«Իշխանության ոչ բնական վախերն են պատճառը, որ սարսափում են Արցախի անունը տալուց». Տեր Պսակ քահանա Մկրտչյան

Իշխանությունների կողմից հակաեկեղեցական ու հակակաթողիկոսական արշավի շրջանակներում, հունվարի 31-ի վաղ առավոտյան Ռազմական ոստիկանության մի քանի ներկայացուցիչներ մեքենաներով գնացել էին Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակ, տեղակայվել էին այնտեղ և որևէ բացատրություն չէին տվել եկեղեցու քահանա Տեր Պսակ Մկրտչյանին։

Այս գործողությունը հաջորդել էր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմանը, ըստ որի՝ Զինված ուժերում այլևս չպետք է գործի գնդերեցների ինստիտուտը, այսինքն՝ հոգևորականներ այլևս բանակում չեն լինելու։

Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ոստիկանները մի քանի ժամ սպասել էին, այնուհետև հեռացել էին. հարակից հատվածում էին տեղակայվել։

168.am այսօր Տեր Պսակ քահանա Մկրտչյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ իրավիճակ է եկեղեցում, արդյո՞ք ոստիկանները դեռևս «վերահսկողություն» են սահմանում եկեղեցու տարածքում։

Կարդացեք նաև

«Տևական ժամանակ է՝ մեր եկեղեցու շրջակայքում նման արտառոց բան չենք նկատել»,- նշեց քահանան։

Տեր Պսակը խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի վերջերս արած այն հայտարարության մասին, թե՝ «եկեղեցականները պատարագի տեքստից շեղվելով՝ խոսում են Արցախի մասին, ինչն ուղիղ պատերազմ է հրահրում», ասելով՝ իհարկե, հոգևորականներն իրենց խոսքերով որևէ պատերազմ չեն հրահրում։

«Չեմ կարծում, որ Ադրբեջանն այդպես կարևորություն է տալիս, որ Առաքելական եկեղեցիներում պատարագի ժամանակ Արցախի անունն է հնչում։ Իշխանության ոչ բնական վախերն են պատճառը, որ այդպես սարսափում են Արցախի անունը տալուց

։ Պատարագներին մեր խնդրանքը ոչ թե պատերազմի կոչն է, այլ խնդրանք է առ Աստված՝ շինության, անսասանության, խաղաղության համար, և միշտ է դա եղել։ Իրենք ուղղակի պատարագի տեքստը չգիտեն, կարծեմ թե այդ մարդն ասում էր, որ՝ «պատարագի տեքստից շեղվում են», թող գնա ուսումնասիրի ու տեսնի, թե այդ ամենն ինչի համար է ասվում։ Որևէ մեկը մեզ չի կարող արգելել աղոթելու մեր հայրենիքի համար»,- հավելեց մեր զրուցակիցը։

Տեր Պսակի կարծիքով՝ իշխանությունների կողմից հակաեկեղեցական արշավը չի ավարտվել, այս պահին այդ արշավն այդքան ակնհայտ չէ, քանի որ նախընտրական գործընթացներով են զբաղված։

«Այս փուլում որոշակի դադար են վերցրել, վերջերս այդ անձը նման հայտարարություն արեց, մեղադրանքներ եկեղեցականներին, թե՝ «պատերազմի կուսակցություն» են և այլն։ Բայց ինչ էլ անեն՝ Եկեղեցին կանգուն է, իր հոգեփրկչական առաքելության մեջ է և այդպես էլ շարունակելու է»,- ընդգծեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր.

«Ես գնում եմ պատարագների և տեսնում եմ, որ պատարագի ժամանակ հղում են անում՝ Արցախի Հանրապետություն և այլն, ընդ որում, պատարագի տեքստում էդպիսի բան չկա, պատարագի տեքստից շեղվում են: Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է կոնֆլիկտ, այսինքն՝ հղում ենք անում Արցախի Հանրապետություն և այլն, դա նախ նշանակում է կոնֆլիկտ, և հետո, եթե էդ տեսությունն ենք որդեգրում, այդ տեսության ճանապարհին, պետք է գնալ կոնֆլիկտի, բա ո՞նց ենք լուծում:

Ամեն էդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ՝ էսօր, վաղը, մյուս օրը, էն մյուս օրը, ես չգիտեմ, բայց դա նշանակում է պատերազմի կոչ: Երբ ամեն ամբիոնից ասում են՝ Արցախի Հանրապետություն, էդ պատերազմի ճանապարհին ոտք դնել է»:

Տեսանյութեր

Լրահոս