Ջոզեֆ Քեմբել. Հազարադեմ հերոսը գրքից
3. Հերոսը և Աստված
Հերոսի առասպելաբանական արկածի ուղին սովորաբար ամենայն անցման ծեսի ձևակերպման ընդլայնումն է` մեկուսացում-շնորհառություն-վերադարձ, ինչը կարելի է համարել մոնոառասպելի կենտրոնական բլոկը:
Հերոսը խիզախում է ուղևորվել առօրեականության աշխարհից զարմանալիի, գերբնականի ոլորտը, այնտեղ նա հանդիպում է ֆանտաստիկ ուժերի և որոշիչ հաղթանակ է տանում, այդ խորհրդավորությամբ լեցուն արկածից հերոսը վերադառնում է իր ցեղակիցներին բարիք բերելու ընդունակությամբ օժտված:
Պրոմեթևսը բարձրացավ երկինք, աստվածներից գողացավ կրակը ու իջավ: Յասոնը, անցնելով Սիմպլեգադան, ընկավ հրաշքների ծովը, խորամանկությամբ խաբեց վիշապին, որ պահպանում էր Ոսկե Գեղմը, և վերադարձավ գեղմով և օրինական գահը բռնատիրողից խլելու ուժեվ օժտված: Էնեոսը իջավ տարտարոս, լողալով անցավ Աքերոնը, կաշառեց անկաշառ Ցերբերոսին՝ կատաղի երեքգլխանի շանը, և վերջապես խոսեց իր մահացած հոր ստվերի հետ: Նրա առջև բացվեց ամեն ինչ` հոգիների ճակատագրերը, բախտը Հռոմի, որ նա պիտի հիմնադրեր, և այն, «թե ինչպես խուսափել դժբախտություններից կամ ավելի թեթև տանել դրանք»: Փղոսկրե դարպասներով նա վերադարձավ աշխարհ, իր գործերին:
Հերոսի խնդրի դժվարությունների մեծաշուք նկարագրությունը, նրա վսեմ էությունը, նրա հասողության խորությունը և ինքնազոհողությունը դրա կատարման մեջ ներկայացված են սերնդեսերունդ փոխանցվող Բուդդայի Մեծ Պայքարի մասին լեգենդում: Երիտասարդ իշխան Գաուտամա Շաքյամունին թաքուն լքեց իր հոր պալատը, իր հիանալի Կանթհաքա նժույգն հեծած հրաշքով անցավ պահպանվող դարպասներով և սուրաց գիշերվա միջով ջահերի լույսի ներքո քառիցս վաթսուն հազար աստվածների, հեշտությամբ հաղթահարեց լայնությամբ տասնմեկ բյուր և քսանութ արմունկ ձգվող վսեմաշուք գետը, իսկ հետո սրի մի հարվածով կտրեց իր արքայական խոպոպները, որից հետո մնացյալ վարսերը երկու մատի հաստությամբ հյուսվեցին աջ և կիպ բոլորեցին նրա գլուխը: Վանականի հանդերձանք հագնելով՝ նա քայլեց աշխարհով հանց չքավոր և այդ՝ առաջին հայացքից աննպատակ թափառումներից հետո ըմբռնեց ու անցավ մեդիտացիայի ութ փուլերը: Նա ևս վեց տարի ճգնակեցության մեջ անցկացրեց և իր ուժերը ենթարկելով մեծ պայքարին՝ իր ճգնակեցության մեջ հասավ ծայրագույն սահմանին և թվում էր՝ արդեն մահացել էր, բայց շուտով ուշքի եկավ: Այնուհետև նա վերադարձավ թափառիկ ճգնակյացի նվազ խիստ կյանքին:
Մի անգամ, երբ նա նստած էր ծառի տակ, հայելով աշխարհի արևելյան կողմը, ծառը շողշողաց: Հայտնվեց Սուջատա անունով պարմանուհին և նրան ոսկե գավով կաթով բրինձ մատուցեց: Երբ նա դատարկ գավը գետը նետեց, այն վեր լողաց հոսանքի հակառակ ուղղությամբ: Դա նշան էր, որ իր հաղթանակի պահը մոտ է: Նա ելավ և ուղևորվեց աստվածների գցած ճանապարհով, որի լայնությունը տասնմեկ հարյուր և քսանութ արմունկ էր: Օձերը, թռչունները, անտառային և դաշտային աստվածությունները ողջունում էին նրան ծաղիկներով և դրախտային անուշաբուրությամբ, երկնային խորքերը երաժշտություն էին հորդում. տասը հազար աշխարհներ լցված էին անուշաբուրություններով, ծաղկեփնջերով, ներդաշնության ձայներով և ողջույնի բացականչություններով, քանզի նա առ Պայծատեսության Ծառի, Բո Ծառի ճանապարհին էր, որի տակ էլ նա պիտի փրկեր տիեզերքը: Հաստատ մտադրությամբ նա տեղավորվեց Բո Ծառի տակ Անդորրավետ Վայրում, և տեղնուտեղը նրա առջև հայտնվեց Կամա-Մարան՝ սիրո և մահվան աստվածը:
Սարսափելի աստվածը հայտնվեց Փիղ հեծած, իր հազարաթև ձեռքերում զենք բռնած: Նրան շրջապատում էր մի բանակ, որ տարածվում էր տասներկու լիգ ձախ և տասներկու` նրանից աջ, իսկ նրա հետևում` մինչև աշխարհի ծայրը, այն բարձրանում էր վեր ինը լիգ: Աստվածները, տիեզերքի պահապանները, սկսեցին մարտը, բայց ապագա Բուդդան մնում էր ծառի տակ անշարժ նստած: Եվ այդժամ Կամա-Մարան գրոհեց նրա վրա՝ ձգտելով խախտել նրա կենտրոնացումը:
Ախոյանը Փրկչի վրա նետեց փոթորիկներ, քարեր, ամպրոպներ ու կայծակներ, սուր սայրերով ծխացող զենքեր, այրվող ածուխներ, տաք մոխիր, եռացող կեղտ, այրող ավազ և չորեքպատիկ խավար, բայց ամենայն նետվածը նրա դեմ Գաուտամայի տասը կատարելությունների ուժով վերածվում էին երկնային ծաղիկների և հոտավետությունների: Այդժամ Մարան նրա դեմ ուղարկեց իր դուստրերին` Ցանկություն, Պարտասում և Տենչանք, շրջապատված վավաշոտ շքախմբով, բայց նրանց չհաջողվեց շեղել Մեծն Էության բանականությունը: Վիճարկելով Անդորրավետ Վայրում նրա նստելու իրավունքը, աստվածը զայրույթի մեջ նետեց իր ածելու սայրի պես սուր սկավառակը և հրամայեց իր զորքի մոլեգնած արմադային նրա վրա լեռնաբեկորներ նետել: Սակայն ապագա Բուդդան լոկ ձեռքը շարժեց, որպեսզի մատների ծայրերով դիպչի հողին, այդ կերպ Երկրի աստվածուհուն կոչելով վկայելու իր նստելու իրավունքն այնտեղ, ուր նա նստած է: Եվ աստվածուհին հաստատեց դա բյուրավոր, հազարավոր, հարյուր հազարավոր ամպրոպներով, և ախոյանի փիղը հարգալից խոնարհումով ծնկի եկավ ապագա Բուդդայի առաջ: Բանակը տեղնուտեղը ցրվեց, և աշխարհի բոլոր աստվածները ծաղիկներ շաղ տվեցին:
Մայրամուտից առաջ՝ այդ նախնական հաղթանակը տանելուց հետո, հաղթանակողը գիշերասկզբին ձեռք բերեց իր նախորդ կյանքերի իմացությունը, գիշերվա երկրորդ մասում` ամենիմաց տեսունակության աստվածային ակնը և վերջնամասում` պատճառականության շղթայի ըմբռնումը: Արշալույսի վրա գալուն պես նա լիակատար պայծառատեսություն ապրեց:
Այնուհետև Գաուտաման, այժմ արդեն՝ Բուդդան, Պայծառատեսը, նստած էր անշարժ երանության մեջ: Յոթ օր նա կանգնած էր կողքը և հայում էր այն տեղը, ուր պայծառատեսություն էր ձեռք բերել, յոթ օր նա քայլում էր ընդմեջ այն տեղի, ուր նստած էր, և այն տեղի, ուր կանգնած էր, յոթ օր նա կենում էր աստվածների կանգնեցրած վրանում և քննում էր պատճառականության ու փրկության ուսմունքը. յոթ օր նա նստած էր այն ծառի տակ, ուր պարմանուհի Սուջատան նրան կաթով բրինձ մատուցեց և մեդիտացիա էր անում վասն Նիրվանայի երանության ուսմունքի, նա անցավ մեկ այլ ծառի մոտ, և յոթ օր մոլեգնում էր սարսափելի փոթորիկը, բայց ծառի արմատներից հայտնվեց Օձերի Թագավորը և իր կնգուղը պարզելով՝ պաշտպանեց Բուդդային, և, ի վերջո, յոթ օր Բուդդան նստեց չորրորդ ծառի տակ՝ դեռևս ախորժանք ապրելով ազատագրման երանությունից: Անուհետև նա տարակուսեց, որ կարող է իր հայտնությունը փոխանցել այլոց, և մտածեց, որ իմաստնությունը պահի իր ներսում, բայց երկնքից վար իջավ Բրահմա աստվածը և նրան խնդրեց դառնալ աստվածների ու մարդկանց ուսուցիչը: Այսպիսով Բուդդան մոտեցավ այն բանին, որ ազդարարի Ուղին: Եվ այնժամ նա հետ ուղևորվեց մարդկանց քաղաքները, ուր շփվելով աշխարհի բնակիչների հետ՝ նա նրանց պարգևում էր Ճանապարհի իմացության անգին երանությունը:
Համանման մի բան ասվում է Հին Կտակարանում՝ Մովսեսի մասին լեգենդում, ով Իսրայելի որդվոց Եգիպտոսից ելքի երրորդ ամսում իր ժողովրդի հետ եկավ Սինայի անապատը, և այնտեղ Իսրայելի որդիք լեռան դեմ-հանդիման ճամբար բացեցին: Եվ Մովսեսը ելավ լեռը, և Աստված լեռան վրայից կանչեց նրան: Աստված նրան տվեց Օրենքի Քարե տախտակները և հրամայեց Մովսեսին դրանցով վերադառնալ Իսրայելի որդվոց` Աստծո ընտրյալ ժողովրդի մոտ:
Հրեական ժողովրդական լեգենդն ասում է, որ հայտնության օրը Սինա լեռան վրայից զանազան ամպրոպներ էին հասնում. «Կայծակների բռնկումներ, որ ուղեկցվում էին փողերի հարաճուն խորով, որը ժողովրդին ահուդողի մեջ էր գցում: Աստված երկինքն առ երկիր խոնարհեցրեց. երկիրը շարժման մեջ դրեց և թափ տվեց աշխարհի սահմանները, այնպես որ խորխորատները դողացին և ահը պատեց երկինքը: Նրա մեծությունը դրսևորվեց չորս բաների միջոցով` կրակի, երկրաշարժի, փոթորիկի և կարկուտի: Երկրի թագավորները դողդողացին իրենց պալատներում: Ինքը երկիրն ահով սպասում էր արդեն մեռյալների հարությանը, երբ նա ստիպված կլինի պատասխան տալու սպանվածների արյան համար, որ նա կլլել է, և մահացյալների մարմինների համար, որ ինքը թաքցրել է: Երկիրը չհանգստացավ մինչև այն պահը, որ լսեց Տասը Պատվիրանների առաջին խոսքերը:
Երկինքը բացվեց, և Սինա լեռը, երկրից ազատվելով, վեր բարձրացավ, այնպես որ նրա բարձունքը գնաց առ երկինք, դիպչելով Աստծո գահի ստորոտին, իսկ նրա լանջերը ծածկեց թանձր ամպը: Հայտնվեց Աստված, որ մի կողմից ուղեկցվում էր երկու հազար հրեշտակներով, Լեվիտների համար նախատեսված թագերով` միակ ցեղի, որ հավատարիմ մնաց Աստծուն, այնինչ մյուսները երկրպագում էին Ոսկե Հորթին: Մյուս կողմում վաթսուն հազար երեք հազար հինգ հարյուր հիսուն հրեշտակներ, յուրաքանչյուրը հրե թագով իսրայելական ժողովրդի յուրաքանչյուր որդու համար: Երկու անգամ ավելի շատ հրեշտակ էր կանգնած երրորդ կողմում, այնինչ չորրորդ կողմից անթիվ անհամար բազմություն էր: Քանզի Աստված հայտնվեց ոչ թե մի կողմից, այլ մեկեն միաժամանակ բոլոր կողմերից, ինչը, սակայն, չխանգարեց ոչ երկնքին և ոչ էլ երկրին լցվել նրա փառքով: Չնայած այդ անթիվ անհամար բանակին, Սինա լեռան վրա քաշքշուկ չկար, խառնակություն չկար, բոլորին տեղը բավում էր»:
Ինչպես մենք շուտով կտեսնենք, հերոսի արկածը, որպես կանոն, հետևում է վերը ներկայացված կենտրոնական բլոկի տրամաբանությանը, անկախ այն բանից, թե արդյոք այն ներկայացվա՞ծ է մեզ իր ընդարձակությամբ համարյա անպատկերացնելի Արևելքի պատկերներում, էներգիայով լեցուն հույների նարատիվներում կամ Աստվածաշնչի վսեմաշուք բանատողերում` առանձնացումն աշխարհից, հաղորդությունը ինչ-որ ուժի ակունքի և վերադարձը նոր էներգիայի բերմամբ առ կյանքի՝ մի ժամանակ լքված հունը: Ողջ Արևելքը օրհնված էր այն բարիքով, որ իր հետ բերեց Գաուտամա Բուդդան` նրա զարմանալի ուսմունքով Բարի Օրենքի մասին, ճիշտ այնպես, ինչպես Արևմուտքը` Մովսեսի Դեկալոգով: Հույները կրակի հայտնվելը մարդկանց մոտ բացատրում էին իրենց Պրոմեթևսի երևելի սխրանքով, իսկ հռոմեացիները իրենց աշխարհին հենարան ծառայող քաղաքի հիմնադրումը վերագրում էին Էնեոսին, որ լքել էր ընկած Տրոյան և եղել էր մեռյալների անդրշիրիմյան աշխարհում:
Ամենուր, անկախ հետաքրքրության ոլորտից (լինի դա կրոնականի, քաղաքականի կամ անձնականի ոլորտը), իսկապես կրեատիվ գործողությունները պատկերացվում են որպես սկզբում աշխարհի հանդեպ յուրատեսակ մահացում ենթադրող, այն բանի հանդեպ, ինչ որ տեղի է ունենում հերոսի անգոյության շրջանում, որից հետո նա վերադառնում է վերածնված, մեծարված և ստեղծարար ուժով լեցուն, մարդկությունը նույնպես միակարծիք է: Այդ պատճառով մենք ստիպված կլինենք լոկ հետևելու բազում հերոսական ֆիգուրներին, որոնք անցնում են համապարփակ արկածի դասական փուլերը, որպեսզի դարձյալ տեսնեն այն, ինչը միշտ տրված է եղել հայտնության մեջ: Դա մեզ կօգնի գիտակցելու ոչ միայն այդ կերպարների նշանակությունը ժամանակակից կյանքի համար, այլ նաև մարդկային ոգու միասնությունը իր ձգտումներում և հեղհեղուկություններում, իր ուժի և իմաստնության մեջ:
Հաջորդ էջերում մի հավաքական արկածի ձևով կներկայացվեն պատումներ յուրաքանչյուր մարդու մի շարք համաշխարհային ճակատագրաառաք սիմվոլների մասին: Առաջին մեծ փուլը՝ մեկուսացման կամ ելքի փուլը, կներկայացվի 1-ին գլխի 1-ին մասի հինգ ենթաբաժիններում` (1) «Կանչն առ ճամփորդություններ», կամ հերոսի կոչման նշանները, (2) «կանչի ժխտումը», կամ անխոհեմ փախուստն աստծուց, (3) «Գերբնական հովանավորությունը», անսպասելի սատարումը նրան, ով բռնել է իր համար նախատեսված արկածի ճանապարհը, (4) «Առաջին շեմի հաղթահարումը», (5) «Կետաձկան որովայնում», կամ մուտք գիշերվա թագավորություն: Շնորհառության փորձությունների և հաղթանակների փուլը կդիտարկվի 2-րդ գլխի վեց ենթաբաժիններում` (1) «Փորձությունների ճանապարհը», կամ աստվածների վտանգավոր դեմքերը, (2) «Հանդիպումն Աստվածուհու հետ» (Magna Mater), կամ վերստին ձեռք բերված մանկության երանությունը, (3) «Կինը որպես գայթակղություն», Էդիպոսի կռահում ու հոգեվարքը, (4) «Հաշտեցումը հոր հետ», (5) «Աստվածարում» (6) «Վարձատրություն ճանապարհի վերջին»:
Վերադարձը և միավորումը հասարակությանը, ինչն անհրաժեշտ է աշխարհի հոգևոր էներգիայի վերականգնման համար և, հասարակության տեսանկյունից, երկարատև ճգնակեցության արդարացումն է, իսկ հերոսի համար կարող է ամենածանր փորձությունը լինել: Քանզի երբ նա, Բուդդայի նման, բոլոր դժվարությունները հաղթահարելով, հասնում է բացարձակ պայծառատեսության լիակատար ներդաշնակության, վտանգ է հայտնվում, որ այդ վիճակի երանությունը կարող է ջնջել ողջ նրա հիշողությունը աշխարհի վշտերի մասին, նրա ողջ հետաքրքրությունն առ դա և դրա ձգտումները, կամ էլ առ պայծառատեսությունը ճանապարհի բացատրությունը մարդկանց, որ ծանրաբեռնված են կենցաղային խնդիրներով, նրան կարող է բավական բարդ թվալ: Մյուս կողմից, եթե հերոսը այն բանի փոխարեն, որպեսզի անցնի բոլոր նախնական փորձությունները, Պրոմեթևսի նման, պարզապես ձգտում է նպատակին և տիրանում է (ուժով, խորամանկությամբ կամ հաջողության շնորհիվ) աշխարհի համար նախատեսված երջանկությանը, այն ուժերը, որոնք նա հավասարակշռությունից դուրս է բերել, կարող են այնպիսի վրդովմունք ապրել, որ նա կոչնչացվի ինչպես դրսից, այնպես էլ ներսից` կխաչվի հանց Պրոմեթևսը, սեփական անգիտակցականի ժայռին, որը նա ուզում էր անպատիժ շրջանցել: Կամ մի բան էլ, հերոսը բարեհաջող և պատրաստակամ վերադառնում է աշխարհ և դեմ է առնում լիակատար անհասկացողության և անտարբերության նրանց կողմից, ում նա եկել է օգնելու, և նրա գործերը անհաջողության են մատնվում: Հերոսական արկածախնդրության հնարավոր ելքի քննարկումը ներկայացված է ստորև բերվող երրորդ գլխում, որը վեց ենթավերնագրով է` «Հրաժարում վերադարձից», կամ աշխարհի ժխտումը, (2) «Հրաշալի ազատումը» կամ Պրոմեթևսի փախուստը, (3) Փրկությունը ներսից, (4) «Շեմի հատումը, որ տանում է առ առօրեականություն», կամ վերադարձ դեպի առօրեականության աշխարհ, (5) «Երկու աշխարհների տիրակալը», (6) «Ապրելու ազատությունը», գերագույն երանության բնույթն ու գործառույթը:
Մոնոմիֆի հավաքական հերոսն իրեն դրսևորում է որպես բացառապես օժտված պերսոնաժ: Շատ հաճախ խմբակցությունը նրան երկրպագում է, հաճախ էլ նա չընդունված կամ նույնիսկ արհամարված է: Նրան կամ աշխարհին, որում նա ապրում է, կամ երկուսին միասին չի բավում ինչ-որ սիմվոլիկ բան: Հեքիաթներում դա կարող է լինել այնքան աննշան մի բան, ինչպես, օրինակ, ոսկե մատանու բացակայությունը, այնինչ հայտնության պատկերում խոսքը ողջ երկրի և ողջ մարդկության ֆիզիկական կամ հոգևոր խաթարվածության մասին է, որը վերածվել կամ արդեն գտնվում է ավերակի վերածվելու սահմանագծին:
Որպես կանոն, հեքիաթի հերոսը ձգտում է լոկալ հաղթանակի, իր միկրոտիեզերքի սահմաններում, իսկ առասպելի հերոսը` համաշխարհային-պատմական, մակրոտիեզերական հաղթանակի: Այնինչ առաջինը փոքր կամ արհամարհված երեխան է, որը դառնում է առանձնահատուկ ընդունակությունների տեր` հաղթանակ է տանում իր ճնշողների նկատմամբ, և վերջինս իր արկածի արդյունքում միջոց է ստանում ամբողջությամբ վերցրած իր հասարակության վերածննդի համար: Ցեղային կամ լոկալ հերոսները, այնպիսիք, ինչպիսիք էին կայսր Խուան Դին, Մովսեսը կամ ացտեկների Տեցկատլիպոկան, փոխանցում են իրենց ձեռք բերած բարիքը մեն միակ ժողովրդի, համընդհանուր հերոսները` Հիսուսը, Մուհամեդը, Գաուտամա Բուդդան, իրենց ուղերձն են ուղղում ողջ աշխարհին:
Անկախ այն բանից՝ ծիծաղելի է մեր հերոսը կամ թե մեծությամբ լեցուն է, հույն է նա թե բարբարոս, հրեա է թե ոչ հրեա, նրա արկածը ոչ նշանակալիորեն շեղվում է ընդհանուր պլանից: Ժողովրդական հեքիաթները նկարագրում են հերոսական արարքը որպես լիովին նյութական, բարձր զարգացած կրոնները ներկայացնում են սխրագործությունը որպես հոգևոր բան, չնայած դրան՝ արկածի կազմաբանության, գործող անձանց և տարած հաղթանակների միջև շատ քիչ տարբերություն է հայտնաբերվում: Եթե արքետիպային սխեմայի այս կամ այն հիմնական տարրը տվյալ հեքիաթում, լեգենդում, ծեսում կամ առասպելում բաց թողնված է, այն պարտադիր կերպով ենթադրվում է, իսկ ինքը՝ բացթողումը, ինչպես մենք շուտով կտեսնենք, շատ բան կարող է պատմել մեզ տվյալ օրինակի պատմության և պաթոլոգիայի մասին:
2-րդ մասը՝ «Տիեզերաբանական շարքը, մեր առջև ծավալում է աշխարհի ստեղծման և կործանման տեսիլքը. որպես հայտնություն ուղարկված հերոսին՝ ի նշան նրա խնդրի հաջող իրագործման: 1-ին գլուխը, Էմանացիաները, պատմում են դատարկությունից տիեզերքի զանազան ձևերի ծագման մասին: 2-րդ գլուխը՝ «Անարատ հղիությունը», նվիրված է կանացի սկզբի ստեղծարար ու փրկարար դերին՝ որպես Տիեզերքի Մայր մակրոտիեզերքի մակարդակի վրա, իսկ այնուհետև Հերոսի Մոր, մարդու միկրոտիեզերքի մակարդակի վրա: 3-րդ գլուխը՝ «Հերոսի փոխակերպութունները», դիտարկում է մարդկության լեգենդար պատմության ընթացքը տիպական փուլերի միջոցով, ուր հերոսը հայտնվում է բեմի վրա զանազան ձևերով, ամարդկային ցեղի փոփոխվող բարիքներին համապատասխան: Եվ վերջապես, 4-րդ գլուխը՝ «Տարրալուծումը», պատմում է նախատեսված վերջի մասին` սկզբում հերոսի, իսկ այնուհետև՝ նրան շրջապատող աշխարհի:
Բոլոր մայրցամաքների սրբազան գրերում տիեզերաբանական ցիկլը ներկայացված է զարմանալի մշտակայությամբ, և դա հերոսի արկածին նոր, հետաքրքիր շրջադարձ է հաղորդում, քանզի հիմա պարզվում է, որ նրա վտանգավոր ձեռնարկը նոր ձեռքբերելիք բան չէր, այլ կորցրածի ձեռքբերման, ոչ թե առջնահայտնություն, այլ կրկնաբացահայտում: Որոնվող և վտանգով գրավված աստվածային ուժերը բացվում են մեր առջև որպես ի սկզբանե հերոսի մեջ ապրող ուժեր: Նա «արքայորդի է», որ իմանում է, թե ով է ինքն իրականում, և դրա հետ մեկտեղ դառնում է իրեն ներհատուկ ուժի տերը, որ հասու է լինում այդ տիտղոսի ողջ լիությանը: Այդ տեսանկյունից, հերոսը խորհրդանշում է այն ստեղծարար ու քավիչ կերպարը, որը թաքնված է մեզանից յուրաքանչյուրի ներսում և լոկ սպասում է, թե երբ իրեն կճանաչեն և կմարմնավորեն առ կյանք:
«Քանզի միասնականը, դառնալով բազում, մնում է Միասնական և անտրոհելի, սակայն իր յուրաքանչյուր մասում կա ողջ Քրիստոս»,- կարդում ենք մենք Սուրբ Սիմեոն կրտսերի (949-1022) գրերում: «Ես տեսա Նրան իմ տանը,- շարունակում է սուրբը:- Նա հայտնվեց հանկարծ ողջ այս առօրյա իրերի մեջ և դարձավ անարտահայտելի միացված ու ձուլված ինձ և մտավ իմ մեջ ասես թե մեր միջև ոչինչ չկար, ինչպես կրակն ու երկաթը և լույսն ու ապակին: Եվ նա ինձ դարձրեց հանց կրակ ու լույս: Եվ ես դարձա այն, ինչը որ ես տեսնում և հայում էի հեռվից: Ես չգիտեմ, թե ինչպես ձեզ հաղորդեմ այդ հրաշքըգ Ես բնույթով մարդ եմ և Աստված ըստ Տիրոջ ողորմածության»:
Այդպիսի տեսիլ նկարագրվում է և Եվայի պարականոն Ավետարանում: «Ես կանգնած էի բարձր լեռան վրա և տեսա վիթխարի տղամարդու և մյուսին` գաճաճին, և ես լսեցի կարծես թե ամպրոպի ձայնը և ավելի մոտեցա, որպեսզի լսեմ, և Նա խոսեց առ ինձ ասաց. Ես դու եմ, և դու Ես, և ուր էլ որ դու լինես, այնտեղ կամ և Ես:
Ես ցրված եմ ամեն ինչում, և երբ էլ դու կամենաս, դու կժողվես ինձ և, ինձ կլանելով, դու կլանում ես Քեզ»:
Այսպիսով, երկուսն էլ` հերոսն ու նրա ծայրագույն աստվածը, հարցապնդող և հարցապնդվող` ընկալվում են որպես մեկ, ինքն իրեն արտացոլող գաղտնիքի արտաքին և ներքին կողմերը, գաղտնիքի, որը նույնական է դրսևորված աշխարհի գաղտնախորհրդին: Մեծ հերոսի մեծ սխրագործությունն այն է, որ ցույց տա միասնությունը բազմակիության մեջ, իսկ այնուհետև պատմի այդ մասին ուրիշներին:
4. Տիեզերքի կենտրոնը
Հերոսի արկածի հաջող եզրափակման հետևանքը լինում է ազատագրումը և ներմղումն առ կենաց հոսքի աշխարհը: Այդ հոսքի հրաշքը կարող է ներկայացվել ֆիզիկական իմաստով՝ որպես կենարար սուբստանցիայի շրջապտույտ, դինամիկորեն՝ որպես էներգիայի հոսք, իսկ հոգեպես՝ որպես բարձրագույն բարօրության դսևորում: Այդպիսի պատկերացումները հեշտությամբ փոխարինում են միմյանց՝ արտացոլելով միևնույն կենաց ուժի խտացման երեք աստիճանները: Առատ բերքը Տիրոջ ողորմածության նշանն է, Տիրոջ ողորմածությունը հոգու սնունդն է, կայծակի հարվածը բարեբեր անձրևի նախագուշակն է և միաժամանակ ազատագրված աստվածային էներգիայի: Աստծո ողորմածությունը, սնող մատերիան, էներգիան` այդ ամենը լցվում է կենդանի աշխարհ, և ամեն անգամ, երբ այդ պրոցեսը կանգ է առնում, կյանքը քայքայվում և անցնում է մահվան:
Այդ հոսքը բխում է անտեսանելի ակունքից, նրա ներմղման վայրը տիեզերքի սիմվոլիկ շրջանակի կենտրոնն է, Անդորրավետ Վայրը Բուդդայի մասին լեգենդից, որի շուրջ, կարելի է ասել, պտտվում է աշխարհը: Այդ կետի տակ տեղադրված է երկիրը պահող տիեզերական օձի գլուխը, վիշապի գլուխը, որ խորհրդանշում է խորխորատի ջրերը, որոնք աստվածային կենսաստեղծ էներգիան են և արարչի սուբստանցիան, անմահ էության աշխարհաստեղծ տեսանկյունը: Կենաց ծառը, այսինքն՝ հենց ինքը՝ տիեզերքը, աճում է այդ կետից: Իր արմատներով այն գնում է դեպի իրեն պահող խավարը, նրա բարձրակետում արևի ոսկե թռչունն է, նրա ստորոտի մոտ խոխոջում է առվակը, որ սկիզբ է առնում անհատնում ակունքից: Կամ դա կարող է լինել տիեզերական լեռան պատկերը՝ նրա բարձունքին աստվածների քաղաքով, հար և նման լոտոսի լույսին, և դևերի քաղաքներով նրա ընդերքում՝ թանկարժեք քարերով լուսավորված: Դա կարող է լինել, դարձյալ, տիեզերական տղամարդու կամ կնոջ կերպարանքը (օրինակ, ինքը՝ Բուդդան, կամ պարող հնդկական աստվածուհի Կալին), որոնք նստած կամ կանգնած են այդ տեղում կամ նույնիսկ գամված են ծառին (Աթիսը, Քրիստոս, Վոթանը), քանզի հերոսը՝ որպես Աստծո մարմնավորում, հենց ինքը աշխարհի կենտրոնն է, պորտը, որի միջոցով հավերժության էներգիաները լցվում են ժամանակի մեջ: Այսպիսով, դա Երկրի Պորտն է` անդադար արարման սիմվոլը, աշխարհի պահպանման գաղտնախորհրդի նորոգման հավերժական հրաշքը, որը բխում է բոլոր իրերից:
Կանզասի հյուսիսային տարածքների և Նեբրասկայի հարավի պաունի ցեղի հնդկացիների մոտ մոգը Խակո ծիսակատարման ժամանակ ոտքի մատով շրջան է գծում: Պատմում են, որ այդ ընթացքում մոգն հետևյալն է ասում. «Այս շրջանը բուն է ներկայացնում, և այն նկարվում է ոտքի մատով այն պատճառով, որ արծիվը բուն է սարքում իր ճանկերով:
Թեպետ մենք ընդօրինակում ենք բուն սարքող թռչնին, այդ գործողությունը նաև ուրիշ իմաստ ունի, մենք մտածում ենք այն մասին, թե ինչպես է Տիրավան ստեղծում աշխարհը, որում պետք է ապրեն մարդիկ: Եթե դուք բարձրանաք բարձր լեռ և շուրջբոլորը նայեք, ապա կտեսնեք, թե ինչպես բոլոր կողմերից երկինքը դիպչում է երկրին, իսկ այդ շրջանով պատված տարածության ներսում ապրում են մարդիկ: Այդ պատճառով մեր ամեն մի գծած շրջանը ոչ միայն բուն է, այլև շրջան է ներկայացնում, որը Տիրավա-ատիուսը արարել է այն բանի համար, որ դրանում ապրեն բոլոր մարդիկ: Շրջանը նաև խորհրդանշում է խմբի, ցեղի, տոհմի ազգակցությունը»:
Երկնակամարը հանդարտվում է երկրի չորս կողմերում, երբեմն պահվում է, կարիատիդների նման, չորս արքաներով, թզուկներով, փղերով կամ կրիաներով: Աստեղից էլ շրջանի քառակուսացման (չլուծվող խնդրի) մաթեմատիկական պրոբլեմի ավանդական իմաստը, դրանում է պարփակված երկնային ձևերի երկրայինի փոխակերպման գաղտնիքը:
Օջախը տանը, խորանը տաճարում երկրի անվագունդն են, Տիեզերքի մոր արգանդը, ում կրակը կյանքի կրակն է: Իսկ անցքը վրանի կտուրին կամ վերնամասը, բարձունքը կամ գմբեթի լապտերը ներկայացնում են երկնքի միջուկը կամ կենտրոնակետը` արևային դուռը, որի միջոցով հոգիները վերադառնում են ժամանակից հետ՝ դեպի հավերժություն, հանց վերառաքումների բույրը, որ այրվում է կյանքի կրակում և բարձրանում ծավալվող ծխի սռնիով երկրային անվագնդից դեպի երկնային անվագունդը: Այդպիսով լցվող արևը Աստծո թասն է, անհատնելի Գրաալը, որը զոհաբերության սոբստանցիայով լեցուն է, քանզի Տիրոջ մարմինը ճշմարիտ սնունդ է, իսկ արյունը Նրա ճշմարիտ ըմպելիք է: Միաժամանակ այն ողջ մարդկության ստնտուն է: Արեգակի շողը, վառվող օջախը, խորհրդանշում է երկնային էներգիայի անցումը դեպի աշխարհի ընդերքը, և նույնպես սռնի է, որ միավորում և պտտում է երկու անիվները: Ընդմեջ արևային դռան անդադար շրջապտտվում է էներգիան: Նրա միջոցով իջնում է Աստված և բաձրանում է մարդը: «Ես եմ դուռը, ով մտնի Ինձնով նա կփրկվի, և կմտնի ու կելնի և կյանք կգտնի»: «Իմ մարմինը ճաշակողը և Իմ Արյունը խմողը կենում է Իմ մեջ և Ես Նրա մեջ»:
Մշակույթի համար, որ դեռ կենում է առասպելաբանության օրորոցում, և՛ ընդհանուր լանդշաֆտը, և՛ մարդկային գոյության յուրաքանչյուր փուլը կենդանանում է խորհրդանշական ակնարկների շնորհիվ: Բլուրներն ու ձորերն ունեն իրենց գերբնական պահապանները և կապված են աշխարհաստեղծման լոկալ տարբերակի լայնորեն հայտնի դրվագների հետ: Բացի դրանից՝ ամենուր կան իրենց յուրահատուկ սրբավայրերը: Բոլոր տեղերը, ուր հերոսը ծնվել, պայքարել է կամ դարձյալ գնացել է դեպ անգոյություն, նշված են ու սրբազնացված: Այնտեղ տաճար է կանգնեցվում, որ նշում և ներշնչում է կատարյալ կենտրոնայնության հրաշքը, քանզի այդ վայրը դեպի անսպառ ակունք անցման տեղն է: Ինչ-որ մեկն այդ տեղում հայտնաբերել է հավերժությունը: Այդ պատճառով հենց այդ վայրն ինքը կարող է նպաստել արդյունավետ մեդիտացիային: Որպես կանոն, այդպիսի տաճարներն իրենց կառուցվածքում վերարտադրում են համաշխարհային հորիզոնի չորս ուղղությունները, իսկ կենտրոնում տեղադրված սրբազան վայրը կամ խորանը խորհրդանշում են Անսպառության կետը: Մարդը, որ մտնում է տաճարի ներսը և մոտենում է սրբություն սրբոցին, նմանակում է ճշմարիտ հերոսի սխրանքը: Նրա նպատակը համապարփակ սխեմայի կրկնությունն է, որ ինքն իր ներսում արթնացման և կյանքը կենտրոնացնող ու նորոգող ձևի վերարտադրման միջոց է ծառայում:
Հին քաղաքները կառուցված են տաճարների նմանությամբ, նրանց գլխավոր դարպասները տեղակայված են չորս ուղղություններով, այնինչ կենտրոնում կանգնած է քաղաքի աստվածային հիմնադրի սրբավայրը: Քաղաքի բնակիչներն ապրում և անում են իրենց գործերը այդ սիմվոլով թելադրված սահմաններում: Նմանապես, քաղաքի ինչ-որ սկիզբը ներկայացնող միջուկի շուրջ տեղակայվում են ազգային և համաշխարհային կրոնների ոլորտները` արևմտյան քրիստոնեությունը Հռոմի շուրջ, իսլամը Մեքքայի շուրջ: Բոլոր մուսուլմանների՝ օրը երեք անգամ համաձայնեցված խոնարհումները, որոնք, աշխարհին համապատասխան անվաճաղերի հանգույն, ուղղված են կենտրոնին, որում տեղադրված է Քահաբան, և կազմում են «ենթարկման» վիթխարի կենդանի սիմվոլը, յուրաքանչյուրի և ամենքի ենթարկումն Ալլահի կամքին:
«Քանզի հենց Նա,- կարդում ենք Ղուրանում,- կցուցանի քեզ այն ամենի ճշմարտությունը, ինչ դու անում ես»: Եվ դարձյալ` մեծ տաճարը կարող է կանգնեցվել ուր ասես: Քանի որ ի վերջո Ամենայն ինչ կենում է ամենուր, և ցանկացած կետ կարող է դառնալ ուժի կացարանը: Առասպելում ցանկացած խոտի ծեղ կարող է փրկչի կերպարանք առնել և բերի փնտրող ճամփորդին իր սեփական սրտի սրբություն սրբոցը:
Շարունակելի…
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ