
Գոշավանքում մեկնարկելու է Ավետիք Իշխանյանի անվան՝ իրավունքի պաշտպանության երկրորդ ամառային դպրոցը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վաղը Գոշավանքում մեկնարկելու է Ավետիք Իշխանյանի անվան՝ իրավունքի պաշտպանության երկրորդ ամառային դպրոցը։
«Հինգ իրավապաշտպանների» այս կրթական նախաձեռնության գործընկերներն են Ամերիկայի հայ իրավաբանական միությունը (Armenian Bar Association), Ռուսաստանի հայ իրավաբանների միությունը (Ассоциация армянских юристов), և Հայ-գերմանական իրավաբանների միությունը (Deutsch-Armenischen Juristenvereinigung)։
Դասընթացը մեկնարկելու է վաղը ժամը 16:00-ին «Իրավապաշտպանությունը հայ իրավական ավանդույթի համատեքստում. Մխիթար Գոշի ավանդը» խորագրով իմ մուտքի դասախոսությամբ։ Դասախոսելու ու գործնական դասընթացներ են վարելու «Հինգ իրավապաշտպաններից» Վարազդատ Հարությունյանը, Արսեն Բաբայանը, Սերգեյ Հարությունյանը, Վահան Հովհաննիսյանը, ինչպես նաև մեր ընկերները՝ Էլինար Վարդանյանը, Ռաֆայել Իշխանյանը։ Շաբաթ օրը՝ օգոստոսի 23-ին, խորհրդանշական եզրափակիչ դասախոսությամբ հանդես է գալու պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։ Մինչ այդ՝ ուբաթ օրը, նախատեսված է մասնակիցների դատախաղ՝ շատ արդի ու հետաքրքիր իրավական հարցով։
Անցյալ տարվա փորձից ելնելով՝ որոշել ենք «ազատ ունկնդիրների» առջև մեր դռները բաց պահել։ Եթե լսարանում տեղ լինի՝ կարող եք գալ, նստել ու լսել»։