«Հասմիկ Սևոյանի աբստրակտ մտածողությունը մեզ ստիպում է ճախրել երկնքում» (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ նկարչուհի Հասմիկ Սևոյանի վերջին երկու տարիների աշխատանքների ցուցահանդեսը: Նշենք, որ սա առաջին անգամն էր, որ նկարչուհու աշխատանքները ցուցադրվում էին Նկարիչների միությունում:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով` այս ցուցահանդեսը կարծես մի մեծ քննություն լինի Հ. Սևոյանի բարեկամների, կոլեգաների, հարազատների և հանրության առջև. «Շատ հետաքրքիր մտածելակերպ ունի Սևոյան Հասմիկը: Հաճախ աբստրակցիա անում են նրանք, ովքեր նկարել չգիտեն, և սա գաղտնիք չէ: Բայց երբ աբստրակցիայով է զբաղվում մարդ, որը տիրապետում է կերպարվեստի բոլոր գաղտնիքներին, ստացվում է արվեստ: Այլ կերպ ստացվում է ինչ-որ մի անհասկանալի ներկած կտավ: Մենք այսօր կառնչվենք արվեստի հետ»:
Արվեստաբան Պողոս Հայթայանը, ով 1994-98 թվականներին եղել է Նկարիչների միության նախագահը, ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց. «Չեմ կասկածում, որ այսօր ձեզանից յուրաքանչյուրն ապրումներ է ունենալու, և այդ ապրումները՝ Հասմիկ Սևոյանի անձից և նրա կենսագրությունից: Ձեզնից յուրաքանչյուրն այսօր գիտի, թե այս տխուր աշխարհում ինչեր են կատարվում: Որ կողմը նայում ես՝ սպանդ է: Եվ բնական է, որ գալիս ես այս դահլիճները, մտածում ես, որ հեղինակը նույնպես այդ ինֆորմացիան ունի: Եվ մարդկանց առջև բացվում է բոլորովին այլ աշխարհ, որտեղ ավելի լույս կա, սեր կա, ոգևորություն կա և նման բաներ: Բայց մենք ունենք հիշողություն: Եվ այսօր մեր առջև, բառի բուն իմաստով, իր կերպարանքն ունեցող նկարչուհի է: Մտածում եմ՝ ինչպե՞ս կարող էին Հասմիկի կենսագրության մեջ լինել և այդպիսի տխուր օրեր, և ինչպե՞ս կարող էին այդ տխուր օրերն այստեղ գրեթե չերևալ: Ուրեմն, Հասմիկն իր տխրությունը թողնում է իրեն, ուրախությունը տալիս է ձեզ և մեզ»:
168.am-հետ զրույցում Հ. Սևոյանի համակուրսեցին`Կարինե Սարգսյանն ասաց, որ ինչպես Հ. Սևոյանի հոգին է բաց, ազատ և լուսավոր, այնպես էլ նրա նկարներն են. «Անընդհատ գարուն ես զգում, բնության զարթոնք ես զգում, շատ թեթև ու գեղեցիկ ցուցահանդես է»:
Մեզ հետ զրույցի ժամանակ ճարտարագետ-նախագծող Արամայիս Ասլանյանը նկատեց, որ Հասմիկ Սևոյանի նկարչական լեզուն արտակարգ ինքնատիպ է. «Նրա աբստրակտ մտածողությունը մեզ կտրում է օրվա հոգսերից, դարձնում է թռչուն, և սկսում ես երկնքում ճախրել: Այ դա է կարևոր` Հասմիկի ներքին էներգետիկան:
Հասմիկն այս ցուցահանդեսն անելու համար ահավոր տանջանք է կրել: Նման տանջանքը հաղթահարելը մեծ հերոսություն է: Դրա համար Հասմիկն այսօր ինձ համար նաև հերոս է: Այդ տեսակ հերոսությամբ, կամքի ուժով արվեստագետներ այսօր քիչ կան: Դրա համար Հասմիկը շատ «տղամարդ» նկարիչ արվեստագետ է»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարները՝ Զավեն Խաչիկյանի