Ռուսաստանն ավարտել է T-90C տիպի 100 տանկի մատակարարումն Ադրբեջանին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ավարտել է T-90C տիպի 100 տանկից բաղկացած առաջին խմբաքանակի մատակարումն Ադրբեջանին: Հնարավոր է նաև երկրորդ անգամ նույն ծավալով մատակարարում:
Այս մասին «Կադեքս-2014» ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինը. «Ողջ խմբաքանակը՝ 100 տանկ, արդեն իսկ ուղարկվել է: Գործընթացն ավարտվել է մոտ 1 ամիս առաջ»:
Նա ընդգծել է, որ երկրորդ անգամ գրեթե նույնչափ խմբաքանակի տանկեր մատակարարելու շուրջ պայմանագիրը դեռ չի կնքվել: Բիրյուլինը հիշեցրել է, որ T-90C տիպի տանկերի մատակարարման շուրջ պայմանագիրը Մոսկվան ու Բաքուն ստորագրել են 2011 թվականին:
Բիրյուլինը մանրամասնել է, որ պլանավորված է եղել տանկերն ավելի շուտ հանձնել ադրբեջանական կողմին, սակայն գործընթացը ձգձգվել է Ադրբեջանի մեղավորությամբ, ով ուշացրել է վճարումները: