Ջեյք Սալիվանը զգուշացնում է` պետք չէ Իրանին քշել անկյուն, Թեհրանը ստիպված կլինի հայտարարել, որ ունի միջուկային պատասխանի հնարավորություն. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է.

CNN-ին տված հարցազրույցում Իրանի վերաբերյալ բավականին ուշագրավ մտքեր է արտահայտել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանը:

Սալիվանն ասում է, որ ունեն մտահոգություն, թե թուլացած Իրանը կարող է գնալ միջուկային դոկտրինի վերանայման և միջուկային զենք ստեղծելու:

Ես, ինչպես բազմիցս արտահայտել եմ իմ սուբյեկտիվ գնահատականս, կարծում եմ, որ Իրանն ունի միջուկային զենք: Այլ հարց է, թե ինչ քանակի, ինչ հզորության կամ տեսակի, և այդ զենքի ինչպիսի կրիչներ ունի, բայց զենք, կարծում եմ, ունի:

Կարդացեք նաև

Սալիվանի հայտարարության տողատակում թերևս այն է, որ Իրանը կարող է հայտարարել այդ մասին: Այսինքն, հայտարարել, որ տիրապետում է միջուկային հարվածի հնարավորության: Սա հիմնահատակ կերպով շրջելու է իրավիճակը Մերձավոր Արևելքում:

Պետք է նկատել, որ «չհայտարարված» միջուկային տերություն լինելու և «հայտարարված» միջուկային զենք տնօրինելու իրողություններն ունեն էական տարբերություն: Այսինքն, այնպես չէ, որ՝ դե, եթե զենքն ունի, էլ ինչ տարբերություն: Կա տարբերություն: Շատ էական ու բազմաշերտ տարբերություններ:

Ավելին ասեմ, ըստ իս նույնիսկ Իրանին առաջին հերթին պետք չէ հայտարարել միջուկային զենք ստեղծած լինելու մասին, միջուկային հարվածի հնարավորություն ունենալու մասին: Չհայտարարելը Իրանի համար դիվանագիտական բազմաչափ խաղի առավել մեծ հնարավորություն է: Հետևաբար, Իրանը այդ մասին կհայտարարի միայն այն դեպքում, եթե հայտնվի ծայրահեղ վիճակում:

Սալիվանը, թերևս, նկատի ունի հենց դա, որ պետք չէ Իրանին քշել անկյուն, երբ Թեհրանը ստիպված կլինի հայտարարել, որ ունի միջուկային պատասխանի հնարավորություն: Որովհետև, դա նշանակելու է նաև, որ անկյուն կքշվի նաև Միացյալ Նահանգները Պատկերացնո՞ւմ եք, ի՞նչ պետք է անի Նահանգները, եթե Իրանը հայտարարի միջուկային զենք տնօրինելու և տեղափոխելու կարողության մասին:

Առավելագույնը՝ պետք է խստացնի Իրանի հանդեպ պատժամիջոցները, աննախադեպ ծավալի ու բնույթի հասցնի դրանք: Եվ դրանով Իրանին առավել խորը մղի դեպի Ռուսաստան, նաև՝ Չինաստան: Միևնույն ժամանակ, հարց է առաջանալու, թե ի՞նչ է անելու Նահանգները իր դաշնակից համարվող Իսրայելի հետ: Կան բազմաթիվ հարցեր:
Եվ ըստ իս, ԱՄՆ համար իսկապես խնդիր է ոչ այնքան Իրանի միջուկային զենքը, որքան դրա մասին հայտարարելը:

Սալիվանը նշում է, որ Իրանի միջուկային զենք «ստեղծելու» հարցը վտանգ է, որի մասին «անձամբ կհայտնի նոր թիմին»՝ նկատի ունի նոր վարչակազմին:

Ըստ իս, խոսքը կվերաբերի հենց այն հանգամանքին, որ Թրամփի վարչակազմը կստանա անհրաժեշտ տեղեկությունը Իրանի արդեն իսկ գոյություն ունեցող միջուկային զինանոցի ծավալի մասին: Իհարկե, հարց կառաջանա, թե՝ մի՞թե չեն փոխանցել մինչև հիմա:

Սակայն այդ դեպքում ի՞նչ պետք է փոխանցի Սալիվանը «անձամբ»: Ի վերջո, եթե խոսքը հենց վտանգի, մտահոգության մասին է, ապա ինքնին հարցազրույցի բարձրաձայնումն արդեն իսկ բավարար է: Հետևաբար, կնշանակի, որ փոխանցվելու է շատ կոնկրետ տեղեկատվություն: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ խոսքը պարզապես տեսական վտանգի մասին չէ, այլ շատ գործնական պատկերի փոխանցման:

Երբ Սիրիայի իրադարձությունների ֆոնին խոսում եմ այն մասին, որ մեղմ ասած վաղ է հաղթողներ ու պարտվողներ սահմանելը, նկատի ունեմ նաև հենց այն, որ քաղաքական իրողությունների խորապատկերը բոլորովին միարժեք չէ, որքան կարող է թվալ առերևույթ:

Տեսանյութեր

Լրահոս