Երբ ՀՀ-ն դառնա օրինավոր երկիր՝ բոլորը վազելով գալու են․ Սոֆի Խաչմանյան

168TV-ի զրուցակիցն ամերիկաբնակ արվեստագետ Սոֆի Խաչմանյանն է։

Օրերս լույս տեսավ «Կաթողիկոսի հանդերձանքի պատկերագրությունը հայ միջնադարյան մանրանկարչության մեջ» գիրքը։ Ինչո՞ւ եք հենց այս թեման ընտրել։

– Մագիստրոսական թեզի համար ընտրել էի «Կենաց ծառի խորհրդաբանությունը հայկական տարազների և տեքստիլի մեջ» թեման, և վերջում՝ որպես եզրակացություն, պահանջում էին ասել, թե սրանից հետո ի՞նչ ուսումնասիրություն պետք է անել։ Մտածեցի, որ անպայման պետք է ուսումնասիրել Կաթողիկոսի հանդերձանքը։

– Ուսումնասիրության ընթացքում ի՞նչն է Ձեզ զարմացրել։

Կարդացեք նաև

– Շատ բաներ։ Կրոնական հագուստի մասին ուսումնասիրություններ մեծ մասամբ կատարել են մեր հոգևոր հայրերը։ Հիմնականում ներկայացրել են քրիստոնեական փիլիսոփայության դիտանկյունից։ Խորհրդաբանական տարրերը գալիս են դեռևս Քրիստոսից առաջ կրոնական, ծիսական փիլիսոփայությունից, ինչպես, օրինակ՝ կաթողիկոսական կամ եպիսկոպոսական խույրը՝ թագը։ Նման խույրեր կրել են նաև մեր թագավորները։

– Հետաքրքիր է, որ բարձրաստիճան հոգևորականների հողաթափերն այլ տեսք են ունեցել։ Ի՞նչ են ասեղնագործել դրանց վրա։

– Հողաթափի մի ոտքի մեջ օձ է, մյուսում՝ կարիճ։ Նույն օձը Կաթողիկոսի գավազանին է, իսկ նրա թագը ձուկ է։ Ըստ հին խորհրդաբանական սիստեմների՝ օձը, ձուկը և վիշապը հեթանոսական աստծո խոհրդաբանական տարրերն են եղել, որոնք մի դեպքում հայտնվել են Կաթողիկոսի ոտքի տակ, մյուս դեպքում՝ գավազանին։ Մինչև չգնաս խորքերը՝ չես կարող բացահայտել։ Աստվածաշնչում ասվում է, որ չարաբաստիկ օձը, որ Եվային խաբեց, դարձել է չար սիմվոլ՝ հայտնվել է ոտքի տակ՝ կոշիկի կամ հողաթափի մեջ։ Մյուս դեպքում այս նույն օձը կամ վիշապը գավազանին է։

Երբ ուսումնասիրում ես հագուստի պատմությունը՝ շումերական ժամանակներից մինչև ամերիկյան ժամանակակից նորաձևություն, տեսում ես, թե պատմության ընթացքում ինչպես են կարևոր տարրերը փոփոխության ենթարկվում։ Ծիսական միջավայրի հագուստը դարերի ընթացքում է փոփոխվում՝ նորաձևության նման չէ, որ 100 տարում կամ հիմա արդեն մեր ժամանակներում՝ ամեն տարի փոխվի։ Դրանք խորհրդաբանական կարևոր տարրեր են և մշակութային կարևոր բաղադրիչներ են կրում։

– ԱՄՆ-ում դասավանդում եք հագուստի ձևավորում և պատմություն։ Նաև հայկական տարազի՞ն եք անդրադառնում։

Ոչ, բայց ուսումնասիրում եմ Կեսարիայից բերված մեծահարուստների երկու հավաքածու, որոնցից մեկի տերն ինձ տվել էր մի 20 կտոր ու պահանջել էր, որ ուսանողներին ցույց տամ։ Որոշ ժամանակ ցույց էի տալիս, հետո հրաժարվեցի դա անել, որովհետև պատմական հագուստներ էին ու տանել-բերելով՝ կփչանային, ուստի որոշեցի նվիրել «Արարատ» թանգարանին։ Հայկական տարազը, որպես այդպիսին, ուշադրության չի արժանացել արևմտյան ուսումնասիրողների կողմից, և շատ բան դուրս է մնացել։

– Երևի պետական աջակցություն է պետք։ Օրինակ, Ադրբեջանն ու Թուրքիան մեծ գումարներ են ծախսում այս ամենի համար։ Օրերս Ալիևը հորդորել էր գումար հատկացնել՝ իրենց չեղած գրականությունն արտերկրում տարածելու համար։

Այդպես է։ Ինձ ոչ ոք գումար չի հատկացնում։ Շատ քիչ հովանավորներ կան, որոնք օգնում են գիրքը հրատարակել, ճամփորդել, որովհետև գիրքը հրատարակելուց առաջ գնացել եմ Անթիլիաս, Վիեննա՝ Մխիթարյան միաբանության թանգարան։ Հիմա աշխատում եմ սպասքի խորհրդաբանական ուսումնասիրությամբ։ Մտադիր եմ գնալ Ստամբուլ, Սպահան, Երուսաղեմ ու այս ամենի համար գումար է պետք։ Եթե չեն օգնում, մի ձև գտնում եմ, բայց կարևոր է այս ամենն անել։

– Նաև թաղիքագործությամբ եք զբաղվումի՞նչ է թաղիքը։

– Սովորել եմ Երևանի գեղարվեստատեխնիկական ուսումնարանում և ձեռագործ վարպետի կոչում ունեի մինչև ԱՄՆ տեղափոխվելը։ Այնտեղ գնալուց հետո որոշեցի, որ էլ ասեղի հետ գործ չեմ ունենալու, բայց այնպես ստացվեց, որ հագուստի մեջ ընդգրկվեցի։ Դիզայն անելը և՛ օրհնություն է, և՛ անեծք։ Եթե քո մեջ եղածը դուրս չես բերում՝ քեզ կարող է այն վնասել։ Ես էլ մտածեցի շարֆեր պատրաստել ու այդ տեխնիկան օգտագործել նկարելով։

Թաղիքը հին արհեստ է՝ մարդկության չափ հին։ Երբ մարդը չգիտեր կտոր գործել՝ թաղիք էր պատրաստում։ Եթե ինչ-որ քանակության բուրդ դրվի այնտեղ, որտեղ նստել են որսից եկած, քրտնած տղամարդիկ, ովքեր անընդհատ շարժվում են, շփում է տեղի ունենում՝ մազերը կպչում են, ու կտորի նման է ստացվում։ Թաղիքը շատ է օգտագործվել հագուստի տարբեր մասեր պատրաստելու համար։ Մինչև հիմա գլխարկներ են պատրաստում։ Յափնջին հագուստի մաս է, որ մնացել է մինչև հիմա։

Թաղիք պատրաստելու տարբեր տեխնոլոգիաներ կան՝ չոր և թաց։ Չորն ասեղով է արվում։ Շարֆեր եմ պատրաստում, որոնց վրա նկարում եմ և ներկի փոխարեն՝ գունավոր բրդի մանրաթել եմ օգտագործում, որը շփելու արդյունքում կպչում է մետաքսին և նկարն այդպես է ստացվում։ Օրինակ, 1700 անգամ շփելուց հետո նոր կկարողանաս մանրաթելերը կպցնել։

– Այսինքն, ժամանակին տղամարդիկ որպես «գործիք» են ծառայել։

– Դե, եթե այդպես եք ուզում մեկնաբանել՝ թող այդպես լինի (ծիծաղում է։- Ա․Կ)։ Բայց չէ՞ որ քաշ ունեն։ Ուժ է պետք, ջերմություն, ու այս ամենը համընկնում է։

– Հիմա թաղիքից ինչ-որ իրեր պատրաստո՞ւմ են։

– Անշուշտ։ Կոշիկներ, գլխարկներ, պայուսակներ։ ԱՄՆ-ում մարդիկ կան, ովքեր թաղիքից կոշիկներ են սարքում։ Կարող են նաև վզնոցներ պատրաստել, հերակալներ։

Պահանջարկ կա՞։

– Ինչո՞ւ չէ։ Բուրդը չափազանց ներծծող հատկություն ունի, իր քաշից ավելի շատ խոնավություն է ներծծում։ Հովիվը յափնջի է հագնում, եթե անձրև գա՝ չի թրջվի երկար ժամանակ, որովհետև յափնջին իր քաշից շատ ջուր է վերցնելու և պաշտպանի այն կրողին։

– Այս բարդ արհեստն ինչպե՞ս է գրավել Ձեզ։

– Միգուցե ինձ հենց դժվարությունն է գրավել, որովհետև ես նաև նկարչական կրթություն ունեմ։ Եթե նկարել չգիտես՝ պատկերը չի ստացվելու։ Իմ շարֆերը պատրաստում եմ՝ իմպրեսիոնիստներից, էքսպրեսիոնիստներից ազդված։ Այն նկարիչներին, որոնց շատ եմ սիրում, նրանց հայտնի նկարներն եմ նկարում բրդով՝ ոչ թե ներկով։ Պետք է հետևեմ, որ բուրդը չշարժվի՝ այդ բարդությունը կա։ Ավելին, երկու միանման գործ չեմ ստեղծում։

– Հիմա հետաքրքրվողներ կա՞ն, կարո՞ղ են թաղիքագործությամբ զբաղվել։

– Ինչո՞ւ չէ։ Կարող են մազակալներ սարքել, թևնոցներ, ապարանջան։ Ինչ ուզեք՝ կարող եք ստանալ։ Հայաստանում տեսնում եմ՝ որոշ մասնագետներ անում են, ու դա հրաշալի է։ Դրսում քիչ է, թանկ է, սակայն անում են մարդիկ, որովհետև դա արվեստի տեսակ է։

– Ավանդազրույց կա՝ երբ Նոյյան տապանն իջել է Արարատ լեռան վրա, ջրհեղեղի ժամանակ բուրդը թրջվել է, ու այդտեղից էլ ի հայտ է եկել թաղիքը։

Դա Նոյից էլ առաջ է եղել։ Ես գիտեմ, որ երբ մարդը քարանձավում էր ապրում և ինքն իրեն կաշվով էր ծածկում, թաղիքը դրա հաջորդ էտապն է։

– Դուք ԱՄՆ-ում ղեկավարում եք «Ստեղծարար ձեռքեր» մանկական ստուդիան։ Մեր օրերում հե՞շտ է ստեղծագործ ձեռքեր գտնելը։

– 1991թ․ Լոս Անջելեսում ես ու ամուսինս որոշեցինք եկեղեցիներից մեկում նկարչական խմբակ ստեղծել, որպեսզի հայ երեխաներն իրար հանդիպեին։ Այն ժամանակ Հայաստանից այնքան էլ շատ մարդ չկար։ Ամուսնուս մահվանից հետո դպրոցը ես եմ ղեկավարում, իսկ տղաներս դասավանդում են։ Պետք է ասեմ, որ Լոս Անջելեսում հայերն ավելի հակված են երեխաներին տանել պարելու, սպորտի։ Հետևողական չեն, որ երեխաները նաև արվեստի կրթություն ստանան։ Նկարչությունը երեխայի ուղեղում դրական փոփոխություններ է առաջ բերում և կարևոր է մարդու ճիշտ զարգացման համար։ Բերում են, բայց երբ երեխան մեկ օր էլ չի ուզում՝ չեն բերում։ Ցավոտ հարց է։ Ինչքան կարողանում ենք՝ հայկական արվեստին ծանոթացնում ենք։

– Հայաստանում էլ հակառակն է նկարչության դասերի տանում են, բայց ինչ վերաբերում է ընթերցանությանը՝ երեխաները չեն ուզում տվյալ դասերին հաճախել։

– Տեխնոլոգիաների ժամանակաշրջանում դա մի փոքր դժվար է, բայց ամեն ինչ ծնողի ձեռքում է։ Եթե ծնողը շատ ուզի՝ երեխային կպահի այն ուղղվածության մեջ, ինչը, կարծում է՝ լավ է նրա համար։ Ասեմ, որ այդ դեգրադացիան կա թե՛ Հայաստանի, թե՛ ԱՄՆ-ի հասարակության մեջ, որ ասում են՝ դե լավ հիմա, այդ մեկն էլ թող պակաս լինի։ Դրանք ուրիշ պատճառներ ունեն՝ Հայաստանում, և ուրիշ պատճառներ՝ ԱՄՆ-ում, բայց կան։ Քրոջս ծոռներին խոստացել էի, որ պետք է տանեմ նկարչական ցուցահանդես, ու նրանք ինձ նայում էին այնպես, կարծես ուզում էին ասել՝ ժամանակդ ուրիշ բանի վրա ծախսիր։ Հետաքրքիր է, որ նրանցից մեկը նկարում է, ու չգիտես՝ ցուցահանդեսին ինչ կտեսնի ու ինչ կհասկանա։ Թերահավատ են։

Հայերն ԱՄՆ-ում կապվա՞ծ են հայկական մշակույթի հետ, թե՞ օտարամոլությունն այնտեղ ևս գերիշխում է։

– Եթե ձգտեն էլ, ցավոք, դա գնալով թուլանալու է։ Ինչ-որ մեկը դա պետք է իրենց համար կազմակերպի։ Մեր նկարչական դպրոցում հաճախակի կազմակերպում ենք միջոցառումներ՝ հայկական տարբեր տոների հետ կապված։ Միջին շերտը բավականին շատ է, սակայն նրանց եթե չտանես՝ չեն գնալու։ Գլենդելում ծառ զարդարելու մեծ արարողություն էր՝ շատ մարդ կար, բայց մեծ մասը «պլաստիկե» դեմք ուներ։ Իրենց համար կարևոր չէր՝ ո՞ւր են եկել, ի՞նչ միջոցառում է։ Մենակ մտածում էին՝ ուտելիք կա՞, թե՞ չկա, իրենց ո՞վ է նայում։ Զուգված-զարդարված եկել էին։

– Ձուլման վտանգ կա ամեն դեպքում։

– Ինչի՞ մասին է խոսքը։ Եթե շատ ուզենք, որ չձուլվեք՝ ձուլվելու եք, որովհետև քրիստոնեական երկրում եք։ Մուսուլմանական երկրներում գտնվող հայկական գաղութները դիմացել են ու կդիմանան՝ կրոնի պատճառով, բայց քրիստոնեական երկրներում դա ընդամենը երկու սերունդ կտևի։

– Ի՞նչ անենք, որ գոնե մեծ մասը վերադառնա Հայաստան։

– Հայաստանում պետք է օրենքն անցնի, մարդիկ պետք է օրենքով աշխատեն, ու երբ ՀՀ-ն դառնա օրինավոր երկիր՝ դառնալու է փոքրիկ դրախտավայր։ Այդ ժամանակ բոլորը վազելով գալու են։ Հիմա տեսնո՞ւմ եք՝ ՌԴ-ում, Ուկրաինայում ինչ է կատարվում։ Ո՞ւր են նայում այդ հայերը։ Մեծ մասը գնում են օտար երկրներ, բայց իրենց ապաստանը Հայաստանում է։ Հայաստանը եթե չլինի՝ սփյուռքը չկա։

Տեսանյութեր

Լրահոս