
Կառավարությունը կմերժի պատգամավորների նախագիծը

ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Ռուբեն Հովսեփյանը, Վրեժ Մարկոսյանը և Արմեն Մխիթարյանն առաջարկում են փոփոխություններ և լրացում կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում չվճարված կենսաթոշակի գումարը պետք է վճարել անցած ամբողջ ժամանակահատվածի համար, առանց ժամկետային սահմանափակման, իսկ ՀՀ-ում չգտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարել առանց սահմանափակումների:
Պատգամավորների ներկայացրած օրինագիծը ներառված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում: Ըստ կառավարության պաշտոնյաների՝ նախագիծն ընդունվելու դեպքում էապես կավելանան կենսաթոշակների վճարմանն ուղղվող ծախսերը և համաձայն նախնական հաշվարկների, կենսաթոշակների վճարումը ֆինանսավորելու համար առաջիկա 2-3 տարիներին կպահանջվի միանվագ շուրջ 25 մլրդ դրամ, իսկ անհրաժեշտ լրացուցիչ միջոցները միջնաժամկետ ապագայում կկազմեն տարեկան շուրջ 10-15 մլրդ դրամ: Նշված ֆինանսական միջոցները նախատեսված չեն ՀՀ 2014 թ-ի պետական բյուջեով և ՀՀ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի 2015-2017թթ. պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման 2015-2016թթ. ճշգրտված և 2017 թվականի կողմնորոշիչ չափաքանակներով:
Սա նշանակում է, որ պետք է վերանայել կենսաթոշակների չափերի բարձրացման քաղաքականությունը և կենսաթոշակային ապահովության ոլորտում վարվող քաղաքականության թիրախային ցուցանիշները: Ելնելով շարադրվածից, ՀՀ կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: