ԼՂ-ի հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է համապատասխանի ամերիկյան արժեքներին. ANCA
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարություն է տարածել, որում նշել է, որ ԼՂ-ի հարցում ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքականությունը պետք է համապատասխանի ազատության ու ժողովրդավարության ամերիկյան արժեքներին:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ անկախություն ձեռք բերելուց ի վեր՝ ամերիկացիներն ամուր պաշտպանում են ազատության գաղափարը, հանդես են գալիս ազատ ժողովրդի վրա արտաքին ճնշումների դեմ:
Համբարյանի խոսքերով՝ անկախ ԼՂ-ը, ինչպես և անկախ ԱՄՆ-ը, հանդիսանում են օտար բռնապետության ու ագրեսիայի նկատմամբ ժողովրդավարական ինքնորոշման հաղթանակ: Համբարյանն ընդգծել է, որ ամերիկացիները չպետք է այլ ժողովուրդներից պահանջեն, որ նրանք ապրեն ավելի պակաս ազատ պայմաններում, քան՝ իրենք:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր հանդես է գալու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտարարությամբ, ինչի մասին նա երեկ գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: