լինելու է նաև այս հանդիպմանը: Այս առումով շահարկումներն իսկապես անհիմն են, քանի որ հայ-ռուսական բարեկամության ակումբը երբևէ չի՛ խախտել «ՀՀ Լեզվի մասին» օրենքը: Բայց քանի որ, ակումբը գործում է ոչ ֆորմալ սկզբունքով, թարգմանչի ծառայություններից օգտվելու հնարավորությունը թողնվում է մասնակիցների հայեցողությանը, ու քանի որ ակումբում ընթացող քննարկումները, որպես կանոն, բավական ակտիվ են ընթանում, մասնակիցները զրույցի դինամիկան չխախտելու համար պարզապես չեն օգտվել թարգմանչի ծառայություններից: Սա՛ է ամբողջը: