Էրդողանի ելույթը՝ Արցախում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Բաքու՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա»-ն նվիրված շքերթին։ Էրդողանի հետ Ադրբեջան են մեկնել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզության ծառայության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը, նախագահականի Հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը, ռազմարդյունաբերության վարչության պետ Հալուք Գյորգյունը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։ Այցի ընթացքում Էրդողանը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ Կողմերը կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին ու 5 տարի առաջ կատարվածն անվանել «մեր հաղթանակ»։
«Ցանկանում եմ՝ իմանաք, որ Ղարաբաղի ազատագրումը, ոչ միայն Ադրբեջանի, այլև թյուրքական աշխարհի համար է հպարտություն։ Արդբեջանի բանակի Ղարաբաղում արված ամեն քայլ, անկախության և արժանապատվության համար թափված յուրաքանչյուր կաթիլ արյուն թյուրքական աշխարհի պատմության մեջ պատվի նշան է, մեր ընդհանուր պատմության մեջ ոսկե տառերով են գրվել»։
Էրդողանը, անդրադառնալով Հարավային Կովկասին, նշել է․ «Ղարաբաղի հաղթանակը, ոչ միայն վերջ է դրել խիղճ սևացնող մեծ անարդարությունը, այլև միևնույն ժամանակ տարածաշրջանում մի նոր ժամանակի դռներ է բացել։ Այս հաղթանակը համարում ենք ոչ թե վերջ, այլ Կովկասում մնայուն խաղաղության տանող ճանապարհի կարևոր հանգրվան։ Համոզված ենք՝ որ Կովկասում խաղաղությունը կծառայի ամբողջ տարածաշրջանի բարօրությանը՝ Ասիայից մինչև Եվրոպա։ Սա էլ եմ ուզում այստեղ հատուկ շեշտել․ մենք մնայուն խաղաղության հարցում մեծ հույսեր ունենք, լավատես ենք»։
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ գնահատում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մնայուն խաղաղության հաստատման հարցում ցուցաբերած անկեղծ ջանքերը ու հավելել, որ գոհունակությամբ են հետևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս ճանապարհին արած խիզախ քայլերին։
«Տա Աստված, այս սքանչելի հաղթանակը հանգեցնի երկարատև համաձայնագրի, որը կամրապնդի խաղաղությունը երկու առաջնորդների կառուցողական դիրքորոշման միջոցով։ Թուրքիան այս հարցում կշարունակի անել ամենը, ինչ անհրաժեշտ է»,- նշել է Թուրքիայի նախագահը։

