Ռուսաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին
Նոյեմբերի 9-16-ը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին։
Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում նոյեմբերի 14-ին «Զարյադյե» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի էստրադային-ջազային նվագախմբի համերգը։
Նշենք, որ մշակութային միջոցառումների ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 9-ին Սանկտ Պետերբուրգի «Բալթյան տուն» թատրոնում՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Օֆլայն» ներկայացմամբ, ինչպես նաև Հայաստանի «Բարեկամություն» պարի պետական անսամբլի համերգով, որը կայացել է Մոսկվայի Փոքր թատրոնի «Բոլշայա Օրդինկա» բեմում։
Նոյեմբերի 11-ին էլ Մոսկվայի թատերական արվեստի ստուդիայի հիմնական բեմում Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է եկել «Օֆլայն» ներկայացմամբ:
Նոյեմբերի 12-ին Մոսկվայի թատերական արվեստի ստուդիայի հիմնական բեմում Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը հանդես է եկել «Առյուծը ձմռանը» ներկայացմամբ։
Հավելենք, որ մշակույթի օրերը կամփոփվեն նոյեմբերի 16-ին՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիայի փոքր դահլիճում դաշնակահար Անահիտ Դիլբարյանի համերգով։
Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերն անցկացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնությամբ։

