Զոքանչի գոմեշը
ՀՀ Կառավարության երեկվա նիստում անդրադարձը հնդկական գոմեշի մսին կրկին հիշեցրեց, որ ճշմարտություն ասվածն ու դրա չափորոշիչները Հայաստանում խիստ առանձնահատուկ են։
Այսպես, վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանին՝ խնդրել է ներկայացնել գոմեշի մսի ներմուծման հետ կապված իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում` «հաշվի առնելով, որ վերջին շրջանում քաղաքական սպեկուլյացիաներ կան այս թեմայի շուրջ։ Դրա դեմ պայքարելու լավագույն ձևն ամբողջական տեղեկատվությունը հանրությանը ներկայացնելն է»։
Աբրահամ Բախչագուլյանն էլ ներկայացրել է «ամբողջական տեղեկատվությունը». որ կազմակերպություններն են գոմեշի միս ներկրել, ովքեր իրավունք ունեն ներկրել, ինչպես է ստուգվում միսը, և այլն։ Ըստ Բախչագուլյանի, 2012 թ. 9 ամսվա կտրվածքով ներմուծվել է 5284.651 տոննա գոմեշի մսի բրիկետ թվով 5 կազմակերպության կողմից` «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ, «Սամ Սեր գրուպ» ՍՊԸ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, «Արմեն Համիկ եղբայրներ» ՍՊԸ և «Պարգև» ՍՊԸ։ 2011-ին այս ընկերություններից բացի՝ գոմեշի միս են ներկրել նաև «Մուշ» և «Մոկոնատ» ընկերությունները։
Վարչապետն այնուհետև հետաքրքրվել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանից, թե նշված կազմակերպությունների մոտ որևէ խնդիր կա՞ թե՞ ոչ։ Վերջինիս պատասխանից հետո, որ ուսումնասիրությունն ընկերություններում անընդհատ շարունակվում է, և հարկային պարտավորությունների հետ կապված առանձին տեղեկանք կներկայացվի, Տիգրան Սարգսյանը համարել է, որ տեղեկատվությունն արդեն կատարյալ ամբողջական է և անում է իր ամենաուշագրավ հայտարարությունը։
«Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ` կապելով Հնդկաստանից միս ներմուծող այս ընկերություններն իմ անվան հետ։ Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ թվարկված այս 5 ընկերությունների հետ որևիցե առնչություն ես բացարձակապես չունեմ` ո՛չ ընկերներ, ո՛չ բարեկամներ, թաքնված անձինք այս ընկերությունների հետևում, ինձ հետ կապված չկան։ Թե այս 5 ընկերություններն ում են պատկանում, երևում է պարոն Բախչագուլյանի թվարկած ձեռնարկությունների անուններից, որոնք հայտնի են մեր երկրում: Առաջարկում եմ այդ տեղեկատվությունը տրամադրել զանգվածային լրատվամիջոցներին, որպեսզի բոլորն իմանան, թե ով է Հնդկաստանից Հայաստան միս ներմուծում, ինչ ծավալների»:
Նախ՝ պրն Բախչագուլյանի թվարկած անուններից ամենևին չի երևում, թե ում են պատկանում այս ընկերությունները։ Դա կերևար, եթե անվանումներից բացի՝ ներկայացվեին նաև խոշոր բաժնետերերի անունները։
Երկրորդ, անգամ եթե պաշտոնապես հրապարակվեն բաժնետերերի անունները, ապա դա նույնպես թույլ չի տա պարզել սեփականատերերին։ Օրինակ, մեր երկրում պաշտոնյան կարող է ունենալ գործարան(ներ), գործարանի բակում էլ՝ իր արձանը, սակայն իր եկամուտների պաշտոնական հայտարարագրում նշի մի քանի շենք-շինություն, հողատարածք, անասնագոմ և 1977թ. արտադրության սովետական «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենա: Այս երևույթը, կարծում ենք, հայտնի է վարչապետին, քանի որ նա ինքը ժամանակին խոսում էր շահերի բացահայտման ինստիտուտի անհրաժեշտության մասին՝ զոքանչների և քենիների անունով գրանցված բիզնեսները բացահայտելու համար։ Այսինքն՝ Աբրահամ Բախչագուլյանի ներկայացրած տվյալներն ամենևին բավարար չեն հասարակությանը համոզելու համար։
Ի դեպ, այդքանի փոխարեն՝ Տիգրան Սարգսյանը կարող էր հղում անել իր եկամուտների և գույքի հայտարարագրին և ասեր՝ ինչ ունեմ՝ սա է։ Հիշեցնենք, որ վարչապետն այս տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարագրել է երկու բնակարան, երկու առանձնատուն, մեկ ավտոտնակ, մեկ հողամաս և մեկ մեքենա՝ «ՎԱԶ 2103» մակնիշի: Վարչապետի եկամուտները եկել են նրա աշխատավարձից՝ 3.340.080 դրամ (մոտ 8500 դոլար), դասախոսությունների վճարից՝ մոտ 360 դոլար, բանկային ավանդից (մոտ 30.700 դոլար) և տոկոսավճարներից (մոտ 41.500 դոլար): Ըստ հայտարարագրի, ՀՀ վարչապետը ոչ մի ընկերության փայատեր չի հանդիսանում, ճիշտ այնպես, ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանը:
Հավատանք հայտարարագրերին, որ երկրի առաջին երեք դեմքերը, այդ թվում՝ վարչապետը, մասնակցություն չունեն ոչ մի բիզնեսում՝ այդ թվում գոմեշի մսի, և անցնենք առաջ։ Ընդունենք նաև, որ գոմեշի միսը պատշաճ փորձաքննություն է անցել և վնասակար չէ։ Արդյո՞ք թեման կարելի է սպառված համարել։ Ցավոք, դարձյալ ոչ։ Որովհետև տխրահչակ գոմեշի անունը շրջանառվում է ոչ միայն անվտանգության համատեքստում, այլ կոռուպցիոն։ Խնդիրն այն էր, որ որոշ պետական կառույցներում տավարի մսի փոխարեն տվել են գոմեշի միս, այն էլ՝ տավարի մսի գնով։ Այսինքն՝ խոսք էր գնում կոռուպցիոն դրսևորման մասին։ Եթե նման բաներ արվում են վերևների իմացությամբ, դա շատ վատ է։ Եթե արվում են վերևներից թաքուն՝ ավելի վատ է, քանի որ վկայում է պատշաճ վերահսկողության բացակայության մասին։ Ցանկացած տարբերակում խաթարվում է բնակչի հավատը սեփական իշխանության նկատմամբ։ Գլխավոր ասելիքը այս խնդրի վրա պետք է հիմնվեր, ոչ թե Աբրահամ Բախչագուլյանի ներկայացրած տվյալների։
Մի խոսքով, այս ամբողջ պատմությունը՝ սկսած գոմեշի մսի մասին առաջին տեղեկություններից, վերջացրած կառավարության երեկվա նիստով (վարչապետի՝ իրեն հավատալու կոչ-պահանջով հանդերձ) կրկին անգամ հիասթափության առիթ է տալիս հասարակությանը։
Միակ «կողմը», որին կարող է ուրախացնել այս ամենը, քաղաքակիրթ աշխարհի կողմից մերժված, արհամարհված հնդկական գոմեշն է։ Այն դեպքում, երբ շատ երկրներ հրաժարվում են իր հակասանիտարական մսից, ինքը Հայաստանում լավ ընդունելություն է գտել, սնել զինվորներին և ավելի թանկ է գնահատվել, քան հայկական հալալ-զուլալ տավարը։