«Մի՛ վախեցեք հատկապես ամենավախկոտներից. օտար մայրաքաղաքներից փրկություն մի սպասեք». Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այսօր «Հայաստան» դաշինքի համագումարի ժամանակ հայտարարեց, որ աշխարհի շատ երկրներում է դեգերել, բայց, ի վերջո, վերադարձել է Հայաստան, քանի որ չի պատկերացրել, թե բացի Հայաստանից, ուրիշ որտեղ կարելի է ապագա կառուցել։

Այնուհետև նա խոսքն ուղղեց երիտասարդներին՝ ասելով, որ գիտի՝ շատերը հոգնել են, հոգնել են անգամ հույս ունենալուց։

«Երբեմն ինձ էլ է թվում, որ մեր սերնդին բաժին է հասել միայն անորոշությունն ու ցավը, բայց ես գիտեմ, որ Դեր Զորի անապատում քայլող մեր նախնիները շատ ավելի ծանր դժվարություններ են տեսել, հաղթահարել, ուրեմն սա ի՞նչ է, որ մենք միասին չկարողանանք հաղթահարել։ Եթե դուք այսօր կասկածում եք, վախենում եք, չեք վստահում, բնական է, բայց խնդրում եմ՝ վախը, կասկածը, հուսալքությունը չենք կարող թողնել, որ կործանի մեզ։

Իր ուժերից վեր փորձություն մարդուն պարզապես չի տրվում։ Եթե դուք այսօր կասկածում եք, եթե վախենում եք նորից հուսախաբ լինել, դա բնական է, բայց չենք կարող թողնել, որ հուսալքությունը կործանի մեզ։ Եթե դուք մտածում եք, որ ձեր ձայնը ոչինչ չի փոխում, եթե մտածում եք, որ բոլորը նույնն են, ապա հարցրեք ինքներդ ձեզ՝ այդ դեպքում ինչո՞ւ են նրանք միլիարդներ ծախսում ձեզ հենց դրանում համոզելու համար։ Ո՛չ, բոլորը նույնը չեն։

Կարդացեք նաև

Նույնը չեն նրանք, ովքեր հայրենիք են հանձնում, և նրանք, ովքեր հայրենիք են կառուցում։ Նույնը չեն նրանք, ովքեր մեր ինքնության դեմ են գործում, և նրանք, ովքեր պատրաստ են զոհվել այն պաշտպանելու համար։ Ուրեմն նրանք գիտեն ձեր ուժը, իմացեք նաև դուք ու խնդրում եմ՝ մի՛ վախեցեք սեփական ուժերից։

Մի վախեցեք ամենավախկոտներից: Այսօր պետությունները նվաճում են տիեզերքը, գիտության տարբեր ճյուղերը, սովորում են բարդագույն խնդիրները լուծել ամենաքիչ ռեսուրսներով, մինչդեռ մեզ փորձում են պահել ներքին անպտուղ կռիվների մեջ։

Մեզ ասում են՝ մեր ուժը սպառված է, մենք պետք է սահմանափակվենք, վախենանք անգամ երազել։ Բայց մեր ուժը չի սպառվել, մեր ուժը պարզապես կալանավորված է հուսահատության, խաղամոլության և թմրահամաճարակի ճիրաններում։ Մենք չենք ուզում պարզապես խոսել այդ խնդիրների մասին, մենք ուզում ենք արմատախիլ անել դրանք»,- իր խոսքում նշեց Քրիստինե Վարդանյանը։

Նրա խոսքով՝ առաջին և ամենակարևոր քայլը լինելու է Հայաստանում բարձրագույն կրթությունն ամբողջությամբ անվճար դարձնելը, ինչը պարզապես նախընտրական խոստում չէ, այլ ապագայի հիմնաքարն է։

«Մեր երկրում որևէ պայծառ երիտասարդ չպետք է զրկվի բարձրագույն կրթությունից միայն այն պատճառով, որ իր ընտանիքը չունի միջոցներ։

Մենք ուզում ենք, որ մեր տղաներն ու աղջիկները բացահայտեն ոչ թե թմրանյութերի կամ օնլայն խաղատների կործանարար աշխարհը, այլ լաբորատորիաների, գրադարանների, ստարտափների, արհեստական բանականության զարմանալի հնարավորությունները։ Մենք ուզում ենք փոխել միջավայրը։

Մենք փողոցից ու Telegram-ի անանուն էջերից հետ ենք բերելու մեր սերնդին դեպի լույսը, դեպի գիտությունը և դեպի զարգացումը։ Սա է ուժեղ պետություն կառուցելու միակ ճանապարհը՝ ներդրում մարդու մեջ։ Եվ սա մենք կարող ենք անել միասին։ Մեզ սպասվում են ոչ սովորական ընտրություններ։

Սա պարզապես ընտրություն չէ անունների կամ կուսակցությունների միջև, սա ընտրություն է արժեքների միջև, ընտրություն այն ուղու, որով պիտի գնա մեր երկիրը։ Հաճախ մեզ փորձում են համոզել, թե պետք է ընտրություն կատարել անվտանգության և բարեկեցության միջև։ Բայց մենք հավատում ենք, որ հայ մարդն արժանի է և՛ խաղաղ ու անվտանգ երկրին, և՛ արժանապատիվ կյանքին իր հողի վրա»,- շեշտեց պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս