
Ներկայացվել է Սթիվ Ջոբսի հայերեն կենսագրականը

Այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ԱՄՆ դեսպանությունը պաշտոնապես ներկայացրել է Apple-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսի կենսագրությունը պատմող «Սթիվ Ջոբս» գրքի հայերեն թարգմանությունը, որի հեղինակն է Ուոլթեր Այզեքսոնը: Այն տպագրել է «Անտարես» հրատարակչական ընկերությունը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր ելույթում նշել է, որ գրքում հիմնականում լավ դասեր են ներկայացված: «Անտարես» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում նշել է, որ ինքը ծրագրավորողի իր մասնագիտությունը, ինչպես նաև գիտական ասպարեզն ընտրել է Ջոբսին «հայտնաբերելուց» հետո. «Շնորհակալություն, Ջոբս, որ ես այս ասպարեզում եմ, իսկ եթե ես նրա մարդկային հատկանիշները, քաղաքացու, գործարարի հատկանիշները իմանայի՝ շատ ավելի շուտ քաղաքացի կդառնայի, քան դարձել եմ»: Ա. Մարտիրոսյանն ավելացրել է նաև, որ այս գրքից հետո հասկացել է, որ մեզ ամենաշատը պակասում է անխոհեմությունը, մենք ամեն քայլում խոհեմ ենք, մենք լռում ենք, երբ դա մեզ ձեռնտու է, բայց դրանից կարող է տուժել պետությունը: