Բաժիններ՝

Արթուր Աբրահամն ասել է, թե երբ է հրաժեշտ տալու սպորտին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօրվա ասուլիսում խոսեց իր վերջին մենամարտերի և առաջիկա ծրագրերի մասին:
Համեմատություն անցկացնելով մարտի 1-ին Ռոբերտ Շտիգլիցի և մայիսի 3-ին Նիկոլա Սյեկլոչայի դեմ կայացած մենամարտերի միջև` Արթուրն ասաց, որ Շտիգլիցի հետ մենամարտը շատ ավելի բարդ էր և պատասխանատու, քանի որ նպատակ ուներ երկու տարի անց վերանվաճելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

«Բայց դե ամեն հաղթանակ իր կարևորությունն ունի»,- նկատեց նա:

Պարզաբանելով, թե ինչու էր ձախ ձեռքով մենամարտում Սյեկլոչայի դեմ` նա ասաց, որ Շտիգլիցի հետ մարտից հետո աջ ձեռքը վնասել էր, բայց դրա մասին չէր բարձրաձայնել` հակառակորդին հոգեբանական առավելություն չտալու համար:

Մինչև տարվա վերջ նախատեսվում է ևս երկու մենամարտ` օգոստոսին և դեկտեմբերին, բայց հավանական մրցակիցները դեռ հայտնի չեն:

Կարդացեք նաև

Գերմանիա կվերադառնա երկու օր անց և կշարունակի մարզումները: Նրա խոսքով` աշխարհի չեմպիոնի տիտղոս նվաճելուց հետո իր նպատակն է պահպանել ձեռք բերածը: Այն հարցին, թե ինչո՞ւ վերջին ժամանակներում նոկաուտով հաղթանակ չի գրանցվում, բռնցքամարտիկը պատասխանեց, որ այժմ ծանր քաշայինների հետ է մենամարտում, և նրանք ավելի դիմացկուն են հարվածների նկատմամբ: Այդ պատճառով էլ շեշտը դրվում է տեխնիկական հաղթանակի վրա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք նախատեսվո՞ւմ է մենամարտ անցկացնել Հայաստանում: Ի պատասխան՝ Արթուր Աբրահամը նշեց, որ շատ կցանկանար, սակայն պայմանագիր ունի կնքած, ներկայացնում է Գերմանիան և այդ պատճառով էլ առայժմ չի կարող:

168.am-ի հարցին, թե արդյոք Հայաստանում բռնցքամարտը զարգացնելու ուղղությամբ ծրագրեր ունի՞, մարզիկը պատասխանեց, որ կոնկրետ ծրագրեր առայժմ չկան, բայց կա սերտ համագործակցություն տարբեր մարզական դպրոցների, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ, և ինչով կարողանում է, օգնում է. «Ես եթե մի բան անում եմ, պիտի բարձր մակարդակով անեմ, բայց քանի որ այժմ Հայաստանում չեմ բնակվում, չեմ կարող հստակ ծրագրեր մշակել այդ ուղղությամբ»:

Մեր հարցադրումներին, թե ե՞րբ է պատրաստվում հրաժեշտ տալ սպորտին, ի՞նչ ծրագրեր ունի սպորտը թողնելուց հետո, ի՞նչ ոլորտում է իրեն պատկերացնում, Արթուրը պատասխանեց. «Գալիս է ժամանակ, երբ բոլորն էլ պիտի սպորտին հրաժեշտ տան: Երևի երկու-երեք տարի հետո ես էլ հրաժեշտ կտամ և կփորձեմ ես էլ կյանքից բան հասկանալ, քանի որ ողջ երիտասարդ տարիները նվիրում ենք սպորտին, առավոտից իրիկուն անդադար պարապում ենք և մոռանում մնացած ամեն ինչի մասին: Դա էլ մեր աշխատանքն է: Ես կցանկանայի միշտ սպորտի հետ կապ ունենալ, բայց արդեն պլանավորել եմ իմ ապագա աշխատանքը, որով հնարավորության դեպքում 24 ժամ կաշխատեի, բայց թե կոնկրետ ինչ աշխատանք է, կարիք չկա բարձրաձայնելու»:

Մարզիչ դառնալու ցանկություն ընդհանրապես չունի, քանի որ մարզչի աշխատանքը կրկնակի բարդ է և ժամանակատար: Հայաստանում մշտական բնակություն հաստատելու նպատակ էլ չունի, քանի որ, իր խոսքով, ողջ առօրյան, սպորտային ու անձնական կյանքն այնտեղ է կառուցված, բայց ծննդավայրի հանդեպ մեծ սերը իրեն հաճախ կբերի հայրենիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս