«Մեզ շրջապատող բոլոր ձայներն ունեն կոնկրետ նշանակություն և ազդեցություն»
Ասում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Էդուարդ Եղիազարյանը` կենդանիների ձայների նշանակության և ընդհանրապես մարդու վրա ձայնի ազդեցության մասին
– Դուք կենդանիների ձայներն եք ուսումնասիրում ու վերլուծում, կպատմե՞ք այդ մասին:
– Ընդհանրապես կենդանական աշխարհում կենդանիների կարգաբանական տեղը որոշելու և ճշտելու համար օգտագործում են նաև ձայնագրման մեթոդը: Այսինքն` դաշտային պայմաններում ձայնագրում են կենդանուն, իսկ հետո այդ ձայնագրությունը բերվում է լաբորատորիա, հատուկ սարքերի միջոցով ձայնի վերարտադրություն է տեղի ունենում և որոշվում է, թե տվյալ կենդանու արտաբերած ձայնն ի՞նչ է նշանակում: Իրականում կենդանու ամեն մի ձայնը շատ կարևոր նշանակություն ունի: Այն կարող է շատ տարբեր նշանակություններ ունենալ:
Օրինակ, երկկենցաղների մոտ կա 5 տեսակի ձայն, կա ամուսնական ձայն, այսինքն` սիրային խաղերի ձայն, անձրևի ձայն, երբ պետք է անձրև գա, վախի ձայն, տարածքի ձայն՝ որ տվյալ տարածքն իրենն է, և ուրիշ կենդանի չպետք է գա այդտեղ, և այլն: Այսինքն` կենդանու արձակած ամեն մի ձայն պատահական չէ և անտեղի չէ: Օրինակ, թռչունները բազմազան ձայներ են արձակում, իսկ մարդիկ երբեմն հիանում են այդ ձայներով, սակայն թռչունների ձայները, էսթետիկական հաճույք պարգևելուց բացի, ունեն նաև կենսաբանական մեծ նշանակություն, որը գիտության մեջ նոր զարգացող ուղղություն է:
Հայաստանում ես միակ մարդն եմ, որն, բացի նկարագրական կենսաբանությունից` զբաղվում եմ նաև տեխնիկայով, այդ ձայների ուսումնասիրությամբ: Նախկին Խորհրդային Միությունում ես ճանաչված եմ` որպես կենդանիների ձայների մասնագետ, որոնք շատ քիչ են իրենց թվով, ճանաչված եմ նաև Եվրոպայում, որտեղ նաև աշխատանքներ եմ կատարել:
– Ձեր աշխատանքները` կենդանիների ձայների ուսումնասիրության արդյունքները, գործնականում ի՞նչ նշանակություն ունեն:
– Օրինակ, կենդանիների այն տեսակները, որոնք Հայաստանում ոչնչացման եզրին են, փորձել ենք վերարտադրության միջոցով ավելացնել Հայաստանում: Այսինքն` Հայաստանի «Կարմիր գրքում» կա տեսակ, որը շատ քիչ, սահմանափակ արեալ ունի, և իմ գործընկերների ու Մոսկվայի համալսարանի գիտնականների հետ փորձել ենք գենետիկ ճանապարհով շերեփուկներից առանձնյակներ ստանալ և տեղափոխել դրանք Հայաստան և որոշ լճերում բաց թողնել` ապահովելով տվյալ տեսակի քանակն ու շարունակականությունը Հայաստանում: Լինելով նաև էլեկտրոնիկայի ոչ մասնագետ` սիրողական մակարդակի, դեռևս ուսանողական տարիներին կարողացել եմ ձայնագրության ավտոմատ սարքեր ստեղծել և զբաղվել կենդանիների ձայների վերլուծությամբ:
Ընդհանրապես աշխարհում կան ձայնադարաններ, ամենամեծ ձայնադարանը գտնվում է Կոռնելիի անվան համալսարանում (ԱՄՆ), որտեղ պահվում են ամբողջ ծովային և ցամաքային կենդանիների ձայները: Օրինակ, ընդունված է ասել, որ բնության մեջ ձկները համր են, բայց դա այդպես չէ: Ձկները շատ հետաքրքիր ձայն են արձակում, և այդ ձայնի արձակմանն օժանդակում է նրանց լողափամփուշտը, ինչն իրականում մի քանի ֆունկցիա է կատարում. այն և՛ ձայն հանելու համար է, և՛ շնչառության համար` հավելյալ թթվածին է մատակարարում և համարվելով` որպես հիդրոստատիկ (հավասարակշռության) օրգան, օգնում է, որպեսզի ձուկը կարողանա կարգավորել իր վեր բարձրանալը, իջնելը և այլն: Այսինքն` ձկները նույնպես ձայն են հանում, որոնք կարող են շատ տարբեր նշանակություններ ունենալ` բազմացման նշանակությունից` մինչև սերնդին պաշտպանելու նշանակություն, և այլն:
– Ընդունված կարծիք կա ձայնի բուժիչ ազդեցության մասին, ինչպե՞ս են կենդանիների ձայները կամ մարդկանց ձայներն ազդում:
– Այո, նման բան գոյություն ունի: Օրինակ, թռչունների ձայներն օգտագործվում են բժշկության մեջ` հատկապես հոգեկան ծանր վիճակով մարդկանց այդ վիճակից դուրս բերելու համար: Դրա համար հատուկ սենյակներ կան, որտեղ մտնում եք, ու այնպիսի ձայներով եք շրջապատված լինում, կարծես անտառում եք, շուրջը թռչուններ են, մի խոսքով` դուք ասես դրախտային միջավայրում եք:
Մեծ խնդիր է, օրինակ, մարդկանց ձայնի ազդեցության ուսումնասիրությունը, օրինակ` Լուչանո Պավարոտիի ձայնի ուսումնասիրությունը. այդ ինչպե՞ս է, որ այդ մարդը նման ֆենոմենալ ձայն ունի, չէ՞ որ բոլորի ձայնային ապարատը նույն կառուցվածքն ունի, կամ, օրինակ, մեր Հասմիկ Պապյանի ձայնն ինչո՞ւ է այդպես:
Աշխարհում նմանատիպ հետազոտություններ կատարում են նրանք, ովքեր մեծ լաբորատորիաներ ունեն: Իմ հին սարքերը ես արդեն դուրս եմ գրել, որովհետև այն ժամանակ, երբ ես ձայներ էի վերլուծում, օգտագործում էի մեծ օսցիլոգրաֆ (տատանագրիչ` էլեկտրական ազդանշանները դիտելու և չափելու սարք.- Լ.Մ.), այնուհետև այդ ամենը ժապավենի վրա ձայնագրում էի, այդ ժապավենը հայտածում էի (երևակում.- Լ.Մ.), հետո դարձնում էի օրիգինալ գույնի ու նոր միայն վերլուծում էի այդ ձայնը: Իսկ այսօր ոչ մի խնդիր չկա, տեխնիկական առումով` ձայնագրման ստուդիայում կարելի է դրանք հանգիստ վերլուծել:
Ես այդ աշխատանքներով զբաղվել եմ 1973 թվականից սկսած, ձայներն ուսումնասիրել եմ դեռ ուսանողական տարիքից, դա նաև իմ հոբբին էր, քանի որ նաև տեխնիկայի հետ աշխատանքն էի շատ սիրում: Իհարկե, այժմ ես հետ չեմ մնում այդ ամենից, մշտապես տպագրվում են իմ աշխատանքները, սակայն, այժմ նպատակային չեմ համարում նորից դաշտ գնալը: Բացի այդ, տարիքս էլ կապ ունի, բավական մեծացել եմ, բայց ուսանողների հետ դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ ենք կատարում:
– Հետաքրքիր է, մարդու սովորական ձայնից հնարավո՞ր է հասկանալ, օրինակ, նրա բնավորությունը, և այլն:
– Իհարկե: Ինչպես մատնահետքերը, այնպես էլ մարդու ձայնը շատ բնորոշ յուրահատկություն ունի, այսինքն` անգամ մարդու հետ զրուցելիս կարելի է իմանալ, թե տվյալ մարդու մոտ ինչ հոգեվիճակ է, և նա ինչ բնույթի մարդ է: Գիտնականները փորձ են կատարել, սովորական ջուրը վերցրել են և սառեցրել, տեսել են, որ ռոք երաժշտության ներքո այդ նույն ջրի բյուրեղները շատ անկանոն են ստացվել, իսկ դասական երաժշտության կամ հոգևոր երաժշտություն ուղեկցությամբ այն սառեցնելիս շատ գեղեցիկ և շատ համաչափ բյուրեղներ են ստացել:
Այսինքն` անգամ ջրի վրա տարբեր ձայները կարող են շատ տարբեր ազդեցություններ ունենալ: Մեկ այլ օրինակ նշեմ. կովերին կթելու ժամանակ մեծ ֆերմաներում միացնում են հանդարտ դասական երաժշտություն, և տեսնում, որ իրոք կովերի կաթնատվությունը նորմալ է, իսկ երբ միացնում են ծանր ռոք երաժշտություն, նույն կովերի կաթնատվությունն ընկնում է:
– Հայաստանում նման փորձեր արվո՞ւմ են, կամ արդյոք ֆերմաներում կիրառո՞ւմ են այս գիտելիքները:
– Դժվար թե, Հայաստանում կենդանիների ձայների ուսումնասիրությամբ միայն ես եմ զբաղվում:
– Ձայների ուսումնասիրության արդյունքներն ուրիշ ո՞ր ոլորտներում են կիրառվում:
– Օրինակ`լսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց ականջի խոռոչի իմպլանտների ուղղությամբ ցանկանում ենք մեր գիտելիքներով փորձել օգնել նման մարդկանց, բայց դա ֆինանսական մեծ ծախսեր է պահանջում, իսկ ֆինանսական նման աղբյուրներ չկան: Կարելի է, օրինակ, գիտական լաբորատորիա ստեղծել, որը կզբաղվի այդ հարցերով: Ճիշտ է, օրինակ` թեև իմպլանտը մենք չենք կարող արտադրել, բայց կարող ենք օգնել այդ ձայների ուսումնասիրությունը մարդկանց համար կամ, օրինակ`աուտիզմով հիվանդ երեխաների համար մեր գիտելիքներով օգտակար լինելու առումով, քանի որ ձայներն իրականում շատ կարևոր են: Պատահական չէ, որ նման խնդիրներով երեխաներին տանում են «Դելֆինարիում»՝ դելֆինների հետ խաղալուգ
– Ինչպիսի՞ խորհուրդներ կարող եք տալ մեր ընթերցողներին` ձայների հետ կապված, որոնք օգտակար կլինեն նրանց, գուցե բժշկական նպատակով ձայնը կիրառելու իմաստով:
– Նախ` հիշենք մեր հայկական հարսանիքները, որ գնալուց հետո երբեմն փոշմանում ես, թե ինչո՞ւ ես գնացել, որովհետև քեզ խլացնում են անճաշակ երաժշտությամբ: Նկատե՞լ եք, թե հայկական ռեստորաններում ինչ աղուկ է, սակայն պետք է նշել, որ մեր ականջն ընդունակ է ընկալելու ձայնի որոշակի ուժգնություն միայն, որից հետո ականջի մեջ առաջանում է ցավի զգացում:
Չի՞ պատահել, որ դուք բարձր ձայն եք լսում ու ասես գժվում եք: Որովհետև մարդը կարող է ընկալել և ավելի ցածր (ինֆրաձայներ)գ այնպես էլ` ավելի բարձր (ուլտրաձայներ) ձայներ, այսինքն՝ սահման կա, որից վերև կամ ներքև մարդը չի կարող ընկալել: Սա նշանակում է, որ եթե մարդը լսի՝ կարող է անգամ խելագարվել: Օրինակ, երբեմն լինում են դեպքեր, որ բանտարկյալներին տանջելու համար ուժեղ ձայներ են միացնում: Այսինքն` տանջելու, պատժելու մեթոդներից մեկը հենց ուժեղ ձայներ միացնելն է:
Մարդը մշտապես պետք է ընտրի այնպիսի միջավայր, որ հոգեկան բավականություն ստանա: Իզուր չէ, որ ասում են՝ բնության մեջ մարդիկ հանգստանում են անգամ լռությունից: Պարտադիր չէ, որ ինչ-որ ձայն լսես, կարևորն` այնպիսի մի միջավայր լինի, որը քեզ համար հաճելի լինի, քանի որ հակառակ պարագայում` հետագայում դա կարող է ազդել մարդու ամբողջ հոգեկան ներաշխարհի և ամեն ինչի վրա. մարդիկ կարող են ոչ ադեկվատ դառնալ և անգամ գժվել:
– Այսինքն` ստացվում է, որ ձայնից մարդը կարող է և՛ գժվել, և՛ բուժվել:
– Իհարկե: Օրինակ, մարդիկ կան, որ այնպիսի միջավայրում են աշխատում, ուր մշտապես այլ մարդկանց հետ շփվում են աղմկոտ միջավայրում, և նրանք խոսելուց էլ սովորականից ավելի բարձր են խոսում, չափից բարձր, որն անգամ տհաճ է: Ի դեպ, նկատե՞լ եք, որ երիտասարդությունը երաժշտություն լսելիս, ֆիլմեր դիտելիս` հիմա շատ է օգտվում ականջակալներից:
Մեր ձայնընկալման և լսողության լիմիտը շատ սահմանափակ է, այսինքն` եթե դու պետք է ապրես, օրինակ` 70 տարի, ուրեմն բնությունը քեզ օժտել է նրանով, որ դու պետք է այդ քո լսողությունն օգտագործես 70 տարի, այսինքն` ինչ-որ մի ժամանակահատվածում, սակայն ականջակալներով անընդհատ երաժշտություն լսելով, ինտենսիվ այդ աղմուկի պատճառով դու ասես սպառում ես քո այդ ռեսուրսը:
Ստացվում է, որ 40 տարեկան հասակում կարող ես ունենալ 70 տարեկան մարդու լսողություն, որովհետև ականջի այդ նյարդային բջիջները, որոնք ընկալում են ձայնը, մաշվում են: Անընդհատ այդ աղմուկի մեջ գտնվելով՝ կորցնում եք այդ ռեսուրսը, դրա համար խորհուրդ եմ տալիս, որ երիտասարդությունը այդ վատ սովորույթից անպայման հրաժարվի:
Ականջակալները համարելով մոդայիկ՝ իրենք պարզապես կորցնում են իրենց լսողությունը: Ընդհանրապես նման մարդիկ, ովքեր գրեթե միշտ ականջակալներով են լինում, միշտ բարձր են խոսում, քանի որ նրանց միշտ թվում է, թե դիմացինն իրենց լավ չի լսում: Ամենակարևոր խորհուրդս դա է. ականջակալներով երաժշտություն լսելով՝ մի՛ սպառեք ձեր լսողության ռեսուրսը:
«168 ԺԱՄ»