Գագիկ Ծառուկյան. Բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախօրեին կայացած քաղաքական խորհրդի նիստը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Օրակարգի գլխավոր հարցը եղել է ձևավորված քաղաքական նոր իրավիճակում կուսակցության ուղենշային մոտեցումներն ու առաջիկա անելիքները: Նիստի ընթացքում քննարկվել է նաև կառավարության ծրագրի վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշման հարցը: Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է հանդես գալ հարցազրույցով ու ներկայացնել կուսակցության մոտեցումները՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Մինչև հարցազրույցը Գագիկ Ծառուկյանը ցանկություն է հայտնել լսել իր քաղաքական թիմի ներկայացուցիչների տեսակետները:
Նիստի ընթացքում ելույթներ են ունեցել խմբակցության պատգամավորներն ու քաղաքական խորհրդի ներկայացուցիչները, ովքեր նշել են, որ որևէ զիջում կուսակցության հեղինակության և արժանապատվության հաշվին բացառված է:
Դիմելով կուսակիցներին՝ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ ԲՀԿ-ն կարևոր դերակատարում է ունենալու մեր երկրի քաղաքական կյանքում, իսկ երկրի ապագայի կերտման կարևորագույն գործոնը ընտրություններն են:
Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության ներկայացուցիչներին անկեղծ զրույցի համար՝ տեղեկացնելով, որ առաջիկա հարցազրույցի ընթացքում անպայմանորեն հաշվի է առնելու առկա խնդիրների վերաբերյալ թիմակիցների տեսակետներն ու առաջադրած մոտեցումները:
ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանն իր խոսքում ասում է, որ իրենք պետք է կառավարության ծրագրին չմասնակցեն՝ դրանով հնարավորություն տալով Հովիկ Աբրահամյանին իրագործել իր ծրագիրը:
Գագիկ Ծառուկյանն էլ ասաց, թե բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ, և անձերի խնդիր չկա: Նրա խոսքով՝ կարևորը ոչ թե ծրագիրն է, այլ դրա իրականացումը:
«Կարող եմ ասել, որ բարեկամությունը դա քաղաքական կատեգորիա չէ, որ այսօր մարդիկ բարեկամության պատճառով վերլուծություն են անում, տեսակետ են ասում: Մեզ մոտ անձերի խնդիր չի եղել, հիմնական խնդիրը մոտեցումը, տեսակետն է: Ու այսօր երիկրի տնտեսական վիճակն է, ժողովրդի ապրելակերպը»,- ասաց Գ. Ծառուկյանը:
«Իսկ ծրագրի իրականացման համար պետք է հիմնովին փոխվի, որ մարդիկ վստահ լինեն, գան գումար դնեն, զարգացնեն ու մարդիկ վստահ լինեն իրենց գումարների համար, որ գալիս են իրենց հայրենի տուն, որ պաշտպանված են, գնահատված են, իրենք իրենց ամուր են զգում: Բոլորը սպասում են հետ վերադառնալու՝ կարոտները սրտներում, որ բան է փոխվելու: Իսկ որ փոխվելու է դրանում թող ոչ ոք չկասկածի. մի րոպե, մի վայրկյան չկասկածի, որ փոխվելու է, պայման ու հնարավորություն է տրվելու, մարդկանց արտոնություն է տրվելու, որ կարողանան աշխատեն, ապրեն, իրենց ամուր զգան: Իսկ խանգարողները պետք է պատժվեն»,- հավելեց Գագիկ Ծառուկյանը:
Իսկ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քառյակում տեսակետ կա, որ պետք է չքվեարկել կառավարության ծրագրին: