ՆԱՏՕ-ի երկրները կորոշեն իրենց պաշտպանական ծախսերի չափը ԱՄՆ նոր նախագահի հետ հանդիպումից հետո. Միցոտակիս
ՆԱՏՕ-ի երկրները քաջատեղյակ են պաշտպանության վրա իրենց համախառն ներքին արդյունքի ավելի քան 2%-ը ծախսելու անհրաժեշտության մասին, կիրակի ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը` հավելելով, որ նպատակային նոր թիվը պարզ կդառնա հաջորդ տարի դաշինքի անդամների միջև քննարկումներից հետո, գրում է Politico-ն։
«Մենք գիտենք, որ մեզ անհրաժեշտ կլինի ծախսել ավելի քան 2 տոկոսը», – ասել է Միցոտակիսը Ֆինլանդիայի ծայր հյուսիսում ԵՄ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր եվրոպական անվտանգությանը, պաշտպանությանը և միգրացիային: «Երբ հանդիպենք ԱՄՆ-ի նոր նախագահի հետ, անմիջապես պարզ կդառնա, թե ՆԱՏՕ-ի շրջանակներում ինչ թվի շուրջ ենք պայմանավորվելու»։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, որը պաշտոնը ստանձնում է հունվարի 20-ին, ցանկանում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները ավելի քան կրկնապատկեն իրենց պաշտպանական ծախսերը՝ համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը կազմող ներկայիս ցուցանիշի համեմատ: Ինչպես նշում է լրատվամիջոցը, Թրամփի թիմը եվրոպացի պաշտոնյաներին ասել է, որ ամերիկացի նոր նախագահն ակնկալում է, որ ռազմական դաշինքի անդամներն իրենց պաշտպանական ծախսերը կհասցնեն ՀՆԱ-ի 5 տոկոսին։
Պատասխանելով այս առնչությամբ լրագրողի հարցին՝ Միցոտակիսը հրաժարվել է կոնկրետ թիվ նշել։
«Կլինի ավելի քան 2 տոկոս։ Բայց կոնկրետ թվեր չնշենք, քանի որ բոլորս ունենք մեր ազգային շահերը, և չպետք է մոռանալ, որ մենք աշխատում ենք եվրոպական շրջանակներում։ Մենք պետք է դիտարկենք բոլոր միջոցները, որոնցով մենք միասին առաջ կտանենք եվրոպական պաշտպանությունը: Մենք դեռ պետք է համոզենք մեր անդրատլանտյան գործընկերոջը, որ մենք լրջորեն ենք վերաբերվում մեր անվտանգությանը, քանի որ մեզ անհրաժեշտ է մեր անդրատլանտյան գործընկերը ՆԱՏՕ-ի շրջանակներում», – ասել է նա: