ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՂԹԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. Ո՞Վ ԿՀԱՂԹԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ԵԹԵ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՆ՝ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇԱՆՍԸ ԿՄԵԾԱՆԱ. ԱՐՄԵՆ ԽԱՉԻԿՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ (ISA), Քաղաքական սոցիոլոգիայի հետազոտական կոմիտեի անդամ, Եվրոպական սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ, «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանն է։

Մարտի 6-ին հրապարակվեցին ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի կողմից հրապարակված հարցման արդյունքները՝ 81 էջանոց փաստաթուղթ: Տվյալները հավաքվել են 2026 թվականի փետրվարի 3-13-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով։ Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած՝ տարիքային երեք խմբեր ընդգրկող 1 506 ՀՀ քաղաքացիներից։

Դրանցով գնահատվել է տարբեր ոլորտներում իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը, հանրության տրամադրությունները, քաղաքական նախընտրանքները, և այլն: Ըստ այդմ՝ վստահության ամենաբարձր մակարդակն ունեցող կառույցների եռյակն է՝ զինված ուժեր, Հայ Առաքելական եկեղեցի, մարզպետարաններ։

Հարցվածները, օրինակ, նաև պատասխանել են՝ արդյոք Հայաստանը ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ է շարժվում հարցին։ Եթե 2018-ի հետհեղափոխական շրջանում բնակչության 73%-ը կարծում էր, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում, ապա 2026-ի փետրվարի դրությամբ այդ կարծիքին է երկրի բնակչության 47%-ը։

Կարդացեք նաև

Քաղաքական դաշտի ուշադրության և քննարկումների կենտրոնում են հայտնվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցերը։

Ընդդիմությունը կասկածանքով է վերաբերվում Ազգային ժողովի ընտրություններից երեք ամիս առաջ հրապարակված Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման արդյունքներին, իսկ իշխանությունը էյֆորիայի մեջ է՝ ասես ընտրություններն ավարտվել են, ու արդեն հաղթել են: Իրականում ոչ իշխանությունը ուրախանալու պատճառ ունի, ոչ էլ ընդդիմությունը՝ տխրելու, վհատվելու:

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի կողմից հրապարակված հարցման արդյունքների և այլ հարցումների մասին սոցիոլոգ Արմեն Խաչիկյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Սոցիոլոգիան միայն սոցհարցումները չեն: Հանրային կարծիքը, որն արտահայտվել է սոցիոլոգիական հարցումներում, բոլորովին չի նշանակում, որ պետք է արտահայտվի ընտրություններում: Որպես կանոն, եթե հեռախոսային հարցում է արվել, որին պատասխանել է զանգվածների 20%-ը, արդյունքները չեն կարող արտահայտել ամբողջական պատկերը: Շատերը խուսափում են ասել՝ ում օգտին են քվեարկելու: Եթե, օրինակ, ինձ հարցնեն, ես չեմ ասի իմ քաղաքական նախընտրությունների մասին, ոչ թե՝ որ վախենում եմ, այլ՝ որովհետև դա անձնական տվյալ է ու կարող է օգտագործվել իմ դեմ:
  • Սոցհարցումն արվում է 1000-1500 մարդու մեջ: Այդ հարցման մեջ տոկոսային համադրությունները՝ կապված սեռի, մարզի, կրթական ցենզի ու այլ գործոնների հետ, պետք է պահպանվեն: Պետք է հաշվի առնվի No response ինդեքսը: Այս ամենով հանդերձ՝ ստացված պատկերը չի կարող նույնական լինել ընտրությունների արդյունքների հետ, որովհետև ընտրությունների ժամանակ մասնակցությունն այլ է: Այսինքն՝ ընտրանքն ու 1000-1500-անոց մի շերեփ բորշչը միշտ չեն արտացոլում իրական պատկերը:

  • Սոցիոլոգիան հուշում է, բայց չի պարտադրում: 
  • Թվերը կարելի է մեկնաբանել շատ տարբեր կերպ: Կարելի է ասել, որ Հայաստանում 30%-ն աջակցում է Փաշինյանին, և կարելի է ասել՝ 70%-ը չի աջակցում: Նույն IRI-ի հետազոտության մեջ կա թիվ, որը դուր չի գա իշխանության ներկայացուցիչներին, և որի մասին իրենք չեն խոսում
  • Ինչո՞ւ այս հետազոտությունը ուշ հրապարակվեց, ես չեմ կարող ասել:
  • Կա էլեկտորալ վարկանիշ և վստահության վարկանիշ: Դրանք տարբեր են: Օրինակ, Գագիկ Ծառուկյանի վարկանիշը բարձր է, բայց երբ հարցնում ես՝ ո՞ւմ կընտրես, նրան շատերը չեն տեսնում երկրի ղեկավարի պաշտոնում: Տարբեր հետազոտությունների արդյունքներով՝ հավաքական ընդդդիմադիր ուժերն ավելի բարձր էլեկտորալ վարկանիշ ունեն, քան Նիկոլ Փաշինյանը: Բայց, այդուհանդերձ, ոչ ոք չգիտի՝ հունիսի 7-ին հասարակությունը՝ որպես օրգանիզմ, այսպես ասած՝ ինչ ջերմություն, արյան ճնշում կամ այլ ցուցանիշներ կունենա… Այս պահին ճիշտ չէ հստակ ասել՝ ով կհաղթի: 
  • Այն մարդիկ, ովքեր չեն կողմնորոշվել, հիմա ավելի քիչ են: Մեկ տարի առաջ նրանց թիվը շատ ավելի բարձր էր՝ 60%, և սա լուրջ խթան է ու նշանակում է՝ ընդդիմությունն աշխատելու տեղ ունի: 
  • Ցավոք, ընդդիմությունը դեռևս չի պատկերացնում և չի գիտակցում հանրային ընդհանուր տրամադրությունները: Չկողմնորոշվածներն ամենաթիրախային սեգմենտը պետք է լինեն ընդդիմության համար: Եթե ընտրություններին 50-ի փոխարեն՝ մասնակցի 60%, այդ 10%-ը, ամենայն հավանականությամբ, իր ձայնը տալու է ընդդիմության օգտին, որովհետև իշխանության էլեկտորատը հստակ կողմնորոշված է: Ընդդիմությունն իր էլեկտորատը պետք է գտնի չկողմնորոշվածների շրջանում: Հատկապես երիտասարդների շրջանում բավականին բարձր է ապատիայի, քաղաքականությունից, 2018-ի հեղափոխությունից հիասթափության աստիճանը, որովհետև իրենց կարծիքով՝ հեղափոխությունը շատ լավ բան էր, մասնակցեցին, բայց արդյունքը վատ եղավ… Ընդդիմությունն այս սեգմենտի հետ շատ լուրջ պետք է աշխատի: Բացի դրանից, հասարակությունը հիասթափված է նաև տարատեսակ ձախողված ընդդիմադիր շարժումներից՝ Հայրենիքի փրկության, Դիմադրության և Սրբազան շարժումներից, որովհետև եկան, մասնակցեցին, սակայն արդյունքի չհասան… 
  • Հայաստանում որքան տարիքը բարձր է, էլեկտորալ ակտիվությունն այնքան մեծ է: Մեծ է նաև կանանց շրջանում:
  • Արցախի հարցը, որքան էլ որևէ քաղաքական ուժ փորձի փակել, փակված չի համարում մեր հանրության մեծամասնությունը: 2025թ. մեր սոցհարցման արդյունքով 90.1%-ը կարծում է, որ Արցախի կորուստը ժամանակավոր է, պետք է հզորացնենք բանակը և հետ բերենք կորցրածը: Արցախի կորուստը մեր հանրությունը չի մարսել և դեռ մի քանի տարի հաստատ չի մարսի: Ավելին, երիտասարդների շրջանում բացարձակ աջակցություն ունի արցախցիների՝ Արցախ վերադարձի ու Արցախի կարգավիճակի հարցը: Որքան Արցախի հարցը բերվի օրակարգ, այնքան իրենց համար օգտակար կլինի: Շուրջ 30.000 արցախցիներ արտագաղթեցին, Հայաստանում մնացած շուրջ 100.000 արցախցի, Արցախի կարոտը սրտում, սպասում է՝ երբ կգա մի քաղաքական ուժ ու իրենց կվերադարձնի իրենց տները:

  • TRIPP-ի հարցով 65%-ը չի հավատում դրա բերած խաղաղությանը: Խաղաղությունը բոլորիս երազանքն է, բայց մարդկանց մեծամասնությունը չի հավատում այդ տեսակ խաղաղությանը:
  • Եկեղեցու և հայոց բանակի վարկանիշը Հայաստանում միշտ եղել է ամենաբարձրը: Անգամ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո մեր ժողովուրդը բանակին վերաբերվում է իր զավակի պես, Եկեղեցուն՝ իր հոր պես: Իշխանությունների կողմից այսքան հարձակումներից, այսքան արշավից հետո Եկեղեցու վարկանիշը, մեկ է, մնում է շատ բարձր: Երիտասարդության միայն 3%-ն է եկեղեցուն բացասական վերաբերվում: Հակաեկեղեցական արշավի արդյունքում նույնիսկ եկեղեցու վարկանիշը չընկավ: Ընդհակառակը, մարդիկ ավելի լավ սկսեցին ճանաչել մեր եկեղեցականներին, եկեղեցական կանոնները, ավելի կապվեցին Մայր եկեղեցու հետ: Դեկտեմբերին, զգալով, որ հասարակությունը չի ընդունում եկեղեցու դեմ արշավը, իշխանությունը, տեսնելով, որ դա անդրադառնում է իր վարկանիշի վրա, բավականին խելամտորեն հետ քաշվեց, ու հիմա հարձակումներն առաջնային պլան չեն բերվում:
  • Z սերունդի (Generation Z (Gen Z)) մի խմբում Երևանում սովորող մարզաբնակ երիտասարդներին հարցրեցի՝ տեսե՞լ եք Արշակ սրբազանին իշխանությունների կողմից վերագրվող տեսանյութը, և պետք է ասեմ՝ նրանց դա առհասարակ չի հետաքրքրում, շատ նորմալ են նայում, որ մարդը կարող է անձնական կյանք ու զգացմունքներ ունենալ: 
  • Երիտասարդների շրջանում Փաշինյանն ավելի ցածր համակրանք ու աջակցություն ունի, քան միջին և բարձր տարիքի շրջանում:
  • Սամվել Կարապետյանի ֆենոմենը շատ զարմանալի էր: Գործարար ու բարերար մարդ, որը Հայաստանի քաղաքական կյանքում մասնակցություն չի ունեցել: Բայց հերիք է՝ ասեր՝ «մեր ձևով» պաշտպանելու եմ Եկեղեցուն, նրան կալանավորեցին, ու 2-3 ամսվա ընթացքում նրա վարկանիշն առաջ անցավ բոլոր քաղաքական ուժերից: Դա առաջին հերթին Եկեղեցուն աջակցելու արդյունքն էր, հիմա նրա գլխավորած «Ուժեղ Հայաստանը» բարձր վարկանիշով 2-րդ ուժն է Հայաստանի քաղաքական դաշտում: Ուստի, Արցախն ու Եկեղեցին շարունակում են մնալ Հայաստանի ազգաբնակչության գերակայությունը, և իրենց աջակցելը միշտ լինելու է օգտակար:

  • 2025թ. հունվար-փետրվարից սկսած՝ սկսեց աճել 2 արտաքին քաղաքական դերակատարների աջակցությունը Հայաստանում՝ ԱՄՆ և Ռուսաստան: Եվրամիության աջակցությունը, ընդհակառակը, նվազեց: Հիմա պատկերը գրեթե նույնն է: Իրանի գործոնն իր ազդեցությունը թողեց՝ կապված Սյունիքի վերաբերյալ նրա հայտարարությունների հետ:
  • Խաղաղությունը՝ որպես քաղաքական խոստում, լավագույնն է, բայց իմ կարծիքով՝ այս խաղաղությունը Հայաստանում աջակցություն չունի: Դա են ցույց տալիս հարցման արդյունքները:
  • Որքան մարդկանց տարիքը բարձր է, այնքան նրանք մեդիագրագետ չեն, քաղաքական քարոզչությանը զոհ են գնում, քաղաքականապես ակտիվ են ու էլեկտորալ ակտիվություն են ցուցաբերում, ուստի արդյունք գրանցելու համար ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է աշխատեն երիտասարդների, հատկապես՝ 30-35 տարեկանների հետ:
  • Հայաստանի բնակչության համար Ադրբեջանը շարունակում է բացահայտորեն որպես թշնամի ընկալվել:
  • Շուրջ 5000 զոհերը, որ մենք ունեցել ենք 44-օրյա պատերազմում, չէին կարող ազդեցություն չունենալ մարդկանց հոգեբանության վրա, և երբեմն անգամ ադրբեջանցիների ագրեսիայի հետ առնչված մարդիկ են ասում՝ դե միգուցե փոխվել են, մեղք են մեր երեխեքը, էլ չզոհենք… Եվ դա բնական է, որևէ մեկը պատերազմ չի ուզում:
  • Ակնհայտ է, որ ընդդիմության մեջ ամենաբարձր էլեկտորալ վարկանիշն ունի Սամվել Կարապետյանը: 2-րդը Գագիկ Ծառուկյանի ուժն է, 3-րդ և 4-րդ ուժերը Վարդան Ղուկասյանի ղեկավարած ԴՕԿ-ն է և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը: Ընտրություններում մեծ խնդիր է ձայների փոշիացման հարցը, ուստի լավագույն տարբերակը կլիներ ընդդիմության՝ միասնական ճակատով հանդես գալը: 2021թ. ընտրություններին մասնակցել է 26 ուժ, և ակնհայտ է, որ 20-ը փոշիացրել է ձայները: Այդ վտանգն այսօր էլ կա:

  • Կանանց հորդորում եմ մասնակցել քաղաքական գործընթացներին: Դա շատ դրական արդյունք կարող է ունենալ: 
  • Հավանաբար ընտրությունները կունենան այլ «վիրահատական» միջամտություններ: Նիկոլ Փաշինյանը հավանաբար կփորձի իրավական մեխանիզմներով զսպել Սամվել Կարապետյանի ուժին՝ թույլ չտալ մասնակցել… 
  • Ընդդիմությունը պետք է հասկանա՝ այս ընտրությունները չեն ընթանալու նախորդ ընտրությունների լոգիկայով: Լինելու են շատ ավելի բիրտ միջամտություններ: Սահմանադրական մեծամասնություն ունեցող իշխանությունից դժվար է սպասել, որ ընտրություններով կբացի իր դռներն ընդդիմության առաջ:
  • Ժամանակակից աշխարհում անտիռեյտինգը հետ բերելը գրեթե անհնար է: Այն, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը կորցնելուց հետո ունենալու է ամենաբարձր անտիռեյտինգը, ակնհայտ է:
  • Z սերունդը 11-28 տարեկաններն են, ովքեր իրենց ծննդյան օրվանից սմարթֆոններով, գաջեթներով են ճանաչում աշխարհը: Նրանք շատ բաների վրա թքած ունեն, մտածողությամբ շատ ավելի ինդիվիդուալիստ են, քան կոլեկտիվ, ավելի մատերիալիստ են, քան իդեալիստ, ավելի շուտ չեն մասնակցելու ընտրություններին, քան մասնակցելու են, բայց միևնույն է, հայրենասեր են և եկեղեցասեր: Ավելի լավ Հայաստան կերտելու մեծ պոտենցիալ ունեն:

  • Ընդդիմությունը քաղաքական քարոզչության գործիքակազմը պետք է ավելի պարզեցնի, չանի այնպիսի քարոզչություն, ինչպիսին անում էին 1990-ականներին, և, եթե չունի 4% ձայն, ապա պետք է չմասնակցի ընտրություններին: 
  • Կարծում եմ՝ այսօր ՀՀԿ-ն ընտրություններին չմասնակցելու իր դիրքորոշմամբ գնում է ճիշտ ճանապարհով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս