Կա ոչ ստանդարտ լուծումներ փնտրող մարդկանց անհրաժեշտություն. Հայկ Սարգսյան
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, Հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանը վստահ է, որ յուրաքանչյուր փոփոխություն, այդ թվում նաև կառավարության կազմի, միտված է իրավիճակն էլ ավելի բարելավելու:
«Ես մտածում եմ, որ իրավիճակի բարելավումն իրողություն կդառնա: Մոդելները, չափանիշները շատ տարբեր կարող են լինել, և անցումային երկրներին բնորոշ չեն այն մոդելները, որ կան զարգացած կամ առավել ձեռքբերում ունեցող երկրներում: Ես կարծում եմ, որ այստեղ ոչ ստանդարտ մոտեցումներ են, և միշտ չէ, որ հստակ չափանիշներով կարող ենք նման իրողություններում առաջնորդվել, դա բնորոշ է շատ անցումային երկրներին, իսկ մեզ մոտ կա ոչ ստանդարտ լուծումներ փնտրող մարդկանց անհրաժեշտություն: Ընկալումը տարբեր է՝ իմ սրտով է, իմ սրտով չի, այլ խնդիր է, լուծումները պարտադրում են ոչ ստանդարտներ մոտեցումներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հ.Սարգսյանը:
Դիտարկմանը, որ նոր նախարարները նախկինում ևս տարբեր պաշտոններ են զբաղեցրել, Հ.Սարգսյանը նշեց, որ նրանք փորձ և հմտություններ ունեցող անձինք են. «Նույն էկոնոմիկայի նախարարը գուցե նորովի կվերաիմաստավորի իր գործունեության ժամանակահատվածի բացթողումները և այլն: Այս իմաստով դրական է»:
Անդրադառնալով ֆինանսների նախաարության և ՊԵԿ-ի միավորմանը՝ Հ.Սարգսյանը նշեց, որ սպասում է ներքին կառուցվածքային վերադասավորումների, որովհետև և´ գումարներ հավաքելը, և´ ծախսելը մեկ ձեռքում տնօրինելը, թերևս, կարող է անհասկանալի դառնալ: Որոշակի գործառույթների վերաբաշխումներ և կառուցվածքային տեղաբաշխումներ պետք է լինեն նույն նախարարության ներսում»: