Բաժիններ՝

Սկանդալային Pegasus լրտեսող ծրագրի ստեղծող ընկերությունը դատարանում պարտվել է WhatsApp մեսենջերին

WhatsApp-ը ուրբաթ օրը հայտարարել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծող իսրայելական SO Group Technologies ընկերության նկատմամբ իրավական հաղթանակի մասին, գրում է The Guardian-ը։

NSO Group Technologies-ը դատական ​​գործընթացի մեջ է ներգրավվել Meta ընկերությանը պատկանող հաղորդագրությունների փոխանակման հավելվածի կողմից՝ 2019 թվականի մայիսի երկու շաբաթվա ընթացքում իր տխրահռչակ Pegasus ծրագրով 1400 մարդու հեռախոսները վարակելու և լրտեսելու մեղադրանքով:

Գործով դատավոր Ֆիլիս Հեմիլթոնը պարզել է, որ ընկերությունը խախտել է նահանգի և ԱՄՆ դաշնային օրենքները հաքերային գրոհների մասին, ինչպես նաև WhatsApp-ի սեփական ծառայության պայմանները: NSO Group-ը 2025 թվականի մարտին կկանգնի հատուկ ատենակալների դատի առաջ, որպեսզի պարզվի վնասի չափը, որը նա պետք է վճարի WhatsApp-ին:

«Հինգ տարվա դատավարությունից հետո մենք շնորհակալ ենք այսօրվա որոշման համար: NSO-ն այլևս չի կարող խուսափել WhatsApp-ի, լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության վրա իր անօրինական հարձակումների համար պատասխանատվությունից։ Համաձայն այս որոշման, լրտեսական ընկերությունները պետք է նախազգուշացվեն, որ նրանց անօրինական գործողություններն անթույլատրելի են»,- ասվում է մեսենջերի հայտարարության մեջ։

Դատարանը որոշել է, որ NSO Group-ը խախտում է ԱՄՆ-ի համակարգչային խարդախության և չարաշահումների մասին օրենքը: Apple-ը նմանատիպ հայց էր ներկայացրել ընկերության դեմ, սակայն սեպտեմբերին հետ էր կանչել այն։ Դատավորի որոշման համաձայն, NSO Group-ը ժամանակ է ձգել ողջ դատավարության ընթացքում։ Հեմիլթոնը NSO Group-ին պարտավորեցրել է 2024 թվականի սկզբին WhatsApp-ին տրամադրել իր լրտեսական ծրագրի ելման կոդը։ Ուրբաթ օրվա իր որոշման մեջ նա ասել է, որ ընկերությունը բազմիցս խախտել է պահանջները, ինչը հիմնական պատճառ է դարձել, որ բավարարվի WhatsApp-ի խնդրանքը՝ ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ:

Թեև հայցը ներկայացվել է Կալիֆորնիայում, սակայն NSO Group-ն իր ելման կոդը հասանելի է դարձրել միայն Իսրայելում Իսրայելի քաղաքացիների համար, ինչը դատավորն անվանել է «պարզապես անիրագործելի», ասվում է դատավճռում:

NSO Group-ը բազմիցս հայտարարել է, որ իր կառավարական հաճախորդները վերահսկում են Pegasus-ի օգտագործումը և պատասխանատու են դրա միջոցով իրականացվող հաքերային հարձակումների համար, սակայն գործի նյութերը ցույց են տվել, որ դա այդպես չէ: Ցույց է տրվել, որ ընկերությունն է «տեղադրել և հավաքել տեղեկատվություն Pegasus-ի միջոցով, որն օգտագործվել է ոչ միայն WhatsApp-ի, այլև iPhone-ների մեջ ներթափանցելու համար՝ լուսանկարներ, էլ. նամակներ և տեքստային հաղորդագրություններ կորզելու նպատակով:

Վերջին տասնամյակի ընթացքում բազմիցս հայտնաբերվել է, որ լրտեսական տեխնոլոգիաները, ներառյալ Pegasus-ը, օգտագործվել են ամբողջ աշխարհում քաղաքացիական հասարակության, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների և լրագրողների հեռախոսները կոտրելու համար: Ադրբեջանը նույնպես մերկացվել է վերջին տարիներին Հայաստանի դեմ իսրայելական այս լրտեսային ծրագիրն օգտագործելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս