Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Հայաստանը ներքաշում է վտանգավոր արկածախնդրության հորձանուտ․ Գեղամ Մանուկյան

Վերջին օրերին տեղական և ոչ տեղական մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն այս ուրբաթ ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին, և, որ Թրամփի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրելու են խաղաղության ձգտման փոխըմբռնման հուշագիր, կամ, ինչպես ադրբեջանական աղբյուրներն են նկատել՝ «մտադրությունների նամակ», և ոչ թե՝ խաղաղության համաձայնագիր։

Փաշինյանի աշխատակազմը չէր հերքել շրջանառվող լուրերը, իսկ այսօր արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ oգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինյանն այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Վաշինգտոնում նա երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։

168.am-ն ««Արծիվ գործընկեր» հայ-ամերիկյան զորավարժությունները և Ադրբեջանի՝ ԱՄՆ-ի համար «որոշված» պատասխանատվությունը՝ երեկ և այսօր» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ անդրադարձել էինք Ադրբեջանի՝ ԱՄՆ-ի համար «պահած» պատասխանատվությանը՝ ըստ տվյալ քաղաքական իրավիճակի։ Օրինակ, «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան զորավարժությունների համատեքստում Ադրբեջանը հնարավոր էսկալացիայի պատասխանատու ընտրել էր Արևմուտքին և ԱՄՆ-ին, «Արծիվ գործընկեր-2025» զորավարժությունների նախօրեին Փաշինյանը և Ալիևը Թրամփի միջնորդությամբ հնարավոր է փոխըմբռնման հուշագիր ստորագրեն խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ։

Կարդացեք նաև

168.amԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում փորձել է պարզել՝ արդյո՞ք սրանով ԱՄՆ-ը մտնում է էսկալացիա թույլ չտալու պատասխանատվության տակ։

– Նախ պետք է ասել, որ կարծես այլևս սովորական և օրինաչափ է դառնում, որ հայ հասարակությունն իր անվտանգության, ապագայի հնարավոր զարգացումների, կարևոր միջազգային հանդիպումների մասին առաջինը տեղեկանում է ոչ թե պաշտոնական Երևանից, այլ ադրբեջանական և թուրքական աղբյուրներից։ Ինչպես Աբու Դաբիի հանդիպման, այնպես էլ՝ Վաշինգտոնում նախանշված բանակցությունների մասին մի քանի օր շարունակ ադրբեջանական շրջանակները զարգացնում էին թեման, և վերջին պահին միայն սկզբում կցկտուր հաստատում է ստացվում ՀՀ կառավարությունից, այնուհետև՝ պաշտոնական հաղորդագրություն տարածվում նախատեսված հանդիպումների մասին։

Դատելով ամերիկյան պաշտոնական հրապակային ծրագրից, Վաշինգտոնում տեղի ունեցողը դժվար է կոչել եռակողմ հանդիպում։ Երկու կողմերի հետ առանձնաբար բանակցելուց հետո, Թրամփը Փաշինյան-Ալիև զույգի հետ հանդես է գալու համատեղ հայտարարությամբ։

Իրականում հայկական կողմն այս հանդիպմանն էլ ոչ թե մեր երկրի անվտանգային, ապագայի ռազմավարական հարցերն է փորձելու բարձրացնել, տենչում վերականգնել տարածքային հարցեր, հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը լուծել, այլ փորձում է պարզապես ստանալ ներքաղաքական կյանքում դրոշակ դառնալիք ինչ-որ թղթի կտոր, որով Փաշինյանը փորձելու է մոլորեցնել հանրությանը։ Ինչևէ, դեպքերից շատ առաջ չընկնենք։

Մի բան փաստ է՝ ինչպես եղել է տարիներ շարունակ, այսօր էլ Հայաստանի իշխանությունը շարունակում է պատեպատ տրվող, տեղից տեղ թռչկոտող արտաքին հարաբերությունները։ Նախ՝ Ռուսաստանի, ապա՝ ԵՄ հարթակներում բանակցություններին և շուրջ երեք տարի Բաքվի հետ ուղղակի շփումներին հիմա էլ հաջորդում է Վաշինգտոնի միջնորդությամբ նոր շրջանակի գծումը, որն իր վտագավոր ազդեցությունն է ունենալու Իրանի, ինչո՞ւ ոչ՝ Ռուսաստանի՝ առանց այն էլ պրկված հարաբերությունների վրա։

Թեհրանն այլևս չի էլ թաքցնում խիստ դժոհությունն իր սահմանների երկայնքով ամերիկյան հավանական ներկայության հետ կապված։ Ներքաղաքական կյանքում թղթի կտոր ստանալու սիրույն համար Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Հայաստանը ներքաշում է վտանգավոր արկածախնդրության հորձանուտ։

– Այս ամենին զուգահեռ՝ ռուսական կողմը կարծես թե փորձում է հումանիտար ծրագրերով որոշակի սուր կետեր հարթել արցախցիների և հայ հասարակության շրջանում, հնարավոր է՝ քաղաքական մեսիջնե՞ր կան այստեղ թաքնված։

– Վերջին օրերին արցախցիներին տրվող ռուսական հումանիտար օգնության արշավը չպետք է դիտարկել լոկ մարդասիրական քայլ։ Դատելով նաև դրա քարոզչական ուղեկցումից, հստակ է, որ այն տեղի է ունենում՝ ինչպես հայ-ռուսական, այնպես էլ՝ Մոսկվայի և Բաքվի միջև սառնության ֆոնին։

– Դուք մասնագիտության բերումով շատ լավ տեղյակ լինելով Թուրքիայի պատմությանը, քաղաքական նրբություններին, կարո՞ղ եք ասել՝ Ադրբեջանի անկախությունն այսօր որքանո՞վ է վտանգված։ Ի դեպ, հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ղեկավարությամբ զինվորական բարձրագույն խորհրդի (YAŞ) նիստը և դրա համատեքստում՝ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի ունեցած կադրային փոփոխությունները, երբ մասնավորապես փոխվել է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետը, կցանկանայի, որ անդրադառնայիք նաև Թուրքիայում զինվորականության այսօրվա ազդեցիկությանը, ինչո՞ւ չէ՝ բանակի հանդեպ հասարակության վերաբերմունքին, եթե հաշվի առնենք 9 տարի առաջ տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը և այդ օրերին քաղաքացիական պահվածքը։

– Այս թեմային կարելի էր հարյուրավոր էջերով անդրադառնալ։ Իրականում Քեմալի հիմնած Թուրքիայի հանրապետությունում ավանդաբար զինվորականությունն ունեցել է անվերապահ գերիշխող դեր։ Անցնող տասնամյակներում առնվազն 3 անգամ բանակը հեղաշրջման ճանապարհով իր ձեռքն է վերցրել իշխանությունը։ Սակայն Էրդողանի իշխանության գալուց հետո, և վերջինիս ներկայիս ոխերիմ թշնամի գյուլենական շարժման ներկայացուցիչների հետ ձեռք ձեռքի տված՝ 2007 թվականից սկսյալ տարբեր պատրվակներով նա գլխատեց զինվորականությունը, բանակը լցրեց իրեն լոյալ ռազմական վերնախավով։ Եվ հիմա արդեն Թուրքիայի ներքին կյանքում բանակը չունի այն դերակատարությունը, որ ուներ երբեմնի հանրապետությունում։

Իսկ բանակի վերնախավում կատարված կադրային վերջին փոփոխություններն արտառոց իրադարձություն չէ։ Ավանդաբար երկու տարին մեկ անվտանգության խորհրդի նիստում փոխվում է գլխավոր շտաբի պետը, նաև՝ բանակային կորպուսների, տարբեր զորքերի և ժանդարմերիայի հրամանատարները։ Կան հատուկ կանոնակարգեր։ Ցամաքային զորքերի հրամանատարը դառնում է գլխավոր շտաբի պետ, իրեն փոխարինում է բանակային առաջին կորպուսի հրամանատարը, և այսպես շարունակ։

Մոտ մեկ ամսից, ըստ նախատեսվածի, ներկայացվելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ի՞նչ բովանդակություն սպասել, ի՞նչ զարգացումներ։ Ի՞նչ եք կարծում` այդ զեկույցում Փաշինյանին մտահոգող հանգամանքներ կարո՞ղ են լինել, այսինքն, ռազմական նախկին ղեկավարները կարո՞ղ են մտահոգող տեղեկություններ հայտնած լինել՝ ԳՇ նախկին պետ, պաշտպանության նախկին նախարար։ Ի դեպ, Ձեզ հաջողվե՞ց ծանոթանալ զեկույցին։

– Որքան տեղյակ եմ, անգամ իշխանական պատգամավորները հնարավորություն չեն ստացել ծանոթանալ զեկույցին։ Իսկ բուն հետաքննության մասին առանձնապես ակնկալիքներ չունեմ, և մնում ենք մեր նույն դիրքորոշմանը, որ այս Քննիչ հանձնաժողովն ունեցել է մեկ նպատակ՝ կարգել մեղավորներ ու մաքրել Նիկոլին և քաղաքական ղեկավարությանը բոլոր պատասխանատվություններից։

– Եվ վերջում։ Այսօրվա պայմաններում Դուք անվտանգային և արտաքին քաղաքական խնդիրների լուծումն ի՞նչ կերպ եք պատկերացնում։

 Պատասխանս, թերևս, լինի տարողունակ, բայց փորձեմ ներկայացնել մեր պատկերացումներն անվտանգային հարցերի շուրջ։

Հայաստանի Հանրապետությունը կանգնած է անվտանգային գոյաբանական մարտահրավերների առաջ։ 2020 թվականի պատերազմը, ինչպես նաև՝ դրան հաջորդած  տարածաշրջանային և աշխարհաքաղաքական փոփոխությունները ցույց տվեցին, որ ներկայիս Զինված ուժերի կառուցվածքն ու գաղափարական հիմքերը չեն համապատասխանում այս ժամանակի պահանջներին։ Այս բարեփոխման հայեցակարգը նպատակ ունի առաջարկել մի նոր մոդել, որը հիմնված է մարտունակության, արդարության, ազգային դիմադրողականության և ժամանակակից ռազմաքաղաքական պատասխանատվության վրա։

1. Բանակը՝ որպես պետության ու ազգի գոյության հիմք

ՀՀ Զինված ուժերը վերաձևվում են՝ ոչ որպես մեկ առանձնացված, մեկուսի կառույց, այլ՝ որպես ազգային դիմադրողականության առանցք։ Բանակը պետք է լինի ոչ թե վարչական ինստիտուտ, այլ մարտահրավերներին դիմակայող ազգային համակարգ։

Հայաստանին անհրաժեշտ է բանակ, որն ունակ է՝ առերեսվելու ժամանակակից տեխնոլոգիական պատերազմի սպառնալիքներին, վերակենդանացնելու ազգային կամքը,  ուժականությունը և ձեռք բերելու գործողությունների ռազմավարական նախաձեռնության կարողություն։

2. Հասարակական վստահության վերականգնում՝ բանակի հեղինակության միջոցով

Ծառայությունը պետք է դառնա պատիվ, ոչ թե պատիժ։ Բանակի մասին խոսքը պետք է լինի հպարտության, ոչ թե վախի աղբյուր։

3. Ատեստացիայի արմատական վերանայում և սպաների պաշտպանություն, սոցիալական արդարություն

Անարդար բանակը չի կարող լինել հաղթող բանակ։

Այսօր բանակում խորանում է սոցիալական պառակտումը։ Սպաների ատեստացիոն գործընթացը վերածվել է քաղաքական լոյալության ֆիլտրի՝ փոխարենը լինելով որակի գնահատման գործիք։

Ատեստացիայով բարձր աշխատավարձ են ստանում շտաբային ծառայողները, բարձրաստիճան հրամանատարական կազմը, իսկ պայմանագրային զինծառայողների, մասնագիտական տարբեր խմբերին մաս կազմողները, մեծամասամբ մարտական հերթապահությունում, մարտական զորմասերում գտնվողները տարբեր պատճառներով զրկվում են այդ հնարավորությունից։

Ատեստացիոն քաղաքականությունը պետք է դառնա ոչ թե լոկ աշխատավարձ բարձրացնելու միջոց, այլ պրոֆեսիոնալիզմի գնահատման գործիք։ Պետք է ներդնել բաց, բողոքարկելի, մասնագիտական փորձաքննությամբ ապահովված ընթացակարգեր։ Իսկ զինվորականության աշխատավարձերի բարձրացման հիմքում պետք է դնել բազային աշխատավարձի ավելացումը։

Ծառայությունից հետո՝

– ուսման արտոնություններ,

– հարկային արտոնություն,

– պետության աջակցության ծրագրեր։

Սա ձևավորում է բանակի շուրջ դրական սոցիալական մթնոլորտ։

4. ԱզգԲանակ հայեցակարգի վերաիմաստավորում՝ դիմադրողականության մոբիլիզացիայի համակարգ

2017թ․ «Ազգ-Բանակ» հայեցակարգը կարևոր սկզբունքներ էր ձևակերպել, սակայն չիրականացվեց ամբողջությամբ։ Հիմա եկել է պահը դրանք վերաիմաստավորելու՝ ազգային դիմադրողականության մոբիլիզացիայի համակարգի շրջանակում։

Մասնավորապես՝

– Պետք է ապահովել հասարակության և բանակի բարոյահոգեբանական կապը՝ որպես անվտանգության հիմնական ռեսուրս։

– Անհրաժեշտ է պետության ամբողջ ներուժի մոբիլիզացիա՝ անվտանգության ապահովման համար։ Եվ ոչ միայն զինվորական, այլ տնտեսական, կրթական, մշակութային ոլորտների մասնակցությամբ։

– Կայուն պահեստազորային համակարգի ներդրում, ազգային դիմադրողականության ներուժ։ Սա ենթադրում է պաշտպանական վերապատրաստում և ռազմամարզական դասընթացներ դպրոցներում, բուհերում։

– Սփյուռքի ներուժի ինտեգրում, այդ թվում՝ տեխնոլոգիական, հետախուզական, փորձագիտական առումով։

– Բանակը միայն զենք կրողը չէ։ Բանակը հայրենիքի համար կռվող, մտածող, ստեղծող ու դիմադրող ողջ հասարակությունն է։

5. Զինված ուժերը՝ պետության նոր դեմքը

Այս ծրագիրը միտված է բանակը վերածել ոչ միայն ռազմական ուժի, այլ նաև արժեքային համակարգի։ Զինվորականությունը պետք է լինի ազնվության, պատասխանատվության, հայրենանվեր ծառայության խորհրդանիշ։ Եթե ուզում ենք, որ մարդիկ չվախենան բանակից, պետք է փոխենք ոչ միայն մարդկանց վերաբերմունքը, այլև բանակի իրականությունը։

6 Ինչպես վերացնել բանակ ուղարկելու վախը

– Պետք է ապահովել նաև ներքին անվտանգություն ծառայության ընթացքում։

Այսինքն, բանակը պետք է լինի օրենքի ենթակա տարածք, ոչ թե չգրված կանոնների վայր։ Զինվորի կյանքն ու արժանապատվությունը պետք է պաշտպանված լինեն ոչ միայն թշնամուց, այլև ներսից։

– Վստահություն պետք է լինի սպայական կազմի նկատմամբ։ Ծնողները վախենում են, երբ չգիտեն՝ ում են հանձնում իրենց զավակին։ Պետք է ունենալ ուսումնասիրված, գնահատված, հոգեբանորեն պատրաստ սպայական կազմ։

– Հերոսական և դրական օրակարգի ձևավորում մեդիայում և հանրային գիտակցության մեջ։

– Շեշտը դնել հերոսության, պարտքի ու հաղթանակի վրա։ Բանակը չպետք է միայն դժբախտության աղբյուր ներկայացվի։

Տեսանյութեր

Լրահոս