Պաշտպանության նախարարն ակնհայտ խեղաթյուրում է իրավիճակը. իջեցվել է հրահանգ՝ ոչ միայն զինծառայողների թիվը կրճատել, այլև դրա համար հիմնավորումներ մտածել. Տիգրան Աբրահամյան
Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, որի շարժառիթը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետի կրճատման որոշումն է: Պետք է նշել, որ ոչ մի պարզաբանում չեղավ՝ ինչու է սեպտեմբերին Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) ճիշտ համարել պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը 2026 թվականի ամառային զորակոչից, իսկ մեկ ամիս հետո համաձայնել Նիկոլ Փաշինյանի որոշման հետ՝ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026-ի հունվարի 1-ից:
Արդյո՞ք ինչ-որ հաշվարկ արվել է, այդ ի՞նչ վիճակագրություն, թվային կամ իրավիճակային պատկեր է փոխվել մեկ ամսում, հատկապես, երբ Սուրեն Պապիկյանը պնդում է, որ այստեղ նախընտրական շահեր չկան:
ՀՀ պաշտպանության նախարարն իր հարցազրույցում չի խոսել նաև զինծառայության ժամկետի կրճատման՝ մարտական հերթապահության կամ հերթափոխի, ինչպես նաև վարժական հավաքներին պահեստազորի «կանչերի» վրա ազդեցությունից: Դեռ չենք խոսում, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը բացարձակ պատկերացում չունի՝ ինչ ասել է պրոֆեսիոնալ բանակ:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:
– Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն հայտարարել է՝ «այս պահի դրությամբ 4217 ժամկետայիններ դարձել են պայմանագրայիններ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուներ», և, որ 25-օրյա վարժանքներին առնչվող խնդիրը 100 տոկոսով կատարում են։ Ի դեպ, հավելենք, որ 2024 թվականի կատարողականի համաձայն՝ հաշվետու տարում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու դառնալու համար հրամանագրվել է շուրջ 1600 զինծառայող: Սա բավարա՞ր է գնալու պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման, և արդյո՞ք մարտական հերթափոխի հետ խնդիրներ չեն լինելու, վարժական հավաքների ավելի հաճախ չեն կանչելու:
– Նախ՝ այն հիմնական մարտական խնդիրները, որոնք այսօր առկա են, այդ թվում՝ մարտական հերթապահության համատեքստում, այսօրվա հնարավորություններով դրա ապահովումը պարզապես չի կատարվում: Այսինքն, պաշտպանության նախարարությունն ակնհայտ խեղաթյուրում է իրողությունը, և փորձում է ինչ-որ կերպ «հիմնավորել» իշխանությունների քաղաքական որոշումը: Երբ բանակի մարտական խնդիրների էական մասը մշտական հիմունքներով իրականացնում է պահեստազորը, դա արդեն իսկ ապացուցում է զինված ուժերի համալրման խնդիրների առկայությունը: Բազմաթիվ խորություններում այսօր առկա մեր խնդիրները թույլ չեն տալիս հենց այնպես գնալ զինծառայության ժամկետի կրճատման: Այլ բան է, որ պետք է հասկանալ՝ ինչպես անել, որ զինված ուժերում ծառայությունը դարձնել շատ ավելի նախընտրելի, որ զինվորական մասնագիտության ընտրությունը երիտասարդների համար դառնա առաջնահերթ:
– Պրոֆեսիոնալ բանակն ու պահեստազորի վրա շեշտադրումը չի՞ հակասում իրար, եթե հաշվի առնենք ժամանակակից պատերազմները և այն, որ Հայաստանում քաղպաշտպանության մակարդակը շատ ցածր է, ու որի մասին չեն մտածում պետական մակարդակում:
– Այսօր գրեթե ամբողջ աշխարհում հակառակ միտումն է. վերադառնում են պարտադիր ժամկետային ծառայությանը կամ ներդնում: Իհարկե, տարբեր երկրներում տարբեր ժամկետներով է արտահայտվում, բայց հիմքում, կարելի է ասել, նույն տրամաբանությունն է: Այսինքն, պարտադիր ժամկետային ծառայության միջոցով տարբեր երկրներ փորձում են ապահովել մարտական պատրաստության համապատասխան վիճակ: Սա՝ առաջին:
Երկրորդ. աշխարհում զինվորական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, և դժվար է լինում անգամ բարձր սոցիալական երաշխիքների և բարձր աշխատավարձի պայմաններում անհրաժեշտ համալրում ապահովել:
Եվ սրանով է պայմանավորված, որ, ինչպես նշեցի, շատ երկրներ մտադիր են վերադառնալ պարտադիր ժամկետային ծառայությանը, կամ ընդլայնում են ծառայության ժամկետը: Հայաստանի նման երկիրը՝ փոքր տնտեսությամբ և ժողովրդագրական լրջագույն խնդիր ունեցող, գնում է պարտադիր ժամկետային ծառայության կրճատման, տակը դնելով ուռճացված սպասումներ, իրականությանը չհամապատասխանող թվեր, ինչը խոսում է այն մասին, որ ՀՀ իշխանության համար խնդիրը ոչ թե երկրի պաշտպանունակության ապահովումն է, այլ քաղաքական տարբեր իրավիճակներում հանրության համար ցանկալի որոշումների կատարումն է:
– Սուրեն Պապիկյանը չի ընդունում քննադատությունը, որ բանակը կրճատվում է, ինչի մասին իրենց ընդդիմախոսները պնդում են, սա նույնիսկ պաշտպանության նախարարը համարում է անարդար, իրականում ինչո՞վ է կրճատվում։
– Տարօրինակ է, որ պաշտպանության նախարարը հրապարակային ակնհայտ խեղաթյուրում է իրավիճակը, և երկու տարվա ցիկլում 6-ամսյա կրճատումը պարտադիր ժամկետային ծառայության որևէ կերպ փորձում է չդիտարկել բանակի կրճատման տրամաբանության մեջ: Եթե դրանից որևէ բան չի փոխվում, և պարտադիր ժամկետային ծառայության ուղղությամբ կրճատում չի իրականացվում, ապա թող սարքեն 1 տարի կամ 6 ամիս, օրինակ: Պարզ է, չէ՞, վերևից իջեցվել է հրահանգ, որ ոչ միայն զինծառայողների թիվը կրճատել, այլ նաև դրա համար հիմնավորումներ մտածել, և պաշտպանության նախարարը գործում է դրա շրջանակում: Այն մարդիկ, որոնք տարբեր ձևերով առնչվում են պարտադիր և պայմանագրային ծառայությանը, կամ՝ պահեստազորի հավաքների են մասնակցում, նրանք լիարժեք տիրապետում են իրական իրավիճակին և տեսնում են ակնհայտ վնասակարությունը, ինչն անում է իշխանությունը:
– Ի դեպ, կարո՞ղ ենք ասել, որ սահմանազատման գործընթացի արդյունքում քանի որ զինված ուժերի կողմից պահպանվող դիրքերն անցնում են փուլ առ փուլ ԱԱԾ սահմանապահների պահպանությանը, թվային խնդիր հետագայում չենք ունենա։ Դեռ հարց է՝ ՀՀ օկուպացված տարածքները որքանով կամ ինչ չափով են վերականգնվելու:
– Ակնհայտ է, որ իշխանության սպասումներից է բանակի զորքերը սահմանապահներով փոխարինելու պրոցեսը: Ճիշտ է, այդ իրավիճակը ենթադրում է շատ ավելի քիչ ուժերով սահմանների պահպանության իրականացում, բայց դա չի նշանակում բանակի զգալի կրճատում: Ի դեպ, նույն սահմանապահ զորքերում ծառայություն են իրականացնում պարտադիր ժամկետային զինծառայողները, և այդ թիվը ցանկացած պարագայում կարող է խնդիր առաջացնել: Ուշադրություն դարձրեք նաև այն հանգամանքին, որ մեր սահմանի մի հատվածում ծառայություն են իրականացնում ռուսական սահմանապահ ուժերը, հատկապես հայ-թուրքական սահմանին է դա վերաբերում: Եվ հաշվի առնելով այս իշխանության քաղաքական կուրսը, ենթադրում եմ, որ ինչ-որ փուլում որոշակի ուժեր կկենտրոնացվեն նաև այդ ուղղությամբ: Այսինքն, ցանկացած հաշվարկի դեպքում առնվազն առաջիկա 3-4 տարվա ընթացքում անձնակազմ կրճատելն ու այդ պայմաններում մարտական խնդիր կատարելը հնարավոր չեմ համարում:
– Դե, մեզ այլևս մարտունակ բանակ պետք չէ, ուստիև կրճատում ենք նաև պաշտպանական ծախսերը: Բայց մինչև սա ՀՀ պաշտպանության նախարարը հասցրել է հպարտանալ իրենց իշխանության օրոք ռազմական բյուջեի ավելացմամբ:
Ի դեպ, կտրուկ աճը կամ «սկաչոկը» բավականին հարցեր է առաջացնում, եթե հաշվի ենք առնում մեր արձանագրած տարածքային կորուստները, զորավարժությունների չանցկացումը, մեծ հաշվով, հայտնի չէ՝ քանի տոկոսն է կատարվել Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ կնքված պայմանագրերի: Այսինքն, որքանո՞վ է ռազմական բյուջեի կտրուկ ավելացումը նպաստել բանակի մարտունակության բարձրացմանը, հիմա իշխանությունները կասեն՝ բա զենք ենք գնել, ամրացման շրջաններ ենք կառուցել: Հենց դա է խնդիրը՝ սա որքանո՞վ է բերել բանակի մարտունակության բարձրացման, որը պատերազմից հետո ոչ մի լուրջ զորավարժության չի մասնակցել տեղական և միջազգային մակարդակում, չի կազմակերպվել զորահանդես: Լուռ գո՞րծ է արվում:
– Այն, որ իշխանությունը փորձում է հանրության վրա ծախել, որ վերջին տարիներին ռազմական բյուջեի զգալի աճ է տեղի ունեցել, և այսօր հնարավորություն կա դա նվազեցնելու, դա խաբկանք է: Նախ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմին և դրան հաջորդած ադրբեջանական ագրեսիայի ժամանակահատվածում զինված ուժերը մեծաթիվ կորուստներ են ունեցել ոչ միայն մարդկային, տարածքային, այլև նյութական, ռազմական տեխնիկայի, խոցվել են մեծ թվով ռազմական օբյեկտներ, սահմանագծի վերադասավորումները բերել են նոր մշտական տեղակայման վայրերի կառուցման և այլն, որոնք հսկայական միջոցներ են պահանջել: Այս պարագայում դա ներկայացնել՝ որպես բանակի մարտունակության վրա դրված գումարներ, մեղմ ասած, չափազանցություն է: Խնդիր է դրված եղել՝ նվազագույն պայմաններ ապահովել զինծառայողների համար, բայց դա դեռ զարգացում չէ:
– Եվ վերջում, այսօր պատերազմի հավանականություն կա՞, չմոռանանք, որ 2026-ին Ադրբեջանը ռազմական բյուջեն ավելացնում է, իհարկե, սրան զուգահեռ՝ մեծացնում է դիվանագիտությանը և միջազգային կապերին ուղղված ծախսերը, սա ի՞նչ ռիսկեր է պարունակում։
– Երբ մի երկրում ՀՀ պաշտպանության նախարարն առաջնորդվում է այն մոտեցմամբ, որ այս պահին ռազմական գործողությունների հավանականությունը բացառվում է կամ մինիմալի է հասցված, նշանակում է՝ այդ պետությունն արդեն իսկ նվազագույն անվտանգության ապահովման հարցում ձախողված է: Պաշտպանության նախարարությունը և զինված ուժերը պետք է տիրապետեն ռեսուրսների, որոնք ցանկացած իրադրության փոփոխության պայմաններում հնարավորություն կտան անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և երկրի անվտանգությունն ապահովելու: Այն մոտեցումները, որ այսօր դրված են զինված ուժերի փոփոխության հիմքում, դրանք կամ ծառայում են ներքին քաղաքական իրավիճակին, կամ դիլետանտ մոտեցումներ են:

