«Ախր ես պիտի բանակ գնայի…»
Ասում է իր երազանքներին կարոտած Գևորգ Մուրադյանը
Երեք երեխաների մայր Էվելինայի ամենաշատ օգտագործած արտահայտությունը՝ «Ասում եմ՝ կարող ա՞…»-ն է, որն ամեն անգամ արտահայտելիս՝ իրեն թվում է՝ նոր բան պիտի բացահայտի, բայց կրկին «կարող ա»-ները մնում են չբացահայտված: Ամեն «Ասում եմ՝ կարող ա՞»-ին հաջորդում է լացը, քանի որ միևնույն է՝ չի կարող գտնել որդու հիվանդության պատճառը, որովհետև նույնիսկ մասնագետներն այդ պատճառը չեն հայտնաբերում:
Գևրոգը շուտով կդառնա 17 տարեկան, բայց 2001-ից այս կողմ նա դժվարանում է իր կյանքից դրվագ պատմել: Մինչև 2001 թվականն ինքն ուրիշ էր, իսկ հիմա՝ ուրիշ: Հիմա մի մարդ է, ով կյանքի ամեն ակնթարթն անցկացնում է շարժվել կարողանալու պայքարով: Ասում է՝ «Մինչև 2001 թիվը իմ ամենաարժեքավոր հիշողությունը կապված ա մարդկանց հայացքների հետ:
Դուք երևի ինձ չհասկանաք, բայց ես ամենաշատը սիրում էի մեր հարևանների էն հայացքները, երբ ես իրանց ինչ-որ մի հարցում օգնում էի: Դուք երբևիցե մի ծեր մարդու օգնե՞լ եք, օրինակ, երբ Ձեր հարևան ծեր պապիկի ձեռքին մի ծանր բան եք տեսել՝ փորձե՞լ եք նրան մինչև դուռն ուղեկցել… Ես սիրում եմ մարդկանց էն հայացքները, երբ իրենց օգնության ձեռք ես մեկնում: Երբ մեր հարևաններից տեղափոխվում էին, ու իրերը տեղափոխելու կարիք էր լինում՝ ես մեծ հաճույքով էի անում էդ աշխատանքները:
Հետո, երբ իրենց դեմքին բարի ժպիտ էի տեսնում՝ դա ինձ համար աշխարհի ամենաթանկ զգացողությունն էր պարգևում»,- ժպտալով` իր հիշողությունները վերարտադրում է Գևորգը, ով նրբանկատորեն հրում է ձեռնափայտը, քանի որ կյանքի այդ փուլի մասին հիշելիս` հավանաբար հոգեբանորեն դժվարանում է իր և ձեռնափայտի «բարեկամությունն» ընդունել:
Որդու խոսքերից ազդված` Էվելինան նորից սկսում է՝ «Ասում եմ՝ կարո՞ղ ա փոքր ժամանակ դիաթեզից հիվանդանոց ընկնելուց հետո ա եղել: Չնայած բժիշկները բացառում են: Ասում եմ՝ կարո՞ղ ա, սթրեսից ա եղել…», ու երկար թվարկում է բոլոր այն «կարող ա»-ների շարանը, որոնց պատճառով Գևորգին ներկայումս գրկած են տեղափոխում աթոռից` մահճակալ, մահճակալից՝ աթոռ:
Էվելինան ասում է՝ գիշերվա ժամերին ամբողջ շենքի հարևանները խուճապահար վազում են իրենց տուն, երբ ցավից բղավող որդուն հանգստացնելն անհնար է դառնում: Բայց Գևորգը չի սիրում իր բղավոցից խուճապահար իրենց տուն եկածների` իրեն նայող հայացքները: Ինքը սիրում է մինչև 2001թ. հայացքները: Չնայած դրան, Գևորգը շատ ժպտերես և ուրախ մարդ է:
Ասում է՝ «2001 թվի ձմռանն էր, լավ ձյուն էր եկել: Իջանք բակ` ձնագնդիկ խաղալու: Լավ թրջվել էի, հագուստս լրիվ ձյունոտվել էր: Եկա տուն ու զգացի, որ ոտքերս անզգայանում են: Ոսկորներս մրմռում էին: Երեք օր 40 աստիճան ջերմությամբ պառկեցի ու էլ չկարողացա ոտքի կանգնել: Ոտքերս չէին ենթարկվում, ցավից չէի կարողանում շարժել: Մրսածությունն անցավ, լավացա, բայց ոտքերիս ցավը` սկսած 2001-ից, չի անցնում: Էդ ցավը միշտ կա՝ քայլելուց, նստելուց, անգամ անշարժ լինելուց: Ու դարձա էսքան հիվանդ»:
Միայնակ մայր տիկին Էվելինան իր «կարող ա»-ների շարքը մշտապես ուղղում է բժիշկ-մասնագետներին, բայց որևէ հավաստի բացատրություն չի ստանում: Մասնագետները Գևորգի մոտ ախտորոշել են պոլիարթրիտ հիվանդությունը և վստահեցրել են, որ, թեև այս հիվանդությունը բուժել հնարավոր չէ, այդուհանդերձ, գոյություն ունի եվրոպական արտադրության մի նոր դեղորայք, որով բուժման հավանականություն կա:
«Արաբկիր» բուժկենտրոնում բուժման կուրսն ընդունելուց հետո անգամ Գևորգը չի կարողանում քայլել: «Հիմա տնային պայմաններում ա կուրսն ընդունում:
Օրական 14 հատ դեղ ա ստանում: Ճիշտն ասած՝ «Մետոտրեքսատ» դեղ կա, որի սրսկումից մի քիչ թեթևանում ա ցավերը, բայց ահագին ժամանակ ա` չի ստանում: Չեմ կարողանում էդքան դեղի փող հայթայթել: Կներեք, էլի, չեմ կարում խոսամ, հուզվում եմ»:
Միայնակ մայր տիկին Էվելինայի երեք երեխաներից երկուսը՝ Գևորգն ու 11 տարեկան Էլլան, գոյատևում են մոր հացի արտադրամասում հավաքարարի աշխատանքով: Օրական 1000 դրամի փոխարեն` պատահում է` նրան վճարում են ընդամենը 3 հատ հացով, ու 3 հացը որպես «աշխատավարձ» տուն բերած Էվելինայի «անդեղ» որդին այդ օրը ցավից ոռնում է:
Ընտանեկան նպաստից զրկվել են Գևորգի և նրա մեծ եղբոր չափահաս տարիքի պատրվակով: Էվելինայի ավագ որդին ամուսնացած է, երեխա ունի ու հնարավորության դեպքում եղբոր դեղորայքի հարցում աջակցում է: Գևորգը մեկ էլ մինչև 2001 թվականի իր երազանքներն է կարոտում, որոնք, սկսած այդ ժամանակահատվածից, ոչ իրականացան, ոչ էլ այլևս որպես երազանք են կենսունակ:
«Ինձ ահավոր եմ զգում, երբ մտքիս գալիս են բանակում գտնվող ընկերներս: Ախր ես պիտի բանակ գնայի, պիտի մերոնց նամակ գրեի, պիտի բանակից գայի ու ընկերներիս ծառայության մասին պատմություններ պատմեի: Գիտե՞ք՝ քանի անգամ եմ պատկերացրել էն պահը, երբ բանակից պիտի տուն գայիգ»,- ասում է Գևորգն ու, լաց չլինելու բարդույթից, սկսում է բարձրաձայն ծիծաղել:
Տիկին Էվելինան դիմել է մեր խմբագրություն, քանի որ չգիտի՝ ուր և ում դիմել: Ինձ խնդրում է իրեն ուղղություն ցույց տալ, սովորեցնել, թե սեփական երեխայի համար դեղ գնել չկարողանալու համար մարդիկ ի՞նչ քայլեր են կատարում, ո՞ւմ են դիմում, որտե՞ղ են գտնվում այն հաստատությունները, որոնք նախատեսված են նման դեպքերի համար: Ինձ ցույց է տալիս երեք էջանոց բարեգործական կազմակերպությունների հասցեները, որոնց դիմաց «պտիչկաներ» են դրված, որովհետև տիկին Էվելինան մոտ 10 կազմակերպությունների դիմել է դեղորայքի օգնության խնդրանքով, բայց բոլորից մերժում է ստացել:
Ասում է՝ «Շատ ա տանջվում, որ դեղը չեմ հասցնում, ցավից գոռում ա: Մեղք ա երեխես, չի դիմանում ցավերին: Հասկանո՞ւմ եք, ես ոչ մեկից ոչ մի սպասելիք չունեմ: Ես դժվարությամբ, բայց պահում եմ երեխեքիս: Մենակ Գևորգիս դեղորայքի խնդիրն ա ինձ սպանում ու անօգնական դարձնում: Եթե տան մաքրողի կարիք ա լինում՝ գնում, մաքրում եմ, որ գոնե օրվա համար հատիկով դեղը հասցնեմ: Հիմա մեր բժիշկն ասում ա՝ էս հիվանդության համար նոր եվրոպական դեղ կա, որը բուժում ա հիվանդությունը, բայց ամեն սրվակը մոտ 1000 դոլար արժե: «Ռեմիկսիդ» ա անունը: Ախր սկի 2000 դրամանոց դեղը չեմ կարում առնեմ, ո՞նց անեմ: Խնդրում եմ՝ ասեք, ես ո՞ւմ դիմեմ, ո՞նց օգնեմ երեխայիս»:
Մենք, իհարկե, տիկին Էվելինային հորդորեցինք դիմել ՀՀ առողջապահության նախարարություն, բայց, նաև կարծում ենք, այս հրապարակումը նախարարությունում կընդունեն` որպես ի գիտություն: