Թույլ տվեք չհամաձայնել՝ «տարին սակավաջուր է» արտահայտության հետ. ԲՀԿ-ական պատգամավոր
«Թույլ տվեք չհամաձայնել՝ «տարին սակավաջուր է» արտահայտության հետ: Անձրևներ գալիս են, բայց եթե այպես շարունակվի, մենք երբեք ջրամբարները չենք լցնի, որովհետև Արարատյան դաշտավայրը վերածել ենք դրենաժների, իսկ փոքր ՀԷԿ-երի պատճառով սելավներ չեն առաջանում, որ լցնեն ջրամբարները»,- այսօր ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ դիմելով Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին:
Ըստ նրա՝ անհրաժեշտ է գոնե սելավների ժամանակաշրջանում կանոնակարգել ՀԷԿ-երի աշխատանքը, որ ջուրը հոսի ջրամբար:
«Այս տարին սակավաջուր չէր»,- պնդեց Լ.Խաչատրյանը:
«Ես խոսում եմ մեր համակարգի տեսանակյունից»,- հակադարձեց Ա.Անդրեասյանը. «Ոռոգման համակարգերում ջուրը սակավ է, անցած տարիների համեմատ պակաս է: Արաքսը, եթե մայիսին բերում էր 200 խմ, այս պահին Արաքսում կա 50 խմ ջուր: Ապարանի, Ախուրյանի և մյուս ջրամբարները լցված են մասնակի: Ես օբյեկտիվ եմ եզրակացնում, որ տարին մեր տեսանկյունից սակավաջուր է: Իսկ թե ինչո՞ւ ջուր չկա, մեր համակարգը չէ, որ պետք է տա այդ հարցի պատասխանը»:
Անդրեասյանի խոսքով՝ մայիս ամսին տեղացած անձրևները որոշակի զսպել են ջրի պահանջը, բայց ռեզերվները էական չեն փոխվել և կառավարությունն այս տարի դիմելու է ԱԺ-ին՝ տարվա առանձնահատկություններից ելնելով Սևանից ջրի հավելյալ բացթողում անելու համար: Նա նշեց, որ տարվա սկզբին Սևանի մակարդակը 1916 մ էր, այսօր 1950 է, այսինքն՝ Սևանը 34-35 սմ տարվա սկզբից բարձրացել է: Սակայն, կոմիտեի նախագահի խոսքով, Արաքսում ջրի սակավությունը լուրջ խնդիր է, այնտեղ Սևանի ջուրն էլ հասանելի չէ, լուծում պետք է գտնել. «Դրանք նոր մեխանիկական համակարգերն են, որ որը կարողանաք շուտ ինվենտարիզացիա անել, պետք է աշխատեցնենք»:
«Ջրերը սանձվել են, թուրքերը ջրամբարներ են սարքել: Արաքսի ջուրը Բինգլյոլի ջրամբարում է: Ինչո՞ւ ջուր չկար՝ պատճառներն են կարևոր: Ջուրը կար, անձրևը կար, բախտ չկար»,- նկատեց Լ.Խաչատրյանը:
«Բախտի հարցը մենք չենք լուծում: Բախտի հարցի անալիզը, հետևությունները Արտակարգ իրավիճակի նախարարության հիդրոմետ ծառայության մոտ են: Հետևություններն իրենք են անում»,- արձագանքեց Ա.Անդրեասյանը: