Ադրբեջանը Т-90С տանկերի նոր խմբաքանակը Ռուսաստանից կստանա օգոստոսին
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Ադրբեջանի պատվիրած Т-90С տիպի մարտական տանկերի նոր խմբաքանակը Բաքվին կմատակարարի ընթացիկ տարվա օգոստոսին: Այս մասին հայտնել է ռուսական «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնը:
Օգոստոսին Ադրբեջանը կստանա 30 հատ Т-90С տանկ: Դրանց ընդունմանն ու փորձարկմանը մասնակցելու են «Ուրալվագոնզավոդի» մասնագետները: Կոնցեռնի ներկայացուցիչները հստակություն են մտցրել օրեր առաջ տարածված այն տեղեկատվության հարցում, որ «Ուրալվագոնզավոդը» ևս 100 հատ Т-90С տանկ է մատակարարելու Ադրբեջանին:
Նրանց խոսքերով՝ խոսքը գնում է 2012 թվականի պայմանագրի մասին, ըստ որի՝ Ադրբեջանը գնել է 100 հատ Т-90С տանկ: Այդ տանկերի առաջին խմբաքանակը Բաքու է հասցվել 2013 թվականի սկզբին (դրանք ցուցադրվել են նույն թվականի հունիսին Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ), իսկ մնացյալ մասի մատակարարումն իրականացվում է գրաֆիկի համաձայն:
«Ուրալվագոնզավոդի» ներկայացուցիչները հայտարարել են, որ խոսքն այստեղ չի գնում հավելյալ պատվերի մասին. «Ներկա դրությամբ իրագործվում է ընթացիկ պատվերը: Միևնույն ժամանակ շարունակվում են բանակցությունները՝ կապված նոր արտադրանքի հետ: Ներկա դրությամբ Ադրբեջանը «Ուրալվագոնզավոդի» խոշորագույն պատվիրատուն է»: