Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսին բյուջեից 260 միլիոն դրամ է տրվել
Հայաստանի Կառավարությունը գործարկել է «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիր», որի շրջանակում միայն 2024 թվականի բյուջեով նախապես նախատեսված է եղել հատկացնել 1 միլիարդ 192 միլիոն դրամ, ինչը, սակայն, վերաբաշխման արդյունքում դարձել է 2 միլիարդ 909 միլիոն դրամ։
Այս ծրագրից օգտվող քաղաքացիները վարկ են վերցնում հայաստանյան բանկերից, իսկ վարկի տոկոսները մարում է ՀՀ Կառավարությունը. Արդյունքում՝ քաղաքացին անտոկոս վարկով էներգաարդյունավետ բնակարան կամ անհատական բնակելի տուն է ունենում։
Թե ինչպես է ստացվել, որ այս ծրագրից օգտվող ՀՀ քաղաքացիները հիմնականում նախընտրել են հենց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՀայԷկոնոմբանկից» վերցնել վարկեր, ինչո՞վ է պայմանավորված վարկ վերցնող քաղաքացու սերն առ «ՀայԷկոնոմբանկ», Կառավարության ընդունած որոշումից պարզ չէ, իսկ որ քաղաքացիները վարկերի մեծ մասը վերցրել են հենց ՔՊ-ական պատգամավորի ընտանիքին պատկանող բակից, դրա ապացույցը Կառավարության կողմից մարված վարկային տոկոսների ծավալներն են։
Եվ այսպես, միայն նոյեմբեր ամսվա դրությամբ «Հայէկոնոմբանկի» սուբսիդավորման գումարը կազմել է 260․2 մլն դրամ, այն դեպքում, երբ 18 այլ բանկերի սուբսիդավորման ենթակա գումարը բոլորինը միասին կազմել է 130․3 մլն դրամ։
Այսինքն, 18 բանկ միասին վերցրած մի քանի անգամ պակաս վարկ են հատկացրել այս ծրագրից օգտվող քաղաքացիներին, որովհետև վարկերի առյուծի բաժինը «ՀայԷկոնոմբանկինն» է եղել։
Նշենք, որ ծրագրի շահառուների թիվը շուրջ 16.000 է. ըստ Կառավարության ընդունած որոշման նախագծի՝ շահառուների թիվը հընթացս կավելանա նաև 4066-ով, ինչը ենթադրում է, որ «Հայկէկոնոմբանկին» Կառավարությունից տրվող սուբսիդիաների ծավալները ևս կավելանան՝ հաշվի առնելով ՔՊ-ական պատգամավորի ընտանեկան բիզնեսի ձգողության ուժը։