«Նախագահ ընտրելու խորհրդարանական մոդելն ավելի ժողովրդավարական է»
Արդեն երկրորդ շաբաթն է` Լիբանանը չի կարողանում ընտրել իր 13-րդ նախագահին: Մայիսի 25-ին լրանում է գործող նախագահ Միշել Սուլեյմանի պաշտոնավարման ժամկետը, իսկ մինչ այդ Լիբանանի խորհրդարանը պետք է ընտրի երկրի նոր նախագահ: Անցյալ չորեքշաբթի խորհրդարանական նիստի ժամանակ առաջադրված միակ թեկնածուն չհավաքեց ձայների անհրաժեշտ 2/3-րդը, իսկ այսօր կայացած նիստի ժամանակ էլ չապահովվեց քվեարկություն անցկացնելու համար անհրաժեշտ քվորումը: «Երկիրը գնում է դեպի պարապություն»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասաց Լիբանանի խորհրդարանի հինգ հայ պատգամավորներից մեկը` խորհրդարանի «Հայկական համախոհական խմբավորման» անդամ, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության փոխատենապետ Սեպուհ Կալպաքյանը: Նա նաև Լիբանանի խորհրդարանում Սաադ Հարիրիի գլխավորած «Ալ Մուստաքբալ» խորհրդարանական խմբակցության անդամ է:
Ըստ Սեպուհ Կալպաքյանի` երկրի խորհրդարանում ներկայացված երեք հիմնական քաղաքական խմբակցությունները համաձայնության չեն գալիս:
– Պարոն Կալպաքյան, արդյո՞ք Լիբանանի խորհրդարանի պատգամավորները չեն կարողանում որոշում կայացնել նախագահ ընտրելու հարցում, այլ սպասում են դրսի ուժերի միջամտությանը, ինչպես եղել է սովորաբար:
– Առայժմ այդտեղ չենք հասել: Առայժմ ներքին մակարդակով են ընթանում բանակցությունները: Ի դեպ, այս անգամ որևէ պետության արտաքին միջամտություն այնքան էլ զգալի չէ, որովհետև, եթե լիներ այդպիսի բան, արդեն իսկ առաջին կամ երկրորդ փուլից ի հայտ կգար: Տարածաշրջանի ծանր ու կարևոր հարցերի ներքո Լիբանանն ու նրա նախագահի ընտրությունը հետաքրքրություն չեն ներկայացնում դրսի ուժերի համար: Այս օրերին ու առաջիկայում իրանյան և ամերիկյան բանակցությունները կան, կան Սիրիայի և Եգիպտոսի նախագահի, Իրաքի խորհրդարանական ընտրությունները, և մեծ տերություններն ավելի շատ կենտրոնացած են այդ հարցերի ու այդ շրջանների վրա:
– Իսկ երկրի ներսում ուժերն ի՞նչ են ուզում:
– «Մարտի 8» քաղաքական ուժը փորձում է «Մարտի 14» քաղաքական ուժի մեջ ներառված ամենամեծ խմբավորման` «Ալ Մուստաքբալ» հոսանքի ղեկավար Սաադ Հարիրիին համոզել, որ թեքվի դեպի իրենց` փոխարենն ինչ-որ առաջարկներ անելով և խոստումներ տալով: Սակայն այդ ցանկությունն իրականություն դառնալուց առայժմ հեռու է, քանի որ երկու ուժերն էլ տարիներով հակասությունների մեջ էին: (Նշված երկու ուժերը 2005 թվականի մարտին ստեղծված երկրի հիմնական քաղաքական ուժերն են` Սիրիայի իշխանությունների քաղաքականության հանդեպ ունեցած հստակ ու միմյանցից խիստ տարբեր դիրքորոշմամբ.- Ա.Թ.):
Մի բան հստակ է, որ մենք գնում ենք դեպի քաղաքական դատարկություն: Չեմ կարծում, թե մինչև մայիսի 25-ն ուժերը համաձայնության գան, և Լիբանանի նախագահի ընտրությունը հավանաբար կուշանա, մինչև որ կա՛մ լիբանանցիները դրսից միջամտություն խնդրեն, կա՛մ տարածաշրջանում կարևոր հարցերն ավարտվեն, հետաքրքրություն ստեղծվի Լիբանանի հանդեպ, և ընտրությունը կայանա: Ի դեպ, այսպիսի մի շրջան եղել է. նախորդ նախագահի ընտրությունից առաջ վեց ամիս շարունակ երկիրը նախագահ չի ունեցել: Նորից գնում ենք դեպի դրան:
– Դուք ի՞նչ ուժ եք տեսնում նախագահի պաշտոնում:
– Նախ` ասեմ, որ առանց գործող ուժերի միջև համախոհության, հնարավոր չէ ընտրություն կատարել: Մենք` «Ալ Մուստաքբալ» խմբակցության անդամներս, ուզում ենք, որ մեր թեկնածուն լինի «Մարտի 14» քաղաքական ուժի շրջանակից դուրս եկած մարդ, մեզ համար այս դեպքում անձը կարևոր չէ, կարևոր են «Մարտի 14»-ի որդեգրած ուղղությունն ու նրա ապագայի ծրագրերը, որոնցից ամենակարևորն ուժեղ պետականության ստեղծումն է, ինչի համար այս քաղաքական միավորումը պայքարում է 2005 թվականից ի վեր, Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո:
Պայքարում ենք, որ պետությունն ուժեղ դառնա, երկրում չմնան այնպիսի ուժեր, որոնք իրենց ունեցած զենքերով գերակա են զգում իշխանությունների հանդեպ: Բոլորին հայտնի այդ ուժերն իբր թե այդ զենքերը պահում են Իսրայելի դեմ դիմադրության համար, բայց դրանք հաճախ դեպի երկրի ներս են ուղղվում, երբեմն էլ ուղղվում են դեպի Սիրիա, ինչը մենք ամբողջովին սխալ ենք համարում: Դա միջամտություն է այլ երկրի ներքին խնդիրներին, հենց այդ պատճառով էլ Լիբանանն ընկավ ծանր օրերի գիրկը:
Անցյալ տարի երկրում մեծ ահաբեկչական դեպքեր տեղի ունեցան. դա պատասխան էր «Հըզբոլլահ» շարժման` Սիրիա մուտք գործելուն: Հիմա, բարեբախտաբար, այդ առումով վիճակը հանդարտ է Լիբանանում, բայց դա չի նշանակում, թե չի կարող կրկնվել: Այնքան ժամանակ, որ մեր երկրում մի ուժ կա, որն իրեն թույլ է տալիս այլ երկրում զինվորական օժանդակություն իրականացնել, ուրեմն միշտ դրսից պատասխան վտանգը կա: Մինչդեռ Լիբանանի կառավարությունը Սիրիայի դեպքում որոշում է ընդունել` ցուցաբերել դրական չեզոքություն, և բոլոր ուժերին կոչ է արել չմիջամտել Սիրիայի խրթին հարցին:
– Ի դեպ, երկրի նախագահին ընտրում է խորհրդարանը: Ի՞նչ առավելություն ունի նախագահի ընտրության այդ մոդելը:
– Երկու մոդելներն էլ` ժողովրդի կողմից և Խորհրդարանում ընտրվելու, ունեն իրենց առավելությունները, բայց ես կարծում եմ, որ խորհրդարանական ձևն ավելի դեմոկրատական է` քան մյուսը: Երբ նախագահը ժողովրդի կողմից է ընտրվում, իր իրավասություններն ու լիազորությունները շատ ավելին են լինում, հետևաբար` մի մարդուց է կախված երկրի ութսուն տոկոս պատասխանատվությունը: Իսկ եթե պատահի, որ սխալ մարդ նստի այդ աթոռին, ապա կարող է երկիրը սխալ տեղ տանել: Իսկ խորհրդարանի կողմից ընտրության դեպքում միշտ հետևողական աշխատանք է տարվում, նախագահին հարց ուղղելու, կանչելու, անվստահություն հայտնելու հնարավորություն կա:
Եթե նախագահը վարչապետ պիտի նշանակի, ապա միանձնյա չի որոշում, բոլոր պատգամավորներին մեկ-մեկ կանչում է, յուրաքանչյուրից թեկնածուի անուն է հարցնում, գրում, և ամենաշատ ձայն հավաքած թեկնածուին նա ստիպված է վարչապետ նշանակել: Այդպես ավելի քիչ է սխալվելու հավանականությունը: Բայց մեզ մոտ էլ խորհրդարանական ընտրությունը թափանցիկ չէ, ընտրական օրենքն արդար չէ, ժողովրդի ճիշտ ներկայացուցիչներ չեն ընտրվում: Եթե խորհրդարանը ճիշտ ներկայացուցիչներ ընտրի, վստահ եմ` պառլամենտական ձևը շատ ավելի էֆեկտիվ ու շատ ավելի ժողովրդավարական կլինի:
Հայաստանն էլ արդեն անդրադառնում է այդ ձևին, քննարկումներ լինում են, և կարծում եմ` շուտով այս առումով փոփոխություններ կառաջարկվեն: