Բժիշկների թերություններն ու բացթողումները կարո՞ղ էին արդյոք երեխայի մահվան պատճառ դառնալ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով այսօր սկսվեց փորձագետ Աննա Չոբանյանի հարցաքննությունը: Մինչ այդ մեղադրող Դավիթ Կարապետյանը հրապարակեց հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետևությունների մասը:

Մասնավորապես, փորձաքննության եզրակացությունում մասնագետները նշել էին, որ, ըստ հիվանդի բժշկական քարտի տվյալների՝ ընդունվելիս Լիա Միասակյանի օբյեկտիվ-սուբյեկտիվ վիճակի և ներկայացված անամնեստիկ տվյլաների հիման վրա դրվել է նախնական ախտորոշում՝ սուր շնչական վարակ, ֆեբրիլ ցնցումներ, «որը համապատասխանում է ընդունվելիս ստացիոնար հիվանդի բժշկական քարտում արձանագրված տվյալներին»:

«Ընդունվելիս՝ նշանակված հետազոտությունների, բուժման ծավալը համապատասխանել է դրված նախնական ախտորոշմանը և եղել է ցուցված: Հետազոտությունների՝ ժամանակին կատարված լինելու վերաբերյալ հարկ է նշել, որ 31.12.2012թ. նշանակված արյան ընդհանուր բիոքիմիական քննության համար նմուշները վերցվել են 2013թ. հունվարի 1-ին:

Հետազոտությունների արդյուքները նույն օրը տվյալ բաժանմունքում հերթապահ բուժանձնակազմի տրամադրության տակ չեն եղել՝ ըստ հերթապահ բժիշկ Զարինե Այվազյանի բացատրության արձանագրության տվյալների, և այդ հետազոտություններին անդրադարձ է կատարվել միայն 2013թ. հունվարի 2-ին՝ ժամը 9:30-ին՝ հերթապահությունը ստանձնած բժիշկ Իրինա Մամյանի կողմից, ով, հետազոտության արդյունքում շեղումները հայտնաբերելով, նշանակել է արյան կրկնակի հետազոտություն»:

Փորձագետները նշել էին, որ կատարվել են հետազոտություններ, տարբեր մասնագետների կոնսուլտացիաներ, որոնց արդյունքում եղել են նշանակումներ, որոնք եղել են ցուցված:

Ըստ փորձագետների՝ կատարված հետազոտությունների արդյունքում դրված ախտորոշումը՝ աջակողմյան պլևրոպնևմանիա, ավթոստոմատիտ, սպեցիֆիկ անգինա, ֆեբրիլ ցնցում, ընդհանուր առմամբ կարելի է համարել ճիշտ և եղած տվյալներին համապատասխան: Ըստ փորձագետների՝ 2013թ. հունվարի 2-ին ձեռնարկված բուժմիջոցառումները, կատարված նշանակումները Լիա Միսակյանի հիվադնությանը հակացուցված չեն եղել:

Փորձագտներն իրենց եզրակացության մեջ նշել էին, որ Լիա Միսակյանի հիվանդության քարտը լրացված է թերի. «Մասնավորապես՝ երեխայի բժշկական քարտում երեխայի վիճակի վերաբերյալ 2013թ. հունվարի 1-ի հերթապահության ընթացքում, ինչպես նաև 2013թ. հունվարի 2-ին, ժամը 17-23:10-ն ընկած ժամանակահատվածում տվյալներ, վիճակի նկարագրություններ չկան, ինչը համարվում է բժշկական փաստաթղթի վարման թերություն և բաղթողում, որի պայմաններում տվյալ

ժամանակահատվածներում երեխայի վիճակի վերաբերյալ հնարավոր է դատել միայն ներկայացված նյութերում առկա երեխայի ծնողների և հերթապահ բուժանձնակազմի բացատրությունների տվյլաներով»:

Ըստ փորձագետների՝ երեխայի նման վիճակի պայմաններում նրան վերակենդանացման բաժանմունքում տեղավորելու անմիջական ցուցմուներ չեն արաձանգրվել, սակայն հայտնաբերված լեյկոպենիայի (լեյկոցիտների ցածր քանակ), ագրանուլոցիտոզի, չափավոր արտահայտված խառը բնույթի հևոցի առկայության պայմաններում երեխայի հսկողությունը ցանկալի էր անցկացնել վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ մշտական մոնիթորինգի իրականացման և բարդությունների դեպքում վերակենդանացման միջոցառումներ անհապաղ սկսման նպատակով:

«Չնայած Լիա Միսակյանին բուժօհգնություն ցուցաբերման ընթացքում տեղ գտած վերը նշված թերություններին ուբացթողումներին՝ հարկ ենք համարում նշել, որ արյան հետազոտությունների նման արդյունքների, լեյկոպենիայի, ագրանուլոցիտոզի ու իմունիտետի խիստ ընկճվածության պայմաններում ախտաբանական փոփոխությունների, սեպտիկ բարդությունների զարգացման առանձնահատկություններով պայմանավորված՝ նշված թերությունների ու բացթողումների ու Լիա Միսակյանի մահվան միջև անմիջական պատճառական կապ հաստատել հնարավոր չէ»,- նշել էին փորձագետները:

Քանի որ փորձագետը դատարան էր ներկայացել առանց իր փորձաքննության պատճենի, դատավորը հետաձգեց դատական նիստը: Դատական նիստի ընթացքում պարզ դարձավ նաև, որ փորձաքննության անցկացման համար նշանակված առաջին նիստին մասնակցվել էր նաև Լիա Միսակյան ի հայրը՝ Գեորգի Միսակյանը, ով հայտնեց, որ հեռախոսով տեսանկարահանել է իր երեխային հիվանդանոցում և այն ցույց տվել նաև հանձնաժողովի անդամներին:

Աննա Չոբանյանն էլ հաստատեց, որ տեսել է նման տեսանյութ, սակայն, ինչպես պարզվեց, այն քրեական գործում չկա: Լիա Միսակյանը հայրը առաջարկեց, որ բժիշկը տեսանյութով ներկայանա նիստին: Մեղադրողն ասաց, որ որևէ խոչընդոտ չկա տեսանյութը ներկայացնելու համար:

Գործով ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ որպեսզի հղում կատարվի որևէ ապացույցի, այն պետք է հեռտազոտվի դատական նիստի ընթացքում, սակայն այն չի հետազոտվել, չգիտեն դրա ծագման աղբյուրը: Ըստ փաստաբանի՝ տեանյութն այս պահին որպես ապացույց չի կարող օգտագործվել:

Մեղադրողն է ասաց, որ տուժողը փորձաքննության ընթացքում փորձագետներին ապացույց է ներկայացրել, փորձագետները զննել են այն, դրանով հնարավոր է գալ որոշակի եզրահանգման:

Ամբաստայալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանն էլ ասաց. «Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց ևս մեկ անգամ հերոսի կեցվածքով մեր հարգելի մեղադրողը տուժողի շահերն է իբր պաշտպանում՝ դատարանում ցույց տալով լրատվության միջոցներին, բոլորին ցույց տալով՝ տեսեք մենք տուժողների իրավունքները ցանկանում ենք խախտել: Սակայն մոռանում ենք, որ շուրջ մեկ տարի կատարվել է քննություն՝ նախաքննություն և նյութերի նախապատրաստում, լավ հսկողություն իրականցնեիք, տուժողն այդ ժամանակ ներկայացրել էր, նյութերը վերցնեիք ձեռքից, առգրավեիք, տեսանյութը վերցնեիք՝ առգրավեիք, փորձաքննություն նշանակեիք, ապացույց դիտեիք: Հիմա դատարանում դատական ընթացքը, օրենքը խախտելով դուք ցանկանում եք ցույց տալ, որ իբր մենք բոլորս ուզում ենք խախտել տուժողների իրավունքները, բայց Դուք պաշտպանում եք»:

Նշենք, որ մեկ այլ փորձաքննության եզրակացության մեջ նշվել էր, որ հիվանդանոցում 2012թ. դեկտեմբերի 31-ին և 2013թ. հունվարի 1-ին երեխային բուժելու համար կատարված և չկատարված գործողությունները բավարար չեն եղել հիվանդի վիճակը բարելավվելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 2-ին:

Տեսանյութեր

Լրահոս