Չարիքի իշխանությունը պարտվելու է. կառավարությունը կրկես չէ, վարչապետն էլ՝ ծաղրածու. Ռոբերտ Քոչարյան

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառումը, որի ժամանակ հայտարարվեց, որ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է:

«Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է: Վստահ եմ՝ այն չարը, որ մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է։ Ես նրանց հետ պայքարի մեջ եմ մտել հենց իրենց իշխանության գալու առաջին իսկ օրվանից։ Եվ չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն։

Ի դեպ, սրանով էլ եմ տարբերվում վարչապետի այլ թեկնածուներից: Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների զոհվելու համար, ովքեր հանձնեցին Արցախը, ովքեր այսօր  ստիպում են ժողովրդին մոռանալ իր հերոսական պայքարի պատմությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ այսօր փորձում են համոզել, որ մեր պատմությունը բեռ է, որը մեզ հետ է քաշում, այլ ոչ թե հենարան՝ առաջ շարժվելու համար, որ հայրենասիրությունը հնացած հասկացություն է, որը վնասակար է հայի ստամոքսի համար, որ ինքնությունը մեր էության մաս չէ, այլ սեզոնային մոդա է, որը կարելի է տարին մի քանի անգամ փոխել:

«Այս վտանգավոր անհեթեթություններին մենք ասում ենք՝ ոչ։ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, մեր պատմությունն ու հայրենասիրությունը շարժիչ ուժ են ժամանակակից և հզոր պետություն կառուցելու համար»,- ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, աշխարհը վերածվել է քաոսի, համաշխարհային կարգը փլուզվել է, իսկ նորը դեռ չի ձևավորվել, և, ամենայն հավանականությամբ, ջունգլիների օրենքը կլինի համաշխարհային նոր կարգ:

«Այս պայմաններում առաջիկա տարիներին անվտանգությունը մնում է Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը։ Հայաստանին անհրաժեշտ  է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից, որպեսզի համատեղ ուժերով չեզոքացվեն բոլոր սպառնալիքները»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ շեշտելով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի, որը կմերժի մեծ տերությունների հակասությունների վրա խաղալու տարբերակը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս