Մարգվելաշվիլին շնորհավորել է Պորոշենկոյին և հրավիրվել է նրա երդմնակալությանը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոն իր երդմնակալության արարողությանն է հրավիրել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Մարգվելաշվիլին այսօր հեռախոսազրույց է ունեցել Պորոշենկոյի հետ և անձամբ է շնորհավորել նրան՝ կապված մայիսի 25-ին Ուկրաինայի նախագահական ընտրություններում նրա տարած հաղթանակի հետ:
Հեռախոսազրույցի ժամանակ Մարգվելաշվիլին ուշադրություն է հրավիրել անցկացված ընտրությունների կարևորության վրա՝ ընդգծելով, որ դրանք Ուկրաինային պետք է բերեն կայունություն:
Մարգվելաշվիլին ընդգծել է նաև երկու երկրների ու ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը: Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլուն և նրան հրավիրել է իր երդմնակալության արարողությանը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Պորոշենկոյի երդմնակալությունը կարող է անցկացվել հունիսի 8-10-ին: