«Արարատն էլ, Արագածն էլ, Խուստուփն էլ, Իշխանասարն էլ, Մայր Աթոռն էլ, Դադիվանքն էլ մերն են, ՄԵՐԸ». Աննա Գրիգորյան

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Հայաստան» դաշինքի համագումարում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց՝ դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։

Նա հայտարարեց, որ առաջիկա ընտրությունները տնտեսական ծրագրերի կամ լավ սոցիալական խոստումների մասին չեն միայն։

«Այս ընտրություններում հայ ժողովուրդը կանգնած է շատ ավելի խորքային ընտրության առաջ՝ սեփական անցյալը չուրացող և ինքնությունը պահպանող ինքնիշխան Հայաստա՞ն, թե՞ «Արևմտյան Ադրբեջան», որտեղ մեզ կստիպեն փոխել մեր Սահմանադրությունը և քանդել մեր ինքնության հիմնասյուները։

Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդն ընտրելու է Հայաստանը, այն Հայաստանը, որտեղ պարտությունը դատավճիռ չէ, այն Հայաստանը, որտեղ մեզ ոչ ոք չի կարող պարտադրել փոխելու Սահմանադրությունը, ոտնատակ տալու Անկախության հռչակագիրը»,- նշեց Աննա Գրիգորյանը։

Կարդացեք նաև

Աննա Գրիգորյանը նշեց, որ հազարամյակների պատմության ընթացքում շատ կորուստներ են եղել, բայց պահպանելով սեփական ինքնությունը, ողնաշարը՝ կարողացել են վերականգնել պետականությունը:

«Ինքնությունը մեր պետության վերջին սահմանն է, մեր վերջին խրամատը: Եթե այսօր զիջենք մեր հոգևոր սահմանները, մեր ինքնության սահմանները, վաղը չենք կարողանալու պահել մեր պետության ֆիզիկական սահմանները: Ժողովուրդը, որը կորցնում է իր ինքնությունը, վաղ թե ուշ կորցնում է նաև իր պետությունը։

Ուստի ես՝ որպես ոչ միայն Ազգային ժողովի պատգամավոր, այլ նաև որպես նորանկախ Հայաստանի զավակ՝ ասում եմ.

Թույլ չենք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը,

Թույլ չենք տալու որևէ մեկին հակադրության ﬔջ դնել Արարատն ու Արագածը։

Արարատն էլ, Արագածն էլ, Խուստուփն էլ, Իշխանասարն էլ, Աժդահակն էլ ﬔրն են, մե՛րը, ﬔր ինքնության տարբեր գագաթները:

Ինչպես մերն են և՛ Մայր Աթոռը, և՛ Դադիվանքը, և՛ Ամարասը, և՛ Տաթևը, և՛ Վահանավանքը, և՛ Սուրբ Ղազանչեցոցը, և՛ Խոր Վիրապը, և՛ Գանձասարը։

Եվ սա սադրանք չէ, ինչպես որոշ վախկոտներ կասեին, և ոչ էլ պատերազմի կոչ, այլ տիրոջ իրավունքն է սեփական ժառանգության նկատմամբ:

Մենք մեր ինքնությունը չենք զիջելու, չենք փոխանակելու անկայուն զինադադարի հետ:

Ես ուզում եմ, որ իմ որդին և նրա սերնդակիցները հիշեն՝ իրենց նախնիներն այս տարածաշրջանում քաղաքակրթություն են կերտել, Սարդարապատ են հաղթել, Արցախյան հերոսամարտ են կերտել և չպետք է համակերպվեն այսօր պարտադրվող այն թեզի հետ, որ մենք այլևս գործոն չենք, որ մեր միակ փրկությունն ամեն բան զիջելն է, ու, թե մեր ճակատագիրը գրվում է մեր փոխարեն տարբեր մայրաքաղաքներում:

Ես, մենք այս պայքարի մեջ ենք, որպեսզի դուք ապրեք մի Հայաստանում, որտեղ Արցախի մասին խոսելը չի համարվում «սադրանք», իսկ սեփական եկեղեցին պաշտպանելը՝ «հնամոլություն»:

Ես հավատում եմ որ, մենք ոտքի ենք կանգնելու, կառուցելու ենք անվտանգ և մրցունակ պետություն՝ պահպանելով մեր ինքնությունը, չուրանալով մեր պատմությունը»,- ընդգծեց Աննա Գրիգորյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս