«Կրթելը պետության պարտականությունն է, ոչ թե ինչ-որ մեկի, որը պետության հետ էական կապ չունի». Ատոմ Մխիթարյան
Ուսուցիչները շարունակում են բողոքել կամավոր ատեստացիայի հարցերից՝ մատնանշելով, որ հարցաշարում ընդգրկված հարցերի մեծ մասը տրամաբանական չեն, երբեմն էլ համակարգն այնքան վատ է աշխատում, որ իրենց նշած ճիշտ պատասխանները չի հաշվում։ Արդյունքում՝ շատերը, գործընկերներից դժգոհություններ լսելով, որոշում են առհասարակ չմասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին։
Ի վերջո, այսպես շարունակվելու դեպքում, մանկավարժի մասնագիտությունը կարո՞ղ է գրավիչ լինել, չկա՞ն մտավախություններ, որ շուտով կարող են մանկավարժական ֆակուլտետները դիմորդներ չունենան, արդյունքում՝ դրանք փակվեն։
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանը խոսելով այս հարցերի շուրջ, ասաց՝ փակվելու մասին մի քիչ վաղ է մտածել, քանի որ հիմա այլ քաղաքականություն են մշակել։ Համալսարանները, որոնք ուզում են դիմորդներ գրավել, ուղղակի հեշտացնում են ընդունելության քննությունը։
«Վերջերս Կառավարությունը որոշում ընդունեց և որոշ մասնագիտական առարկաներ հանեց ընդունելության քննություններից, թողեց կամընտրական։ Օրինակ, դիմորդը կարող է օտար լեզվից ու հայոց լեզվից քննություն հանձնել և ընդունվել աշխարհագրության կամ քիմիայի ֆակուլտետ, դառնալով մանկավարժ։ Շատ անհասկանալի որոշում է, ինչն իրենց հիմնավորում են դիմորդ չունենալով։ Դիմորդների մեծ մասն օտար լեզու է պարապում, որովհետև մտածում են՝ հեշտ է, պատկան մարմիններն էլ մտածում են՝ ավելի լավ է՝ ինչ գիտեն, դրանով էլ քննություն հանձնեն, քանի որ տարրական գիտելիք չունեն ու չեն կարողանում նույնիսկ 8 միավոր հավաքեն հատկապես բնագիտական առարկաներից։ Սա մեծ խնդիր է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ատոմ Մխիթարյանը։
Ինչ վերաբերում է ատեստավորման թեստերին, մեր զրուցակիցը նկատեց՝ թեստերը շատ սուբյեկտիվ են կազմված, և առաջին անգամ չէ, որ այս դժգոհությունները կրկնվում են։ Ամեն անգամ իբր թե թեստերը փոխում են, բայց սուբյեկտիվիզմն այնքան մեծ է այդ թեստերի մեջ, որ առհասարակ հնարավոր չէ գնահատել նույնիսկ ուսուցչի գիտելիքները, էլ չասած նրա հմտությունները։
«Իբր գնահատում են ուսուցչի գիտելիքները, բայց շատ սուբյեկտիվ թեստերով։ Արդյունքում ստացվում է, որ նույնիսկ ամենալավ մասնագետը, որ լավ գնահատականներով ավարտել է բուհը, չի կարողանում հաղթահարել թեստը, քանի որ այնտեղ այնպիսի հարցեր են, որոնք կապ չունեն դասավանդվող առարկայի հետ»,- հավելեց փորձագետը։
Հարցին՝ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը «պայքար են սկսել տգիտության դեմ»՝ ասելով, թե «կրթվելը նորաձև է», այս ճանապարհո՞վ են պայքարում, Ատոմ Մխիթարյանը պատասխանեց՝ «կրթվելը նորաձև է» արտահայտությունն ամբողջովին սխալ է, քանի որ կրթվելը պետք է լինի ոչ թե նորաձև, այլ առաջնահերթություն, և դա պետության պարտականությունն է, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ։
«Նորաձևությունն անընդհատ փոխվում է, մի բանը չի կարող անընդհատ նորաձև լինել, հետևաբար, երբ նման արտահայտությունն են անում, նշանակում է՝ որոշ ժամանակ հետո կրթվելն այլևս նորաձև չի լինելու, սա սխալ է։ Սա աբսուրդ գաղափար է, որը բերվում ու համակցվում է կրթության հետ՝ առանց հասկանալու, որ կրթությունը միշտ պետք է ու միշտ անհրաժեշտ։ Սա պետության պարտականությունն է, այլ ոչ թե ինչ-որ մեկի, որը պետության հետ էական կապ էլ չունի, ու նրա ասելով՝ մարդիկ նոր սկսեն կրթվել։ Ընդ որում, այդ քարոզը սկսվում է Երևանի պետական համալսարանից, և շատ անհասկանալի էր, որ պրոֆեսորներ, հարգարժան դասախոսներ նոր-նոր իմանում են, որ կարելի է կրթվել կամ կրթել ուսանողներին՝ ուղղակի անհասկանալի է»,- ընդգծեց Ատոմ Մխիթարյանը։
Շարունակելով ուսուցիչների ատեստացիայի թեման, Ատոմ Մխիթարյանն ասաց, որ իրենց սուբյեկտիվ թեստերը մանկավարժներին պարտադրելու փոխարեն, պետք է կիրառեն այլ մեթոդ՝ վերապատրաստում ու փորձի փոխանակում, որը լավագույն մեթոդն է։
«Լավագույն ու շատ արագ արդյունք տվող լուծումը կարող է լինել անընդհատ վերապատրաստումները և փորձի փոխանակումն ուսուցիչների միջև։ Մեզ մոտ ուսուցիչները շատ մեկուսացված են, օրինակ, մանկավարժն ավարտեց բուհը ու դուրս եկավ այդ միջավայրից ու գնաց դպրոց, վե՛րջ՝ նրա շփման տիրույթը շատ փոքրանում է։ Մինչդեռ ուսուցիչը կատարելագործվելու շատ տեղ ունի, և անհրաժեշտ է, որ նա տեսնի իր նմաններին, թե ինչպես են դասը վարում։ Այդ ամենը կարող է լինել փոխայցելությունների, դասալսումների, վերապատրաստումների միջոցով։ Վերապատրաստումներում պետք է ներգրավեն նաև մանկավարժական կրթություն տվող բուհերին։ Կստացվի հետաքրքիր միջավայր, ինչը կազդի բուհերում դասավանդվող առարկաների ու մեթոդների վրա, չէ՞ որ կրթությունը նրանով է առանձնահատուկ, որ հարափոփոխ է ու անընդհատ փոխվում է։ Այդ միջավայրի ապահովումն իսկապես կլինի հարցի լավագույն լուծումը»,- եզրափակեց Ատոմ Մխիթարյանը։