Հայկական սերիալներում կյանքը գորշ ու դառն է, լեզուն՝ խայտառակություն․ Էլֆիք Զոհրաբյան
«Իրերը պետք է կոչել իրական անուններով․ եթե վախենում եք դա անել իրական կյանքում, ապա փորձեք անել հեքիաթում»,- ժամանակին ասել է դանիացի աշխարհահռչակ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենը։
Իսկ թե ի՞նչ է մտածում հայ հեքիաթագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը, պարզել ենք զրույցի ընթացքում։
– Ի՞նչ է հեքիաթը Ձեզ համար։
– Կյանքը՝ հեքիաթի մեջ, հեքիաթի ձևով։
– Ինչի՞ մասին չեք խոսում կյանքում, բայց անդրադառնում եք հեքիաթում։
– Երբեմն ինձ մեղադրում են, որ խեղճ երեխաներին ծանրաբեռնում եմ մտքերով, բայց իրականում ես չեմ ասում, որ հենց երեխաների համար եմ գրում։
– Ո՞ր տարիքից հայտնվեցիք հեքիաթների աշխարհում։
– Եթե չեմ սխալվում՝ 11 տարեկանից սկսել եմ գրել։
– Հիշո՞ւմ եք, թե ինչի մասին էր առաջին հեքիաթը։
– Առաջին հեքիաթը հիմա չեմ մտաբերի, սակայն հիշում եմ, որ Հանս Քրիստիան Անդերսենից ազդվելով եմ գրել։ Հետո մի փոքր շրջան եղավ, որ Օսկար Ուայլդի ազդեցության ներքո էի՝ գեղեցկապաշտության, էսթետիզմի դրսևորումներն էին ստեղծագործություններում։ Հետո այս ամենն անցավ։ Հեքիաթագիրները մինչև կյանքի վերջը կայանում են, չենք կարող ասել՝ վե՛րջ, ամեն ինչ ավարտված է։ Անընդհատ նոր բաներ են գտնում։
– Երբ սկսել եք գրել՝ առաջինը հեքիա՞թ էր։
– Այո։ Բանաստեղծություններ գրելն ինձ մոտ չի ստացվել։ Իմն է նաև դրամատուրգիան։
– Հիմա մարդկանց կեսը կամ գրում է, կամ երգում, նկարում։ Եթե խոսենք գրողներից, ապա ի՞նչ ճանապարհ է անցնում հեքիաթագիրը։ Ե՞րբ պետք է մարդն իրեն համարի գրող։
– Ճիշտն ասած, չեմ մտածել այդ մասին։ Մարդն իրեն գրող պետք է համարի՞, թե՞ չհամարի։ Կարևորը՝ այդ ստեղծագործությունը խոսի ընթերցողի հետ, կարողանա ազդել, տպավորություն գործել։ Դու նաև պետք է լինես քո ժամանակի հայելին։ Իհարկե, պարտադիր պետք է ունենաս հզոր երևակայություն, գրական տեխնիկա և այլն։ Տարիների կենսափորձը, չեմ ասում՝ պարտադիր, բայց նույնպես անհրաժեշտ է, որովհետև կարող է հանճար ծնվել, ու իր մոտ առանց կենսափորձի ստացվի գրել։ Ինչ վերաբերում է ինձ՝ կարևորում եմ տեխնիկան և կենսափորձը։
– Ամեն մարդու կյանքը մի հեքիաթ է․ որքա՞ն հաճախ են իրական կյանքի պատմությունները դառնում հեքիաթի թեմա։
– Իմ դեպքում գրեթե բոլորը վերցված են կյանքից։ Պետք է դիտողունակ լինես և շատ լավ ուսումնասիրես կյանքը, քո շուրջը. գրելու այնքա՜ն նյութ կա։ Պարզապես ինչպե՞ս ես մատուցում, գրում… այդ ինչպեսն է, որ գրողին գրող է դարձնում։
– Կա՞ թեմա, որին ուզում եք անդրադառնալ, բայց, ասպես ասած, ռիսկ չեք անում։
– Երևի թե ոչ։ Ինչ ուզում եմ՝ ասում եմ։ Ի վերջո, սատիրա էլ եմ գրում։ Վերջին շրջանում հեքիաթներ ու պիեսներ եմ գրում, ոչ պատմվածքներ։ Հատուկ չեմ նստում, մտածում, որ այ, հիմա պետք է պատմվածք գրեմ։ Մարդիկ կան՝ ամիսը մեկ մի բան են գրում՝ զարմանում եմ։ Արտադրամաս չենք։ Ասելիքը պետք է կուտակվի։
2018թ․, երբ գնացել էի Գերմանիա՝ Հայաստանը ներկայացնելու, մեկ օրվա մեջ մի բան պետք է գրեինք, տարբեր ազգի ներկայացուցիչներ կային, ու բոլորի նյութերն էկրանին էին հայտնվում, գերմանացի պրոֆեսորը քննարկում էր։ Անգամ բայեր կան, որոնք պետք է օգտագործվեն դրամատուրգիայում, որպեսզի դինամիզմ հաղորդվի տեքստին։ Հաճախ բողոքում ենք սերիալներից, այ, մեր սցենարիստներն այդ դպրոցը չեն անցնում, կամ իրենք իրենց վրա շատ քիչ են աշխատում, դրա համար էլ մերժում եմ սերիալներում նկարահանվելու առաջարկները։ Եթե գրական հենքն ուժեղ չեղավ՝ համարեք, որ ինչ էլ արվի, միևնույն է՝ բարձրարժեք գործ չենք ստանա։
– Այո, հայկական սերիալներից շատերն են դժգոհում։ Հիմնականում կարծես օդից ընկած կամ երազում տեսած թեմաների մասին խոսեն։ Ներկայացնում են այնպիսի ընտանիքներ, կերպարներ, որոնց հազարից մեկ կհանդիպես իրականում, բայց սերիալում տպավորություն է՝ հասարակության մեծ մասն է այդպիսին։ Հենց դրա համա՞ր եք մերժում։
– Գիտեք, խորքային չեն, իրար նման են։ Բնավորություն, հումոր չկա։ Կյանքը միայն գորշ ու դառն է, լեզուն՝ խայտառակություն։ Ոչ թե կիսագրագետ, երբեմն անգրագետ տեքստեր են գրվում։ Երբ ասում ես, հակադարձում են, թե՝ փող չունենք, կամ ասում են՝ ժողովուրդն է ուզում։ Ոչ, ժողովուրդը նման բան չի պահանջում։ Լավը մատուցեք՝ տեսեք, ժողովուրդը չի՞ համտեսի։
– Սերիալից վերադառնանք հեքիաթի աշխարհ։ Ո՞ր հեքիաթի հերոսին եք Ձեզ նմանեցնում։
– Գրողը կարող է լինել բոլոր հեքիաթներում և կարող է ոչ մի հեքիաթում լիարժեք չլինել։
– Ձեր հեքիաթներում որպես կերպար՝ Դուք կա՞ք, այսինքն՝ անդրադառնո՞ւմ եք սեփական թերություններին կամ առավելություններին։
– Այո, կարողանում եմ գնալ ինքնահեգնանքի։ Իմ թերությունների վրա ծիծաղում եմ սատիրաներում։ Հեքիաթների մեջ մի քիչ այլ է։ Բնավորության գծերից օգտագործում եմ, բայց որ ասեմ՝ այս կերպարն ամբողջովին ես եմ, ոչ։
– Վերջերս արժանացել եք Մարկ Տվենի անվան գրական միջազգային մրցանակի՝ հաղթելով «Գրականություն երեխաների համար» անվանակարգում։ Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել մրցույթին։
– Ծանոթներիցս մեկն ասաց մրցույթի մասին, գործերցս մի քանիսն ուղարկել էի ու մոռացել։ Օրերից մեկ օր էլեկտրոնային փոստիս նամակ եկավ, որտեղ նշված էր, որ մրցանակակիրների շարքում եմ։ Ոգևորիչ է, ուրախ եմ, որ նաև դրսում գնահատվեց։ Սա այն դեպքն է, երբ չեմ կարող շնորհակալ չլինել ընթերցողներին, որոնք կարդացել էին «Բյուրեղապակե մարդը» գիրքն ու դրական արձագանքել։
– Հեքիաթը հայերե՞ն, թե՞ անգլերեն լեզվով էիք ուղարկել։
– Թարգմանված տարբերակն եմ ուղարկել։ Դեռևս գիրքը թարգմանված չէ։ Օրինակ, Գերմանիայում 3-4 գործ թարգմանվել ու տպագրվել է Անթոլոգիայում։
– Որքանով գիտեմ՝ առաջին գրողն եք, որ նման մրցանակի է արժանացել․ ավելի պարտավորվա՞ծ եք զգում։
– Պարտավորվածություն, պատասխանատվություն եմ զգում։ Հասկանում ես, որ քո խոսքը կարող է ազդել նաև դրսում։ Իսկ այսօր միջազգայնացումը շատ կարևոր է։ Այն մեզ պետք է բառի ամենալայն իմաստով։ Հատկապես դրսում նոր սերունդը շատ չէ, որ գիտի Հայաստանի, արժեքների, արդի արվեստի ու մշակույթի մասին։
– Բացի ՀՀ ԳՄ անդամությունը՝ դարձել եք նաև Հյուսիսային Ամերիկայի Գրողների միության անդամ։ Սա ի՞նչ է տալիս գրողին։
– Պրովոկացիոն հարց եք տալիս։ Իրականում ոչ շնորհք է տալիս, ոչ տաղանդ։ Ինչ ունես՝ ունես։ Լինում են հանդիպումներ, հանգստանում ես Ծաղկաձորում և Սևանում։ Մեծ ընտանիք է, որի անդամն ես դառնում։
– ԱՄՆ-ի դեպքում էլ այնտե՞ղ եք գնում, պտտվում։
– Չեմ գնացել դեռ։ Ուղղակի իրենք առաջարկեցին, ասացին՝ հնարավորություններ կան և այլն, ու չմերժեցի։
– Ստեղծագործելու համար Ձեզ ի՞նչ է պետք․ հատուկ մթնոլո՞րտ եք ապահովում։
– Կենտրոնացում։ Սևանի Գրողների հանգստյան տանն ամռանը շատ հաճելի է, երբ պատշգամբում նստում ես, դիմացդ Սևանն է, ճայերը ու լռություն է։ Շատ գեղեցիկ է։ Կարողանում ես կենտրոնանալ, գրել, կարդալ կուտակված գրքերը։
– Ժամանակակի՞ց գրականություն եք ընթերցում, թե՞ դասական։
– Երկուսն էլ։ Կարևորը՝ լավը լինի։ Հիմա ժամանակն այնքան կարճ է, որ պետք է ընտրես՝ ինչ կարդալ։ Ժամանակն ափսոս է։ Լինում է այնպես, որ գրչակից ընկերները գրքեր են նվիրում և սպասում կարծիքի։ Պետք է կարդամ՝ անկախ նրանից՝ հաջո՞ղ է, թե՞ ոչ այնքան։ Նաև գրականագետ եմ ու պարտավոր եմ իմանալ, թե այսօր ինչ է գրվում։
– Կա՞ գրող, ում կուզեիք հանդիպել։
– Կցանկանայի հանդիպել Անդերսենին, Օսկար Ուայլդին։ Շատ գրողների եմ կարդում հիմա․ Օթֆրիդ Փրոյսլեր, Իմանտ Զիեդոնիս, Ռոալդ Դալլ։ Իհարկե, խոնարհվում եմ Հովհաննես Թումանյանի առջև․ նրան պաշտում եմ։ Ես սիրահարված եմ նրա բոլոր գործերին, հոդվածներին։ Թումանյանը խորն է, պարզ, բայց այսօր պետք չէ նրա ոճով գրել, փորձել նմանակել։ Պետք է բերել նորը։ Թումանյանը նոր լավ գրողներին մեծ տեղ կտար՝ չկամություն հաստատ չէր դրսևորի։ Մենք ունենք այդ չկամությունը, նորը չենք ընդունում, կամ անցնում են տարիներ ու հանկարծ հայտնաբերում ենք, թե՝ վա՜յ, այսպիսի բա՞ն է եղել կամ այսպիսի բա՞ն է գրվել։
– Խոսենք «Բյուրեղապակե մարդը» հեքիաթի մասին, որտեղ հետաքրքիր շեշտադրումներ կան։ Ընդգծում եք, որ յուրաքանչյուր մարդ պետք է հաշվի առնի, թե դիմացինը գուցե բյուրեղապակե մարդն է, և աշխատի չնեղացնել նրան։ Մեր օրերում շատերը դիտավորյալ են որևէ մեկին նեղացնում ու սպասում են, թե երբ այդ մարդը փշուր-փշուր կլինի, որ իրենք ուրախանան։ Հեքիաթն ինչ-որ մեկի մտածելակերպը փոխե՞լ է։ Եկել ու ասե՞լ են, որ փոշմանել են։
– Արվեստը կարող է ազդել։ Չեմ կարող ասել, որ կարող է փոխել։ Երբ կրտսեր տարիքի ընթեցողներն են վերլուծում՝ հաճախ շատ առողջ ձևով են ընկալում։ Պատանեկան շրջանում քեզ թվում է, որ պետք է աշխարհը փոխես, մարդիկ բարիանան, բայց հետո գալիս ես այն եզրակացությանը, որ` ոչ։ Կար հեքիաթ, որ բանակ զորակոչվելուց առաջ էի գրել։ Այնտեղ սոխակն ու սիրամարգը երգի մրցույթի են մասնակցում, սիրամարգը փորձում է հաղթել, բայց հանձնաժողովը որոշում է մրցանակը տալ սոխակին։ Զորացրվելուց հետո եկա ու վերջին մասը փոխեցի․ հաղթում է սիրամարգը, բայց սոխակի շուրջը հավաքվում են մյուս թռչունները, հիացած լսում նրա երգն ու ասում, որ աշխարհի աչքը կույր չէ։ Փաստացի՝ մրցանակը տվել էին սիրամարգին, որը ուժ, թիկունք ունի։
– «Սեր և քուանշ» լիրիկական կոմեդիայում մի քիչ հակասական տողեր կան։ Ասում եք՝ լինում են բարի, բայց ոչ չար մարդիկ։ Լինում են սիրո պակաս ունեցող մարդիկ։ Սա կարծես այն երևույթի նման լինի, որ մեկը, օրինակ, վիտամինների պակասից լավ չի զգում, ասում են՝ ամուսնացի՛ր, կանցնի։ Հիմա Դուք հույս եք տալիս, որ սիրո պակա՞սն է։ Չեք հավատո՞ւմ, որ չար մարդիկ կան։
– Իրականում, երբ վերլուծում ես, հաճախ հասկանում ես, որ չար մարդիկ սիրո պակասի հետևանքով են այդպիսի քայլեր անում։ Ընտանիքում, հասարակությունում սիրված ո՞ր մարդն է նման բաներ իրեն թույլ տալիս։ Իհարկե, չկա այնպիսի մարդ, ում բոլորը սիրում են կամ ատում, բայց դա մեծ ազդեցություն ունի։
– Կարծո՞ւմ եք։ Շատ մարդկանց «սիրում» են, քանի դեռ նրանցից օգուտ ունեն։
– Խոսքն իսկական սիրո մասին է, ոչ թե քծնանքի, պնակալիզության։
– Որքա՞ն հաճախ են Ձեր սիրտը կոտրել։
– Օրը մեջ (ծիծաղում է:- Ա․Կ)։ Պարտադիր չէ՝ կոնկրետ ինձ վերաբերի։ Ինչ-որ մի բան որ տեսնում եմ՝ մեր ազգին, հայրենիքին է դիպչում՝ դա էլ կարող է ինձ կոտրել։ Չեմ սիրում անարդարություն, անազնվություն։
– Քանի որ նաև դրամատուրգ եք, այսպիսի մի հարց․ թատրոններում հայ դրամատուրգների ստեղծագործությունները չեն բեմադրվում, ավելի շատ արտասահմանյան հեղինակներ են, սա ինչո՞վ է պայմանավորված։
– Բեմադրում են, բայց քիչ։ Պայմանավորված է մեր օտարամոլությամբ։ Երբեմն այնպիսի միջակ, միջակից ցածր դրամատուրգների գործեր են բեմադրում, որ զարմանում ես, բայց հասկանում ես, որ տվյալ ռեժիսորն առհասարակ տեղյակ չէ գրականությունից, դրամայի տեսությունից, լիարժեք գրագետ չէ։ Շատ լուրջ հարց է․ վերջերս հայտնի մարդկանցից մեկին ասացի, որ՝ ձեր թատրոնը տառապում է օտարամոլությամբ։ Նա վիրավորվեց, սակայն այս դեպքում դա ինձ քիչ է հետաքրքրում, որովհետև առանց ազգային դրամատուրգիայի՝ չկա ազգային թատրոն։ Այդ մասին ո՞վ պետք է մտածի։ Ռեժիսորն ու դրամատուրգը թող համագործակցեն, ստեղծեն պիես։ Մասնավոր դրսևորումներ կան, բայց դա օրինաչափություն չէ։
– Տպավորություն է, որ թատրոնն էլ է շոու-բիզնեսի վերածվում։ Բեմադրում են այնպիսի ներկայացումներ, որոնք փողաբեր կլինեն։
– Թատրոնն այդ մասին էլ պետք է հոգ տանի, որովհետև առանց դրա չի կարող։ Թատրոնին ասում են՝ այսքան պետք է աշխատես ու այսքան գումար տաս, պետությունը տալիս է, դու էլ այսքանը պետք է վերադարձնես։ Հայաստանում թատրոնները լավ ակտիվ գործում են, լավ ներկայացումներ կան, սակայն թիրախային բոլոր խմբերի համար պետք է ներկայացումներ ունենան։
– Մի առիթով ասել եք, որ պետք է այնպես ստեղծագործես, որ հետո գրածիդ համար չամաչես, գլուխդ չկախես։ Չի՞ եղել, որ օգտագործեք այնպիսի բառապաշար կամ վերցնեք այնպիսի թեմա՝ զուտ նրա համար, որ շահութաբեր կլինի, կնպաստի գրքի վաճառքին։
– Նման բանի մասին չեմ կարող մտածել։ Սա մի բան է, որին դեմ եմ։ Գրի՛ր այնպես, որ շատ հետաքրքիր լինի։ Իհարկե, ամեն շերտ իր հետաքրքրությունն ունի, բայց այն ինձ չի հետաքրքրում։ Կարող ես այնպես գրել, որ ամեն մեկին իր չափով հետաքրքրի։ Կան դասական գործեր, որ շատերին են հետաքրքրում՝ բանվորից մինչև նախագահ։ Դա քո գրելու ձիրքից է կախված։
– Յուրաքանչյուրի համար կարևոր է իր անունը։ Երբեմն ասում են՝ մարդու անունից է կախված իր հաջողությունը։ Ձեր անունն ո՞վ է ընտրել և ինչո՞ւ։
– Անունս ընտրել է մայրական կողմի տատիկս։ Իրենց պատմելով՝ ցանկացել են յուրահատուկ անուն դնել։ Եվ այնպիսի անուն են դրել, որ կեղծանուն ընտրելու կարիք չունեմ։ Պուրիտանիզմով տառապող մարդիկ երբեմն ասում են՝ ինչո՞ւ այդ օտար անունը․․․։ Դե, հիմա սա է։ Չցանկացա անունս փոխել։ Անվան հետ հաջողությունը կապելու մասին չեմ մտածել, բայց լավ է, որ շաբլոն անուն չեն դրել։ Ոչ մի շաբլոն բան չեմ սիրում, այն ինձ շատ վանում է, ատում եմ։
– Եթե Ձեզ համար անուն ընտրեիք, ո՞րը կլիներ։
– Չգիտեմ, չեմ մտածել։ Հայկական լավ անուններ ունենք, բայց հիմա չեմ կարող կենտրոնանալ՝ ժամանակը կգնա։
– Հանս Քրիստիան Անդերսենն ունեցել է մի շարք վախեր, որոնցից մեկն էլ ատամը հեռացնելն է եղել։ Նա նշել է, որ ատամների քանակը կապ ունի ստեղծագործական մտքի հետ, դրանով է ներշնչվում, և, եթե որևէ ատամ հեռացնեն՝ գուցե կորցնի գրելու ունակությունը։ Դուք ունե՞ք նման վախեր։
– Ունեմ վախեր, գուցե տարօրինակություն է։ Ինչքան ժամացույց կա տանը, ձեռքիս՝ միշտ 10 րոպե առաջ է․ երբեմն ասում եմ՝ ինչո՞ւ է այդպես։ Նույն ժամը որ լինի՝ ինձ հետ չգիտեմ, թե ինչ կկատարվի։ Պետք է միշտ առաջ լինի։
– Լոռեցիները հայտնի են իրենց հումորով։ Որպես լոռեցի՝ որևէ մեկը կհիշե՞ք։
– Ասում է՝ անձրև է գալիս, լոռեցին հարցնում է՝ դռա՞նը։