2014 թվականին ինտերնետի վերացման վտանգը շատ իրական է. Գրիգոր Սաղյան
Ինտերնետի վերացման վտանգը կա, և այդ վտանգը դարձել է շատ իրական՝ Սնոուդենի բացահայտումներից հետո: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը՝ նշելով, որ Սնոուդենի բացահայտումներից հետո, երբ պարզվել է, որ տարբեր երկրների ղեկավարներ ու նաև բազմաթիվ այլ մարդիկ գաղտնալսվում են Միացյալ Նահանգների կառավարության կողմից, քանի որ Google-ը, Facebook-ը, Skype-ը, և այլն, պատկանում են ամերիկյան կազմակերպություններին, այդ իսկ պատճառով Բրազիլիայի և Գերմանիայի ներկայիս նախագահները նախատեսել են 2014 թվականի գարնանը Բրազիլիայում կազմակերպել Ինտերնետ կառավարման նոր համաժողով, որտեղ քննարկվելու են շատ հարցեր և հատկապես այն, թե ինչպես ինտերնետի վրա Միացյալ Նահանգների հսկայական ազդեցությունը նվազագույնի հասցնել:
Ըստ մեր զրուցակցի՝ այս խնդիրը անհանգստացնում է շատերին, քանի որ, բացի այն, որ Միացյալ Նահանգներին են պատկանում խոշոր տեխնոլոգիական ընկերությունները, որոնցից օգտվում են գրեթե բոլոր ինտերնետ օգտագործողները, այլև այդ երկրին է պատկանում գլոբալ դոմենային անվանումների ղեկավարմամբ զբաղվող ICANN կազմակերպությունը, որն այժմ IP հասցեներ ու դոմենային անուններ է տրամադրում բոլոր երկրներին:
Ըստ Գ. Սաղյանի՝ նշյալ խնդրի լուծումը որոշ երկրներ տեսնում են մեկուսացման մեջ: «Նման օրինակներ ունենք, օրինակ՝ Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, որոնք ընտրել են հետևյալ ճանապարհը. նրանք ունեն իրենց առանձին ցանցերը, որոնք ինչ-որ ձևով կպած են բոլոր ցանցերին, բայց սահմանափակումներով»,- ասաց Գ. Սաղյանը՝ նշելով, որ այդ ամենին կարող է նպաստել նաև ազգային լեզվով դոմենների գրանցման շարժումը, օրինակ՝ Ռուսաստանում կիրառվում է «.рф» դոմենը, իսկ Հայաստանը պատրաստվում է շրջանառության մեջ դնել «.հայ» մեսրոպատառ դոմենը:
Տվյալ ազգի լեզվով դոմենների գրանցումը, ըստ մեր զրուցակցի՝ սկսվել է Չինաստանից, հենց նրանք են առաջինը սկսել չինարեն հիերոգլիֆներով դոմեն ստեղծել և գրանցել իրենց ազգային դոմենները: «Այժմ, չնայած նրան, որ նրանք միացած են ինտերնետին, բայց գործնականորեն մեզ համար անհասանելի են, որովհետև ոչ մեկս չունենք չինական ստեղնաշար և չգիտենք՝ ինչպե՞ս հավաքենք այդ չինական դոմենային անունը»,- ասաց Գ. Սաղյանը՝ նշելով, որ այս կերպ տարբեր պետությունները, մասնավորապես՝ պետական իշխանություններն իրենց քաղաքականությունն ու գաղափարախոսությունն առաջ տանելու համար ցանկանում են սեգմենտացիայի և ֆրագմենտացիայի ենթարկել ինտերնետը:
«Նման վտանգ գոյություն ունի, և չի կարելի ասել, որ դրա վրա պետք չէ ուշադրություն դարձնել: Նման սեգմենտացիան ոչ մի դրական հետևանքի չի բերի Հայաստանի տեսակետից, որովհետև մեր ինտերնետային ռեսուրսները սահմանափակ են, մենք ինքնաբավ չենք և օգտվում ենք այլ երկրներում կուտակված և պահպանվող ռեսուրսներից: Ուստի, եթե ֆրագմենտացիա լինի, ապա մենք ինչ-որ մեկին, ըստ երևույթին, պետք է միանանք. դա, իհարկե, վատթարագույն սցենարն է, որի մասին շատ վաղուց էր խոսք գնում, սակայն այս ամենը շատ ավելի շուտ սկսվեց, քան սպասվում էր, և այս հարցը շատ արդիական դարձավ՝ Սնոուդենի բացահայտումներից հետո»,- ասաց Գ. Սաղյանը:
Նա նշում է, որ 2014 թվականի գարնանը Բիազիլիայում այդ հարցին նվիրված համաժողովի ժամանակ սպասվում է, որ երկրներն այս առնչությամբ պետք է իրենց դիրքորոշումն արտահայտեն:
Հարցին, թե Հայաստանը կմասնակցի՞ այդ համաժողովին թե՞ ոչ, Գ. Սաղյանը պատասխանեց. «Վստահ չեմ: Այսինքն՝ այստեղ մասնակցությունը նախատեսում է բազմաշահառու մասնակցություն՝ հ/կ-ների մասնավոր և պետական հատվածներից մասնակցությունը, և այս տեսակետից Հայաստանում արդեն իսկ հսկայական գործ է կատարվել, և Տրանսպորտի և կապի նախարարությունն առաջարկել է Կառավարությանը ստեղծել ինտերնետ կառավարման ֆորում, որին, ըստ երևույթին, կառավարությունը պետք է հավանություն տա կամ հավանություն չտա, կարծում եմ, եթե նման ֆորում կստեղծվի, ըստ երևույթին, այդ կառույցի ներկայացուցիչները կմասնակցեն այդ համաժողովին, իհարկե, այստեղ՝ այս գործընթացներին, կարևորում եմ նաև պետական մասնակցությունը»:
Նշենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ինքը չի հասկանում, թե ինչպես կարող է ամբողջ ինտերնետը կառավարվել Կալիֆոռնիայում գրանցված մի ընկերության կողմից: (Խոսքը գլոբալ դոմենային անվանումների ղեկավարմամբ զբաղվող ICANN կազմակերպության մասին է, որ գրանցված է Կալիֆոռնիայում (ԱՄՆ) և ամերիկյան օրենքներով գործող կազմակերպություն է):
Տեղեկացնենք նաև, որ ըստ «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետ Ալեքսանդր Գոստևի՝ տասնյակ ազգային ցանցեր՝ օտարերկրյա ռեսուրսների սահմանափակ հասանելիությամբ, 2014-ին կարող են փոխարինել համացանցին: