Բաժիններ՝

Քիչ ասեք` «ժողովուրդ». մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Երբ միևնույն տեքստում՝ գրավոր թե բանավոր, չափից դուրս հաճախ է կրկնվում «ժողովուրդ» բաոը, դա, ինձ թվում է՝ լավ նշան չէ: Սկսած «էս ժողովրդի վիճակը» դարձվածքով էմոցիոնալ բացականչությունից, վերջացրած «աճբողջ ժողովուրդը այս հրապարակում է», «ժողովուրդը դատապարտում է», «ժողովուրդը ողջունում է», «ժողովուրդն այլևս չի խաբվի» և այլն:

Եթե խոսքն ամբողջ հայ ժողովրդի, հայկական էթնոսի մասին է, այն 10 միլիոն մարդկանց մասին, որոնք այսպես թե այնպես իրենց նույնականացնում են այդ էթնոսի հետ, ապա նրանցից մոտ 2/3-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն: Մի մասն էլ քաղաքացիներ են, բայց իրենց բախտը փորձում են մեր երկրից դուրս՝ հայրենիքի նկատմամբ սիրո կամ դառնության զգացմունքների այս կամ այն փոխհարաբերությամբ:

Թե ինչ է այն 10 միլիոն մարդը մտածում Հայաստանի այս կամ քաղաքական գործչի կամ ուժի մասին՝ անհնարին է ասել: Բնական է ենթադրել, որ մեծ մասը ոչ մի բան չի մտածում, անգամ նրանց անունները չգիտի: Ավելին՝ մենք այս 20 տարում վատ ենք աշխատել այդ 2/3-ի հետ ու չենք էլ հասկանում, թե ինչ են այդ մարդիկ իրականում ուզում:

Ըստ երևույթին, խոսքը ՀՀ քաղաքացիների կամ ընտրողների մասին է: Ի դեպ, մենք ունենք մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ, որոնք, ապրելով արտերկրում, զրկված են ընտրելու իրավունքից, և այդ ակնհայտ խտրականությունը մեր օրենսդրության ճչացող թերություններից մեկն է: Սակայն Հայաստանում ապրող քաղաքացիների, ընտրողների նկատմամբ էլ վերաբերմունքը պետք է լինի հարգալից ու անհատական:

Երբ մարդիկ, էմոցիոնալ բարձր աստիճանի տակ, հայտարարում են, որ «ամբողջ հայ ժողովուրդը ընտրել է Րաֆֆիին», դա, ինձ թվում է, ոչ կոռեկտ ընդհանրացում է, որովհետև մեկը ես, ինչպես արդեն բազմիցս ասել եմ, ընտրել եմ Բագրատյանին: Արդյոք ես դրանով զրկվո՞ւմ եմ ժողովրդի մասնիկ լինելուց:

Բազմիցս կրկնվող «ժողովրդի պայքար» արտահայտությունը նույնպես հարաբերական կատեգորիա է: Վերջերս կարդացի, որ եթե ընդունելի է համարվում պայքարի միայն մեկ ձև, ապա նման պայքարը դատապարտված է: Միանգամայն սթափ դատողություն է: Խոսքը, բնականաբար, նաև ընտրակեղծիքների դեմ պայքարի մասին է: «Ժողովուրդ» բառը կուսակցական տոմս չի, վկայական չի, որը դրված է առանձին անհատների գրպանում, և այդ անհատներն իրենց իրավունք են վերապահում մտածելու, թե իրենք «ժողովրդի կողքին են», «ժողովրդի հետ են», իսկ նրանք, ովքեր այդ վկայականը չունեն, ժողովրդի կողքին չեն:

Շանտաժի այդ ձևը ավելի հաճախ էր կիրառվում 2008-ի շարժման կողմից: Հիմա, բարեբախտաբար, դրա շատ թեթև «ռեցիդիվներն» են: Օրինակ՝ դասադո՞ւլ եք անում՝ շատ լավ է: Այդ ընթացքում քայլում եք փողոցներով, կոչ եք անում միանա՞լ ձեզ (այսինքն՝ դարձյալ, հավանաբար, «ժողովրդին»)՝ հրաշալի է: Կանգնել բուհերի դռների մոտ, պախարակել նրանց, ովքեր դասադուլ չեն ուզում անել՝ դա արդեն չեղավ: Ինչպես կասեր Րաֆֆի Հովհաննիսյանը, նրանց կարծիքը նույնքան պաշտպանված է, որքան ձերը: Ընդդիմության այսօրվա առաջնորդի անվիճելի առավելությունը հենց այն է, որ նա անկեղծորեն այդպես է մտածում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս