«Համատեղ ֆիլմարտադրությունը կարող է ելակետային լինել հայկական կինոյի համար»

Հարցազրույց ռեժիսոր, օպերատոր, լուսանկարիչ Վահրամ Մխիթարյանի հետ

Մեր հայրենակից Վահրամ Մխիթարյանը, ով այժմ բնակվում է Լեհաստանում, վերջերս իր դեբյուտային կարճամետրաժ-խաղարկային «Կաթնեղբայրը» ֆիլմով մասնակցել է Կրակովի 54-րդ կինոփառատոնին և արժանացել խրախուսական մրցանակի՝ ժյուրիի հատուկ հիշատակությանը: Իսկ վավերագրական «Հովվի երգը» ֆիլմը, որը նույնպես դեբյուտային է, 2014թ. լեհական լավագույն ֆիլմերի ցանկում ընդգրկվել է Կրակովի կինոհիմնադրամի «Polish docs» ծրագրի շրջանակում կազմված ժողովածուի մեջ: Պրոդյուսերները ճանաչվել են լեհական կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի լավագույն պրոդյուսեր:

Երկու ֆիլմերն էլ առաջին հայ-լեհական համատեղ արտադրությունն են, ինչը ռեժիսորի վաղեմի երազանքն էր և տարիների ջանքերից հետո վերջապես իրականություն է դարձել: Ֆիլմերն ընտրվել են նաև ամռանը Լեհաստանի տարբեր քաղաքներում անցկացվելիք երկու հայտնի կինոփառատոների ազգային մրցութային ծրագրին մասնակցելու համար: Իսկ «Կաթնեղբայրը» ֆիլմի հայկական պրեմիերան կլինի այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ:

– Ինչո՞վ է առանձնահատուկ Կրակովի կինոփառատոնը:

Կարդացեք նաև

– Կրակովի կինոփառատոնն ամենահինն է Լեհաստանում և հնագույններից մեկը` Եվրոպայում. արդեն 54 տարի գոյություն ունի: Առաջ միայն կարճամետրաժ ֆիլմերի փառատոն էր, հիմա` նաև վավերագրական և անիմացիոն, անգամ՝ երաժշտական ֆիլմերի մրցութային անվանակարգ ունեն: Օրինակ, եթե մրցանակ ես ստանում Կրակովի փառատոնի ժամանակ, մեծանում է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին, ինչպես նաև «Օսկարի» մրցանակաբաշխությանը ներկայանալու հնարավորությունը` կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում:

Բազմաթիվ միջազգային դիստրիբյուտորներ, փառատոների սելեկցիոներներ գալիս են Կրակով: Եվ եթե ֆիլմն աչքի է ընկնում, դա շատ մեծ պլյուս է: Կրակովի կինոփառատոնը մասնագիտական առումով հետաքրքիր է, որովհետև իրենք կապեր ունեն դրսի այլ հեղինակավոր փառատոների հետ, օրինակ` «Clermont Ferrand»-ի, որը ֆրանսիական և եվրոպական կարճամետրաժ ֆիլմերի ամենահայտնի փառատոնն է: Կրակովի կինոյի հիմնադրամն ամեն տարի ընտրում է մեկ ֆիլմի նախագիծ և ներկայացնում ֆրանսիական փառատոնի «Euroconnection» համագործակցության ֆորումին: 2012-ին ընտրել էին «Կաթնեղբայրը» ֆիլմը:

rejisor (5)

Շատ ուրախ էի, որ, փաստորեն, Լեհաստանը ներկայացնում էր կիսով չափ լեհական-կիսով չափ հայկական մի ֆիլմի նախագիծ՝ հայկական բովանդակությամբ, Վանո Սիրադեղյանի պատմվածքի հիման վրա: Նախատեսել էինք, որ ֆիլմը պետք է նկարահանվի Հայաստանում, հայերենով: Ներկայացրինք սցենարը և 3 տեսարանից բաղկացած հատված (trailer), որը նկարահանել էի 2010թ.` Վայդայի դպրոցում սովորելիս:

– Ինչո՞ւ էր հենց Վանո Սիրադեղյանի «Գառ ախպերիկ» պատմվածքն ընտրվել` որպես սցենարի հիմք:

– Պատմվածքը կարդացել էի դեռևս ուսանող ժամանակ, 1999թ., ու այդքան ժամանակ գլխիս մեջ անընդհատ պտտվում էր. շատ տպավորված էի: Ինձ համար դա ինչ-որ տեղ ինքնաթերապևտիկ նշանակություն ուներ. կարծես մի ինչ-որ մութ անկյուն լուսավորվեց ներսումս` մանկական հիշողությունների, տպավորությունների մեջ: Հենց այդ ժամանակ էլ գիտեի, որ ֆիլմ եմ ուզում նկարել, բայց չգիտեի` ինչպես: Տարբերակ չկար այն ժամանակ` մեր կրթական համակարգի պայմաններում: 10 րոպեանոց վավերագրական ֆիլմ-ռեպորտաժով եմ դիպլոմ ստացել, այն դեպքում, երբ բաժինը կոչվում էր գեղարվեստական ֆիլմերի ռեժիսուրա` Մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում:

rejisor (2)

– Այդուհանդերձ, ինչպե՞ս սկսեցիք նկարահանել ֆիլմը:

– Երբ 2009թ. ընդունվեցի Անջեյ Վայդայի կինոդպրոցը, նոր այնտեղ հմտացա սցենար գրելու և դրամատուրգիա կառուցելու մեջ: Դա այնքան էլ հեշտ չէր, քանի որ դասավանդումը և սցենարի վրա աշխատանքը լեհերենով էր: Շատ յուրահատուկ դասընթաց է. մոտեցումն անհատական է, և ծրագիրն էլ հարմարեցնում են ուսանողի՝ խմբի պահանջներին: Դպրոցն ունի «Գաղափարից` մինչև իրագործում» կարգախոսը:

Գնում ես գաղափարով, այնտեղ սցենար գրում՝ դասախոսների հսկողությամբ և խորհուրդներով: Կուրսն ավարտում ես փոքր վիդեոնյութով, որը կարող ես ցույց տալ և պրոդյուսեր գտնել: Դպրոցը դարձավ նաև իմ ֆիլմերի գործադիր պրոդյուսերը: 13 հոգի էր ընդունվել, առաջին կիսամյակի վերջում 5-ի սցենարը հաստատեցին, և ես այդ 5-ի մեջ էի: Մյուս լեհ պրոդյուսերս՝ Լեհաստանի կինեմատոգրաֆիստների միությանը կից գործող «Studio Munka»-ն է, որը մրցույթով տարեկան մի քանի դեբյուտային կարճամետրաժ ֆիլմ է ֆինանսավորում: 2010թ. շահեցի «30 րոպե» կոչվող խաղարկային դեբյուտ ծրագրի շրջանակում ֆիլմ նկարահանելու մրցանակը:

Ընդհանրապես «Studio Munka»-ն լեհ երիտասարդ ռեժիսորներին բացահայտելու նպատակ ունի: Սակայն ես հայ լինելով` ներկայացնում էի հայկական պատմվածքի հիման վրա գրված սցենար, որը պիտի նկարահանվեր Հայաստանում: Անջեյ Վայդայի դպրոցի շրջանավարտ լինելը երաշխավորում էր, որ ես պատահական մարդ չեմ: Դա այնպիսի մեծ վստահություն էր, որ շատ զգացված էի, ու պարտավորեցնող էր ինձ համար: Համառեցի, որ ֆիլմը նկարահանեմ Հայաստանում, թեև համոզում էին, որ գնամ Խորվաթիա կամ Սերբիա, կամ էլ Լեհաստանի հարավում նկարեմ, որտեղ սարեր կան: Մեծ պատասխանատվություն վերցրի ինձ վրա: Նկարահանումները շատ դժվար էին, բազմաթիվ խնդիրներ եղան:

– Իսկ ինչպե՞ս ընտրեցիք նկարահանման վայրն ու դերասաններին:

– Գյուղի ընտրությունը հետաքրքիր էր: Ման ենք եկել ամբողջ Հայաստանում, Արցախում, անգամ՝ Վրաստանում: Վերջում ընտրեցինք Տավուշի ու Գեղարքունիքի միջև գտնվող Գեղատափ գյուղը: Քարտեզի վրա շատ դժվար է գտնել: Այդ գյուղը մահանում է. մարդիկ գնում են գյուղից: Բնակիչներին խնդրել էի, որ չգնան, տները չքանդեն, մինչև չնկարենք: 2001թ. «ԱՐ» հեռուստաընկերության համար տեսանյութ էինք նկարահանել: Նախկինում ադրբեջանաբնակ գյուղը բնակեցված էր Շահումյանից եկած փախստականներով, հոսանք չունեին, բայց ստեղծող ժողովուրդ էին ու գյուղը ծաղկեցրել էին: Մոտ 10 տարի հետո եկա ֆիլմի համար տեղանք ընտրելու, գյուղում մնացել էր ընդամենը մեկ ազգանուն` Հովհաննիսյան:

rejisor (4)

Երեք տուն էր բնակեցված. մեկում տղան էր` իր ընտանիքով, մյուսում` հայրն ու մայրը, երրորդում` տատն ու պապը: Մնացածն արդեն գնացել էին այդ գյուղից: Թեև տեսանյութից հետո գյուղն ապահովել էին հոսանքով, որոշակի բարելավում եղել էր, բայց միևնույն է, չէին դիմացել ու գնացել էին: Ճանապարհին փնտրում էի նաև աղջիկ երեխաներ` ֆիլմի 2 քույրիկների դերակատարներին: Մոտակա Սեմյոնովկա գյուղով անցնելիս՝ պատահական տեսա ճանապարհի մոտ խաղացող երեխաներին, իջա մեքենայից, խոսեցի: Ամենափոքրը ճարպիկ աղջիկ էր, տարավ տուն՝ ծնողների հետ խոսելու: Տեսա՝ մոր դեմքը ծանոթ է:

rejisor (1)

Պարզվեց` 10 տարի առաջ Գեղատափում եմ նկարել: Սկեսուրն ասաց. «Ձեր նկարած ռեպորտաժով ենք տեսել աղջկան ու գնացել ենք ուզելու»: Մտածեցի, որ ինչ-որ իմաստով այդ երեխաների ծնվելու պատճառ եմ դարձել: Մարդիկ նկարահանման միջոցով ծանոթացել, երեխա են ունեցել, հետո երեխաներին հետ եմ տարել գյուղը, որտեղից իրենց մայրն էր, ու նկարահանել ֆիլմում: Գլխավոր դերակատարներից մեկը գառնուկն է, որի ընտրության հարցն էլ հեշտ չէր: Բոլոր հնարավոր ցեղատեսակներն ուսումնասիրելուց և հատկանիշները համեմատելուց հետո կանգնեցինք վրացական տուշինյան ցեղատեսակի վրա: Վարժեցնողները 6 ամիս տանը երեխայի նման պահեցին, դաստիարակեցին:

Շատ հետաքրքիր կենսաբանական փորձ էր, որի հիման վրա կարելի է դիպլոմային աշխատանք գրել: Երբ հայկական կիսակոպտաբուրդ ոչխարի սելեկցիոներներից մեկին պատմեցի սցենարը, ասաց, որ հնարավոր չէ նկարել. ոչխարն այդպիսի բաներ չի անում, տարբեր կենդանիներ ունեն որոշակի ինտելեկտ, ոչխարն ինտելեկտ չունի: Ասում էր, որ չի ստացվելու, բայց նկարեցինք, ու ստացվեց: Նորածին գառնուկին, որը մնացել էր առանց մոր և դժվար թե երկար ապրեր, կաթով կերակրում ու վարժեցնում էին: Վարժեցրած շան հետ էր շփվում, չգիտեր՝ ինչ է հոտը:

Վերջում այդ գառնուկն էլ ոչխար չէր, այլ՝ հասկացող էակ: Ֆիլմում պետք է պոզեր դնեինք, որ դառնար որձ, բայց մոռացանք, ու այդպես էլ մինչև վերջ մնաց առանց պոզերի: Շատ հետաքրքիր փորձառություն էր: Իսկ գյուղում պայմանները շատ անմխիթար էին, շատ վատ վիճակում էինք. ուղղակի այդպես չի կարելի ֆիլմ նկարել: Սակայն, կարծում եմ, ամեն դեպքում ֆիլմը ստացվել է:

rejisor (6)

– Իսկ ինչպիսի՞ն էր համաֆինանսավորող կողմի դերը ֆիլմի ստեղծման ընթացքում:

– Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ հարաբերությունները հենց սկզբից շատ բարդ էին: Ինչո՞ւ է Վանո Սիրադեղյանի պատմվածքն ընտրվել, ի՞նչ քաղաքական բան կագ Ասում էին՝ Վանոն չկա մեր ցուցակում, հարցնում եմ՝ իսկ ինչ է՝ կա՞ արգելված գրողների ցուցակ, ասում են՝ ոչ, չկա: 2 տարի տևեց, մինչև համոզեցի, որ ես «ազգի դավաճան» չեմ, որ մի քանի տարի Արևմուտքում ապրելով` չեմ դադարել հայ լինել: Սկզբունքային տարաձայնություններ ուներինք. ասում էին` սա վատ է, նա վատ է, առանց կառուցողական առաջարկի, իսկ ես պահանջում էի, որ հիմնավորեն, եթե գրաքննում են: Անձնական որևէ խնդիր չկար, բայց ինչ-որ լարվածություն կար: Չհասկացա՝ ինչ համակարգով գնահատեցին նախագիծը և սկզբում մերժեցին:

Սցենարը գնահատում են երկու փորձագետ, որ ենթարկվում են ազգային կինոկենտրոնի ղեկավարին և որոշում են՝ արդյոք գործը համապատասխանո՞ւմ է «ազգային գաղափարախոսությանը», արժե՞ իրագործել, թե՞ ոչ: Խիստ կասկածում եմ, որ գնահատման նման համակարգն օբյեկտիվ է, և այդ մասին ասել եմ նաև Կինոկենտրոնի մասնագետներին: Չկա անկախ հանձնաժողով: Վերջում ասացին՝ լավ, ուղարկենք՝ Դավիթ Մուրադյանը կարդա, տեսնենք՝ ինչ կասի: Անհրաժեշտ էր գումարի մեկ երրորդից էլ քիչ, ու ես բերում էի պատրաստի նախագիծ, ֆիլմ, որն արդեն որոշակի հաջողություններ ու պոտենցիալ ուներ:

rejisor (7)

Եթե լեհական կողմի ֆինանսավորումը չլիներ, ես հույս չունեի, որ ֆիլմի համար Հայաստանում առհասարակ գումար կտային: Ասում եմ՝ լեհերը գումար են տվել, որը պիտի ծախսվի Հայաստանում, շահավետ է մեր երկրի տնտեսության համար:

Մշակույթի նախարարությունից պատասխանում են՝ շատ ուրախ ենք, որ մեր հայրենակիցը դրսում հաջողություն ունի: Եվ այդպես՝ ձևական նամակների շարք: Ասում են՝ դիմեք Կինոկենտրոն, իսկ վերջինս իր որոշակի դիրքորոշումն ունի՝ «շառից-փորձանքից հեռու»: Կինոկենտրոնի այդ տարվա ֆիլմերը պիտի լինեին մանկական՝ դաստիարակչական կամ կատակերգական: Ես ստիպված էի գրել, որ իմ ֆիլմը մանկական է, որպեսզի հարմարեցնեի այդ տարվա ուղղվածությանը: Բանակցությունները երկար տևեցին, բայց շատ ուրախ եմ, որ ի վերջո համաձայնության եկանք:

Մի կարևոր հանգամանք ևս օգնեց. Լեհաստանի արտգործնախարարության կայքում աչքովս ընկավ, որ Հայաստանի և Լեհաստանի կառավարությունների միջև ստորագրվել է միջպետական մի պայմանագիր՝ մշակույթի, կրթության և գիտության ասպարեզում գործակցության մասին: Ավելին՝ կար մշակված գործնական ծրագիր՝ մանրամասն կետերով: Առաջին կետերից մեկում նշված էր՝ կինոարտադրությունը, և, թե ինչ են պարտավորվում անել կողմերը: Նամակին կից Մշակույթի նախարարություն էի ուղարկել նաև այդ փաստաթուղթը՝ հարցնելով, թե արդյոք կինոյի բնագավառում որևէ գործակցություն կա՞:

Նշել էի, որ լեհերը տալիս են գումարի մեծ մասը, արդյոք կարո՞ղ են օժանդակել ինչ-որ բանով, եթե կառավարությունը ստորագրել է նման պայմանագիր, թե՞ սա ձևական բնույթ է կրում: Ի վերջո, տվեցին պետական ֆինանսավորմամբ նախատեսված գումարը, որն այդքան դժվար հասանելի է: Ի դեպ, Լեհաստանում կինոյի ֆինանսավորումը որոշակի ստեղծագործական անկախություն ունի իշխանությունից և պետական ապարատից:

Կինոյի մասին օրենքում հոդված կա, որով կինոթատրոններն իրենց տոմսերի վաճառքի, հեռուստաընկերություններն իրենց եկամտի 1,5 տոկոսը տալիս են կինոյի ֆոնդին՝ Լեհական կինո ինստիտուտին: Այսինքն՝ ընդհանուր շահի խնդիր է: Բոլորը շահագրգռված են, որ իրենց երկրում լինի մրցունակ կինո: Իսկ Հայաստանում կինոն ծանրաբեռնում է պետությանը, իսկ պետական չինովնիկն էլ իր հերթին` ինձ` ռեժիսորիս:

– Իսկ ի՞նչ է անհրաժեշտ հայկական կինոյի զարգացման համար:

– Լաերտ Վաղարշյանի գիրքն եմ կարդում: Գրում է, որ խորհրդային ժամանակահատվածում դրսի կինոստուդիաների հետ ոչ մի համատեղ արտադրանք չէր թույլատրվում իրականացնել: Մոսկվայի իրավասության տակ էր՝ Կենտկոմի որոշմամբ: Հիմա ազատ ենք, մեր կինոյի համար ելակետային լուծում կարող են լինել հենց այդ համատեղ արտադրանքները: Մեզ նման փոքր պետությունն ի վիճակի չէ ռիսկի դիմել և տարեկան մեկ կամ երկու լիամետրաժ ֆիլմ ֆինանսավորել: Կարծում եմ՝ ավելի նպատակահարմար է, որ այդ գումարը տրամադրվի 5-6 համատեղ ֆիլմի նկարահանմանը: Մասնակի ֆինանսավորմամբ՝ նվազագույնը գումարի 30 տոկոսով, հնարավոր է դրսում համաֆինանսավորող գտնել:

Իսկ Հայաստանում արդեն ճանաչում ունեցող ռեժիսորների ֆիլմերը ֆինանսավորվում են ամբողջությամբ՝ 100 տոկոսով: Սակայն կենսագրություն ու ֆիլմացանկ ունեցող ռեժիսորների համար ավելի հեշտ կլինի մի քիչ ջանք թափել ու դրսից գումար գտնել, քան սկսնակի: Եթե ես բան չունեմ ցույց տալու, ոչ ոք չի ճանաչում ինձ, գումար գտնելու շանս չունեմ:

Իսկ Լեհաստանում հակառակն է՝ սկսնակին տալիս են գումարի 70-90 տոկոսը: Երիտասարդներին ու սկսնակներին հատուկ վերաբերմունք են ցուցաբերում, ինչը, ցավոք, չեմ տեսնում Հայաստանում: Խնդիրն այդքան գումարի հարցը չէ, որքան մոտեցման:

Կարծում եմ, վաղ թե ուշ Հայաստանում կինոյով զբաղվող երիտասարդները ստիպված կլինեն բնագավառի ինքնակարգավորման պատասխանատվությունն իրենց ձեռքը վերցնել, փնտրել լուծումներ, եթե ուզում են ունենալ առողջ համակարգ և անկախ ֆիլմարտադրություն:

Ավագ սերունդը չկարողացավ կողմնորոշվել և տեր կանգնել մեր կինոյին, այն կինոյին, որ շատ դժվարությամբ հենց իրենք էին ստեղծել: Երիտասարդներն իրենք կորոշեն՝ ում հետ են ուզում գործակցել, համատեղ ֆիլմ նկարել, և հուսով եմ, չեն վերադառնա այն ժամանակները, երբ հայ կինոյի և ստեղծագործողների ազատությունը կախված էր Կենտկոմի որոշումներից: Իսկ նման միտում, կարծում եմ, կա՝ հետևելով այն ամենին, ինչ կատարվում է այսօր Հայաստանում:

Լուսանկարները՝ Տիգրան Սաֆարյանի, Յոաննա Շիմանսկայի, Մարչին Սաուտերի

Տեսանյութեր

Լրահոս