Կոնստանտին Օրբելյան. «Թշնամիներ չեմ ունեցել, բայց ինձ նախանձողներ եղել են» (արխիվային հարցազրույց)
Այս հարցազրույցը Կոնստանտին Օրբելյանի հետ տեղի է ունեցել 2007թ. մարտ ամսին: Նա եկել էր Հայաստան՝ Երևանի Կամերային նվագախմբի հետ համատեղ համերգ կազմակերպելու համար։ Այդ օրերին նա Հայաստանի Կամերային նվագախմբի հետ կատարեց իր ՝«Նվիրվում է Ջորջ Գերշվինին» ստեղծագործությունը։
Հայաստանի էստրադային նվագախմբի նախկին ղեկավար, կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանն արդեն երկար ժամանակ ապրում էր Ամերիկայում։ Նա սիրում էր կրկնել, որ ինքը ոչ թե ապրում է, այլ՝ աշխատում է ԱՄՆ-ում, իսկ իր իսկական տունը Երևանում է։
Նա չէր ցանկանում վաճառել իր երևանյան բնակարանն ու անպայման տարին գոնե երկու անգամ հայրենիք էր գալիս. «Ես հայրենիքից չեմ հեռացել։ Զարմանալի է, բայց ֆրանսիացի կոմպոզիտորին, որը աշխատելու է մեկնել, ասենք, Իսպանիա, ոչ ոք չի ասի, որ նա լքել է հայրենիքը։ Նա պարզապես աշխատում է այդ երկրում»:
Իսկ թե ինչու Կ. Օրբելյանը գնաց Երևանից, որտեղ հասցրել էր լեգենդ դառնալ ու բազմաթիվ երգիչների լեգենդ դարձնել, կոմպոզիտորը չէր սիրում հիշել։ «Կտրուկ որոշում կայացրեցի ու գնացի»,- ասում էր նա ու գտնում էր, որ Լոս Անջելես տեղափոխվելն իր համար դժվար չի եղել, նույնիսկ հարկ չի եղել անգլերեն լեզուն կատարյալ սովորել, քանի որ Գլենդելում իր գրեթե բոլոր ծանոթները հայերեն են խոսում։
… Մաեստրո Օրբելյանը շատ լավատեսորեն էր տրամադրված հայ երիտասարդների հանդեպ։ Նա տեսնում էր, որ երիտասարդները վառ, գեղեցիկ ու խնամված են, և երջանիկ էր, որ նրանք չեն տեսել ու, տա Աստված, չեն էլ տեսնի ստալինյան տարիների հալածանքները։ «Ես դժվար մանկություն եմ ունեցել, հայրս ոչնչացվել էր, մայրս՝ աքսորվել։ Ինձ համար կյանքը կարծես երկրորդ անգամ Ստալինի մահից հետո սկսվեց, իսկ մինչ 1953 թվականը սարսափելի երկրում էինք ապրում»,- ասում էր նա։
Ի դեպ, 18 տարեկան Կոնստանտին Օրբելյանը հասցրել էր հատուկ ծառայությունների ուշադրությանն արժանանալ և համարվել է «ամերիկյան վտանգավոր երաժշտական ուղղության՝ ջազի տարածող»։ Կոնստանտին Օրբելյանը 14 տարեկան որբ տղա էր, երբ Հայաստանի ջազային նվագախմբի ղեկավար Արտեմի Այվազյանը նրան Բաքվից Երևան հրավիրեց։ Նույնիսկ դպրոցն էր մոռացվել, և սկսվել էր պրոֆեսիոնալ երաժշտի վերելքը։
«Ես երջանիկ էի, որ հայտնի նվագախմբում դաշնամուր եմ նվագում ու աշխատավարձ եմ ստանում»,- ասում էր նա։ Կոնստանտին Օրբելյանը բազմաթիվ կոչումներ ու շքանշաններ ունի, «Մեսրոպ Մաշտոց» և «Ոսկե խաչ» շքանշանների շարքում կա նաև շատ հետաքրքիրը. նա Ամերիկայի Գիտությունների ակադեմիայի Ալբերտ Էյնշտեյնի անվան պատվո շքանշանակիր է։
– Պարոն Օրբելյան, թեև դուք հիմա ավելի շատ ջազային ու սիմֆոնիկ ստեղծագործություններ եք գրում, սակայն հայաստանցիների հուշերում միշտ կմնաք որպես էստրադայի մարդ։
– Դա նորմալ երևույթ է, քանի որ էստրադան շատ պոպուլյար ժանր է։ Եվ հետո էլ, այդպես և պետք է լիներ, ես 36 տարի ղեկավարում էի էստրադային նվագախումբը։ Հիմա էլ եմ շարունակում աշխատել այդ ժանրում, նոր ձայնագրություններ եմ անում մեր երգիչների հետ։ Ասեմ, որ շատ լավ երիտասարդներ ունենք, որոնցից շատերին ես (եթե շարունակեի աշխատել նվագախմբի հետ) մեծ հաճույքով կհրավիրեի նվագախումբ։
– Երբ սովետական տարիներին ղեկավարում էիք նվագախումբը, ցենզուրա գոյություն ուներ։ Դժվա՞ր էր աշխատել։
– Ցենզուրան գաղափարական պրեսինգ էր։ Բայց մեզ երբեք ոչ ոք ոչինչ չի արգելել, դրա կարիքը չի եղել։ Լավ կառույց էր Գեղարվեստական խորհուրդը, որի անդամ եմ եղել նաև ես։ ԽՍՀՄ-ի Մշակույթի նախարարության Գեղխորհրդում ես քառասուն տարի աշխատել եմ, այդ խորհրդի կազմում հիանալի վարպետներ կային՝ Արկադի Ռայկինը, Լեոնիդ Ուտյոսովը։ Եվ մենք բոլորս օգնում էինք մեր երիտասարդ կոլեգաներին՝ ավելի լավ կողմնորոշվել այն ասպարեզում, որն իրենք ընտրել են։
– Նման խորհուրդների կարիքը հիմա կա՞։
– Ավելի հմուտ վարպետների խոսքը մեզ հիմա հաստատ չէր խանգարի։ Երիտասարդներին հուշել է պետք։ Երաժշտության ասպարեզում, կարծում եմ, պետք է մեծ ուշադրություն դարձնել ստեղծագործությունների կառուցման ու գործիքավորման վրա։ Շատերի պրոֆեսիոնալիզմը կաղում է։ Որպեսզի երաժիշտն իրեն վստահ զգա, պետք է երկար ու շատ սովորի։ Ժամանակակից հայ երգիչների մոտ ես ոչ ցանկալի տենդենց եմ նկատել. շատերը հակված են կատարման ռաբիսացմանը։
Մեր ժամանակներում բոլորն իրար հետ մրցում էին ու ուզում էին ավելի ժամանակակից երգել, իսկ հիմա շատ տաղանդավոր աղջիկներ ու տղաներ ձգտում են ռաբիսի, որպեսզի ավելի շատ ծափերի արժանանան։ Հասկացանք, որ «տաշի-տուշի, դու գնացիր, ես եկա, աչքերդ թաց են» երգելով՝ նրանք ուզում են դուր գալ հանդիսատեսին։ Թեքումը դեպի ռաբիսը շատ զգալի է։ Եվ հետո էլ նկատել եմ, որ ջազային ու էստրադային շատ երգիչներ ժողովրդական երգեր են երգում, կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է երգի այն ժանրում, որն իրեն սազում է։ Երգացանկի ընտրության մեջ ես շատ խնդիրներ եմ տեսնում։
– Իսկ այսօրվա ռաբիսը տարբերվո՞ւմ է 1960-70 թթ. ռաբիսից։
– Ռաբիսն ինչպես կար, այնպես էլ մնացել է։ Գիտեք, եթե ցանկացած երաժշտական ժանրում էժանագին վուլգարացում չկա, խնդրեմ՝ թող այն գոյություն ունենա։ Բայց այդ վուլգարությունը շատ երգիչների մեջ կա, շատերը սովոր են հարսանիքների ու, այսպես ասած՝ պարահանդեսների ժամանակ երգել։
– Հայտնի է, որ ձեզ Ժամանակին Մոսկվա սովորելու էր կանչում Արամ Խաչատրյանը, սակայն դուք գերադասեցինք Երևանում մնալ ու էստրադայով զբաղվել։
– Ինձ մոտ պահպանվել է Արամ Իլյիչի նամակը, որտեղ նա գրել էր. «Էստրադային նվագախմբում աշխատելով, դու կարող ես բավականին հարգանք ձեռք բերել ու ապահով ապրել, սակայն ես քեզ առաջարկում եմ անհապաղ թողնել այդ աշխատանքն ու Մոսկվա գալ»։ Բայց ես մնացի։
– Մեր էստրադային նվագախումբը զարմանալի հաջողություն ուներ աշխարհում։ Ինչի՞ շնորհիվ դա կատարվեց։
– Հայաստանում մենք միակն էինք, և թեև Մոսկվայում ու ողջ Միության կազմում մեր նման շատ բիգ-բենդեր կային, բայց մենք կարողանում էինք, այսպես ասած՝ համամիութենական մրցակցության պայմաններում հեշտ ու վառ հաղթել։ Մենք հատուկ կարգավիճակ ունեինք, կարողանում էինք ազատ հյուրախաղերի մեկնել։
– Բոլոր հայ աստղ-երգիչների երազանքը այդ նվագախմբում հայտնվելն էր։
– Ճիշտ այդպես։ Ասեմ ավելին, ոչ ոք մեզ մոտ որպես աստղ չի եկել, երգիչները մեր նվագախմբում էին աստղ դառնում, օրինակ, երիտասարդ Տաթևիկ Հովհաննիսյանը, Էլվինա Մակարյանը, Զառա Տոնիկյանը։ Նրանք փորձ էին հավաքում, սովորում էին հանդիսատեսի հետ անմիջական շփմանը։ Ես վստահ եմ, որ երգչի համար ամենակարևորը լայն հասարակության հետ կոնտակտ ձեռք բերելն է, դրան օգնում էին համերգները։ Հիմա Հայաստանում լավ երաժշտական կոլեկտիվներ կան, ես տեսնում եմ, որ նրանք ակտիվ փորձեր են անում, բայց ես ասում եմ նրանց՝ փորձերը պետք են, բայց դուք պետք է նաև համերգներ ունենաք։
Հիմա համերգների անհրաժեշտությունը չեն զգում: Իսկ կոլեկտիվն ու արտիստը կարող է «աճել» միայն բեմի վրա, հանդիսատեսի հետ շփման ժամանակ։ Ես հաճախ եմ մեր աշխատանքը ֆուտբոլիստների խաղի հետ համեմատում։
Միայն մարզվելով ֆուտբոլիստ չես դառնա, թիմը «աճում» է պայքարի մեջ՝ խաղադաշտում։ Ես երկար տարիներ ընկերություն եմ արել մեր հայտնի ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի հետ, մենք շատ էինք զրուցում ու հասկացել էինք, որ նույն պրոբլեմներն ու հարցերն ունենք։ Երկուսս էլ փորձում էինք խաղային անսամբլ ձևավորել, խաղի հոգեբանությունը հասկանալ։ Եվ հետո, և՛ մենք, և՛ ֆուտբոլիստները ցանկանում էինք դուր գալ հանդիսատեսին, նրանք պետք է գոլ խփեին, իսկ մենք պետք է լավ նվագեինք ու երգեինք։
– Իսկ լավ նվագախումբ ունենալու համար պարտադի՞ր պայման է ղեկավարի դիկտատը։ Որքան բոլորս գիտենք, ձեր որոշումները ոչ ոք վիճարկել չէր կարող։
– Ես համաձայն չեմ «դիկտատ» բառի հետ։ Այն արտիստները, որոնք գալիս էին պրոֆեսիոնալիզմ ձեռք բերելու, լուրջ աշխատելու, իրար օգնելու, վերջիվերջո՝ «աճելու» համար, իրենց շատ լավ էին զգում կոլեկտիվում։ Իսկ նրանց, ովքեր գալիս էին պարզապես զվարճանալու, հյուրախաղերի մեկնելու համար, մենք ասում էինք՝ կներեք, այդպես չի լինի։
– Երբ սահմանները փակ էին, հյուրախաղերի մեկնելը բոլորի համար ամենաբաղձալի խաղաքա՞րտն էր համարվում։
– Արտասահմանյան հյուրախաղերն՝ այո, շատ հաճելի էին, բայց մենք նաև հանրապետական հյուրախաղեր ունեինք։ Իսկ այդ հյուրախաղերը շատ դժվար պայմաններում էին անցնում, մենք տարվա մեջ ութ ամիս հյուրախաղեր էինք ունենում։ Նման լարմանը ոչ բոլորն էին դիմանում, մարդիկ ընտանիքներ ունեին ու ստիպված էին տարվա մեծ մասը տնից, երեխաներից հեռու անցկացնել։ Այդ պատճառով էլ նվագախմբում արտիստների «հոսք» կար։ Իսկ արտասահմանյան հյուրախաղերը շատերի համար խթան էին։ Մենք առաջին նվագախումբն էինք, որը ներկայացրեց ԽՍՀՄ-ը ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։ Հետո շրջել ենք ողջ Եվրոպայով, եղել ենք Աֆրիկայում, Ասիայում, Միջին Արևելքում։
– Էստրադային նվագախմբի գործունեության ավարտը բնակա՞ն երևույթ էր, թե՞ այն կարող էր էլի գոյատևել։
– 1992 թվականին ես հրաժեշտի համերգը կազմակերպեցի, իսկ մինչ այդ նվագախումբն աշխատում էր, թեև արդեն շատ բարդություններ կային, արդեն չէինք կարող ԽՍՀՄ-ի ամենալավ դահլիճներում ելույթներ ունենալ։
– Նվագախումբը ծածկո՞ւմ էր ֆինանսական ծախսերը, թե՞ միայն պետության օգնության շնորհիվ էր ապրում։
– Այսօրվա կոլեկտիվներն են պետական փողերով ապրում, կլոր տարի աշխատավարձ են ստանում ու համերգներ չեն ունենում, իսկ մենք տարեկան 200-250 պլանավորված համերգներ ենք տվել։ Հենց դա էլ կոչվում է ֆինանսական անկախություն։ Բացի նրանից, որ մենք ծածկում էինք մեր բոլոր ծախսերն ու մեզ աշխատավարձով էինք ապահովում, մենք նաև գումար էինք աշխատում, որը օգտագործվում էր ակադեմիական ժանրերին աջակցելու համար։
Մենք պոպուլյար կոլեկտիվ էինք, իսկ կարգն այնպես էր, որ պոպուլյար, կոմերցիոն խումբը պետք է օգնի ակադեմիական նվագախմբերին։ Դա նորմալ է, քանի որ առանց դոտացիայի, ասենք, Օպերայի թատրոնը գոյություն ունենալ չի կարող։ Հիմա շատերն ասում են՝ ձեր ժամանակ լավ էր, ձեզ պետությունն աշխատավարձ էր տալիս։ Ես նրանց պատասխանում եմ՝ պետությունը մեզ դոտացիա չի տվել, մենք ինքներս ենք փող աշխատել։
– Էստրադային մրցակցությունը հաճախ ուղեկցվում է անառողջ նախանձով։ Երեսուն տարի առաջ է՞լ էր այդպես։
– Հայկական էստրադայի այսօրվա վիճակը ես չեմ կարող խորը վերլուծության ենթարկել, ես վերջին 15 տարիների ընթացքում ոչ հաճախ եմ այստեղ լինում, բայց գիտեմ, որ մրցակցությունը միշտ լինում է։ Խանդի ու նախանձի տարրերը՝ նույնպես։ Նույնիսկ Մոսկվայի Մեծ թատրոնում են իրար նախանձում, հիշո՞ւմ եք՝ ինչպես թատրոնից հեռացրեցին Վոլոչկովայի նման մեծ պարուհուն։ Կամ էլ հիշեք, թե ինչպես հեռացավ Գալինա Վիշնևսկայան, այն ժամանակ թատրոնում դժվար իրավիճակ էր։
Կարծում եմ, այդպիսի բարդություններն անխուսափելի են։ Ինձ մի անգամ հարցրեցին՝ ունե՞մ արդյոք թշնամիներ, ես պատասխանեցի՝ թշնամիներ չեմ ունեցել, բայց ինձ նախանձողներ եղել են։ Ի դեպ, նրանք հիմա էլ կան։ Բոլոր նախանձողներին ուզում եմ ասել՝ ստեղծեք նման կոլեկտիվ, 36 տարի ղեկավարեք այն, տարեք այն 38 երկրներ ու դարձրեք ձեր երկրի թիվ մեկ կոլեկտիվը, հետո միայն կխոսենք։ Ժամանակին մենք կարողացել էինք առաջին անգամ ջազի հայրենիքում՝ Ամերիկայում որպես սովետական թիվ մեկ ջազային կոլեկտիվ ներկայանալ։
– Եվ սովետական ջազը հայկական դեմք ուներ։
– Այո, և հաշվի առեք, որ մենք ելույթ էինք ունենում ամերիկացի հանդիսատեսի առջև։ Իսկ մեր օրերում (ես, իհարկե, չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց պետք է ասեմ) կոլեկտիվներ են գալիս Ամերիկա, մեկ համերգ են տալիս, հետո վերադառնալով Հայաստան՝ երկար ժամանակ խոսում են իրենց աննախադեպ հաջողության մասին։
Նրանք մոռանում են, որ Գլենդելում հայերի համար կազմակերպած մեկ համերգը չի կարող ամերիկյան հյուրախաղեր համարվել։ Ժամանակին Ամերիկայում մենք քառասուն համերգներ ենք ունեցել, միայն Նյու Յորքի «Լինկոլնի կենտրոնում» յոթ անգամ ենք ելույթ ունեցել։ Ասեմ նաև, որ հաջորդ տարի հայկական ջազը կդառնա 70 տարեկան, քանի որ Արտեմի Այվազյանը ստեղծեց ազգային կոլորիտով հարուստ ու համակրելի առաջին ջազային նվագախումբը` 1938 թվականին։ Իսկ հետո, երբ 1956 թվականին ես դարձա այդ նվագախմբի ղեկավարը, ինձ հարցրեցին՝ շարունակելո՞ւ եք Այվազյանի ուղղությունը, ես պատասխանեցի՝ եթե պիտի նույնը անեմ, էլ ինչո՞ւ եմ եկել։ Ես ուզում էի ջազի ավելի ժամանակակից միջոցներն օգտագործել։
– Ցանկություն չունե՞ք կրկին էստրադային նվագախմբի հետ բեմ դուրս գալ։
– Հիմա ես ոչ մի կոլեկտիվի հետ չեմ աշխատում, խուսափում եմ բեմ դուրս գալուց։ Ես հասկանում եմ, որ այսօրվա պայմաններում դժվար է ստեղծել այն մակարդակի նվագախումբ, որն ունեցել ենք։ Արդեն չկա նվագախմբային այն «մեքենան», որին ես սովոր եմ, իսկ ցածր որակ ցուցադրել պարզապես չեմ ցանկանում, ուզում եմ մարդկանց հիշողության մեջ մնալ որպես լավագույն տարիների Հայաստանի էստրադային նվագախմբի ղեկավար։ Թող մարդիկ հիշեն ինձ մեր կոլեկտիվի լավագույն ելույթներով։
– Կա մի անձնական հարց, որը համարձակվում եմ տալ ձեզ։ Դա վերաբերում է ձեր և Ալլա Պուգաչովայի հարաբերություններին։
– Լավ կլինի, որ ոչ թե ես պատասխանեմ, այլ՝ Ալլա Բորիսովնան։ Ասեմ միայն, որ ես նրան նվիրել եմ իմ լավագույն երգերից մեկը՝ «100 ժամ երջանկությունը»:
Զրուցեց ՆՈՒՆԵ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ
2007թ.