Հայ և ռուս ժողովուրդներին գժտեցնելու համար մեծ ջանքեր են գործադրվում. Լիպովոյ

Հայ և ռուս ժողովուրդների միջև տարաձայնություն սերմանելու համար զգալի ջանքեր են գործադրվում և հսկայական միջոցներ են ծախսվում։ ՍպուտնիկԱրմենիայի փոխանցնամբ՝ «Ռուսաստան-Հայաստան ժողովրդական դիվանագիտություն. փոխհամագործակցության նախապատմություն» կլոր սեղանի ժամանակ այս հայտարարությունն արեց «Ռուսաստանի սպաներ» համառուսաստանյան կազմակերպության նախագահության նախագահ, Ռուսաստանի հերոս, գեներալ-մայոր Սերգեյ Լիպովոյը։

Նրա խոսքով՝ իր պատմությունը չիմացող ժողովուրդն ապագա չունի և դատապարտված է այն վերապրել նորից։ Այս համատեքստում Լիպովոյը նշեց, որ երկու ժողովուրդների միջև կապերը թուլացնելու համար փորձեր են արվում վերաշարադրել Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմությունը:

«Մենք ունենք ընդհանուր պատմություն, որը փորձել են վերաշարադրել թե՛ մեզ մոտ, թե՛ ձեզ մոտ, որպեսզի մեր երկու ժողովուրդներին իրարից անջատեն», – ասաց նա:

Այս կապակցությամբ Լիպովոյը հիշեցրեց, որ ընթացիկ տարում երկրները նշելու են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձը: Նրա խոսքով՝ հաղթանակը ձեռք է բերվել ոչ միայն ուժի և խիզախության, այլև Խորհրդային Միության ժողովուրդների միասնության շնորհիվ:

«Ինտերնացիոնալ ժողովուրդը համախմբվեց և ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե որն է իր ուժը»,- ընդգծեց նա:

Լիպովոյը նաև նշեց, որ հաղթանակի գործում նշանակալի դեր է ունեցել Հայաստանը։ Նա հիշեցրեց, որ 107 հայեր արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, մարշալ Հովհաննես Բաղրամյանն այդ կոչումը ստացել է երկու անգամ, իսկ 26 զինծառայողներ դարձել են Փառքի շքանշանի լիարժեք ասպետներ։

Նա ընդգծեց, որ հայ ժողովրդի զավակները կռվել են բոլոր ճակատներում, մասնակցել Մոսկվայի, Լենինգրադի և Ստալինգրադի պաշտպանությանը։ Լիպովոյի խոսքով` հենց այդ ընդհանուր պատմական հիշողությունն է շարունակում միավորել երկու երկրների ժողովուրդներին։

Տեսանյութեր

Լրահոս