Մեկնարկել է ԼՂՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը
Մայիսի 14-ին Ստեփանակերտի Ս. Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում մեկնարկեց աթլետիկական բազմամարտի գծով ԼՂՀ Ազգային ժողովի գավաթի հերթական խաղարկությունը։
Գավաթի խաղարկության հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և փոխնախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, այլ պաշտոնատար անձինք։
ԱԺ գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք է նվաճել 3-6-րդ դասարանցիներին ընդգրկող 8 թիմ, որոնք հաղթող են ճանաչվել քաղաքային և շրջանային միջդպրոցական մրցություններում։
Հանրապետական մրցություններին ներկայացված են Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 հիմնական, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան հոսքային միջնակարգ, Հադրութի շրջանի Մեծ Թաղերի Արմենակ Խամփերյանցի անվան միջնակարգ, Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական, Շահումյանի շրջանի Ականաբերդի միջնակարգ դպրոցների առանձին, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ և թիվ 2 հիմնական, Մարտունու թիվ 2 հիմնական և Ճարտարի ու Սոսի միջնակարգ, Քաշաթաղի թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցների հավաքական թիմերը։
Խաղարկության գլխավոր մրցավարն է կրթության և գիտության նախարարության գլխավոր մասնագետ Արթուր Աթանեսյանը։
Հանդես գալով դպրոցական մարզիկներին ուղղված ողջույնի և բարեմաղթանքի խոսքով, խորհրդարանի նախագահը՝ միանգամայն խորհրդանշական համարեց, որ ԱԺ գավաթի ամենամյա խաղարկությունն ավանդաբար անց է կացվում հայոց հաղթանակների ամիս մայիսին, միևնույն ժամանակ կարևորեց այդ մարզական միջոցառման նշանակությունը՝ այն համարելով որպես մատաղ սերնդի ֆիզիկական պատրաստության, կամքի ու տոկունության ևս մեկ փորձություն։ Նա հայտնեց, որ հաղթող թիմը իրավունք կստանա մասնակցել ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկությանը։
ԼՂՀ ԱԺ գավաթի խաղարկությունը կտևի երկու օր։
ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ