Վանանդ Շիրազը մանրամասներ է պատմում Շիրազի ընտանիքից (լուսանկարներ)
Խորհրդային տարիներին հաճախ էր մամուլում տպագրվում Հովհաննես Շիրազի` իր երեխաների հետ լուսանկարը: Բանաստեղծը նստած էր, նրա շուրջը կանգնած ու նստած էին բացառապես հայկական անուններով իր ութ երեխաները: Լուսանկարում Հովհաննես Շիրազի գրկում նրա ամենակրտսեր որդին է` Վանանդ Շիրազը, որն արդեն 38 տարեկան է, ինքնատիպ նկարիչ, Մանկավարժական համալսարանի դասախոս, ում հետ Շիրազի 100-ամյակի առթիվ զրուցեցինք բանաստեղծի և նրա կյանքի մասին:
– Վանանդ, վերջերս կյանքից հեռացավ քո ավագ եղբայրը` Արա Շիրազը, իսկ եղբայրներիցդ Սիփանն էլ մահացել էր 1997-ին: Հետաքրքիր է, որտե՞ղ են Շիրազի մյուս զավակները, ինչո՞վ են զբաղված:
– Արաքսն ու Թադևոսն իրենց ընտանիքներով ԱՄՆ-ում են, Թադևոսը վարպետ արծաթագործ է այնտեղ, Անին Գյումրիի` Շիրազի տուն-թանգարանի փոխտնօրենն է, Մասիսը, Աստղիկն էլ են այստեղ, աշխատում են, Մասիսը քանդակագործ է, քանդակներ ունի քաղաքում դրված…
– Ինչպիսի՞ն էին Ձեր ընտանիքում հարաբերությունները երեխաների միջև:
– Տարբեր, այնպես, ինչպես լինում է բազմազավակ ընտանիքներում, տարբեր բնավորությունների, տարբեր խառնվածքների տեր մարդիկ էինք, տարիքային տարբերություններ կային նաև, մարդ կա` ակտիվ էր, մարդ կա` մինչև հիմա էլ շատ չի սիրում երևալ: Բայց քանի որ բոլորս էլ ստեղծագործող երեխաներ էինք, բոլորիս միջև միշտ մրցակցություն կար` մյուսից ավելի լավ բան անելու: Հայրիկը միշտ քաջալերում էր մեզ, ամեն օր մեկի հերթն էր հեքիաթ հորինելու. դա ավանդույթ է եղել մեր ընտանիքում, դրանով նա մեզ մտածել էր սովորեցնում:
Երեկոյան հավաքվում էինք հայրիկի մահճակալի շուրջը և պատմում մեր հորինած հեքիաթը, և վայ, եթե հանկարծ ռուսերեն կամ օտար մի բառ օգտագործեինք` հայրիկը շատ էր բարկանում: Նա մեզ հոգևոր արժեքներով է մեծացրել, մենք ունևոր չէինք, չքավորություն կար ընտանիքում, բայց հայրիկն այնպես էր անում, որ չզգայինք դա, նա ներշնչում էր արվեստի մարդ լինելու կարևորությունը: Մեր տան մեջ, օրինակ, սառնարան է հայտնվել հայրիկի մահից հետո: Սառնարանն ի՞նչ էր` ամեն մարդ ուներ, մենք չունեինքգ Հայրիկին ուշ սկսեցին տպագրել, միշտ պահանջի մեջ էինք…
– Վանանդ, գրականությանը մոտ է կանգնած եղել նաև քո մայրը, պատմիր նրա մասին:
– Մայրս` Շուշանիկ Արիստակեսյանը, չգնահատված արձակագիր էր: Ի դեպ, նա հայրիկի հետ ծանոթացել է հենց գրականության պատճառով: Ուսանողուհի է եղել, իր ստեղծագործություններն է տարել հայրիկի մոտ, որ նա կարդա, կարծիք ասի (այդ ժամանակ շատ ուսանողներ էին իրենց գրածները տանում, որ Շիրազը կարդա), և մի օր էլ հայրիկը չի թողել, որ գնա…
Տարիքային մեծ տարբերություն է եղել նրանց միջև: Մայրս անտիպ վեպ ունի գրված, նույնիսկ ժամանակակիցներն են գնահատել նրա տաղանդը, սակայն երեխաների խնամքը թույլ չտվեց, որ նա լիովին նվիրվի գրականությանը: Մայրս Երևանում ծնված ազնվական ծագումով կին է եղել, իհարկե, իր ճակատագիրն էլ լավ չեղավ, ինքն էլ վաղ հեռացավ կյանքից:
– Գուցե ընտանիքում երկու ստեղծագործողի ներկայությունն է՞լ է դեր խաղացել, որ նա չշարունակի:
– Այո, դա էլ կար: Սիլվա Կապուտիկյանի և Շիրազի բաժանման պատճառը, օրինակ, դա է եղել: Մի ընտանիքում երկու անհատականության ներկայություն դժվար է:
– Իսկ ասում էին, թե Շիրազի` խմիչքի հանդեպ սերն էր պատճառը:
– Շիրազը խմող չի եղել, այդ մասին լուրերը սուտ են: Նույնիսկ Սիլվա Կապուտիկյանն է իր հուշերում ասել, որ նա մի բաժակ գարեջրից հետո երկրորդը չէր կարողանում խմել… Շիրազը պարզապես շատ հախուռն խառնվածք ուներ, նյարդային էր, չէր քծնում իշխանություններին, անհանդուրժող էր, չէր հանդուրժում անարդարությունները, միջակություններին, նրան չէին տպում, ամեն մի միջակության տպում էին, իսկ նրան` ոչ: Իսահակյանի մահից հետո սկսել են նրան հալածել, երբ Իսահակյանը ողջ էր, նրան պաշտպանում էր բոլոր առումներով, այդ թվում և` որ ֆիզիկապես չտանեն, չոչնչացնեն:
Նա շատ նյարդային էր արտահայտվում ամեն ինչի շուրջ, ինչից մարդիկ ենթադրում էին, որ խմած է կամ գինովցած է… Վահագն Դավթյանը մի խոսք ունի` Շիրազի հոշոտված նյարդերը… Իսկ ինքը` հայրիկը, մի գիրք ունի` «Կյանքը ստվերներում», որի մեջ իր այս ամբողջ ողբերգական ապրումներն են ներկայացված: Ժամանակի դերեր խաղացողներին շատ ձեռնտու էր ասել` Շիրազը խմող է, իրենց պատճառ էր պետք, որ նրան տարիներով արտասահման չթողնեին, վախենում էին, որ Շիրազն արտասահմանում կխոսի Հայաստանի շատ արատավոր երևույթների մասին: Մինչդեռ ամբողջ Սփյուռքը տարիներով իրեն էր սպասում, մեր տանը տրցակներով նամակներ կան Սփյուռքից, որոնցում դա է երևում:
– Ի դեպ, ինչպիսի՞ն էին Սիլվա Կապուտիկյանի հետ Ձեր հարաբերությունները:
– Շատ լավ: Միշտ լավ են եղել: Ի պատիվ իրեն և հայրիկի էլ` պիտի ասեմ, որ իրենք շատ խոհեմ են գտնվել և բարձր հարաբերություններ են պահել, Սիլվան էլ լավ էր վերաբերվում մեզ` երեխաներիս, մենք մայրական հոգածություն ենք զգացել նաև նրանից: Ի դեպ, մեր և Սիլվայենց տները մոտ էին, և Արայիկը փոքր ժամանակ և՛ այնտեղ էր լինում, և՛ մեզ մոտ, ասում էր` բախտս բերում է, մի տեղ նեղացնում են, մյուս տեղն եմ գնում: Իսկ հայրիկի մահից հետո Արայիկն էլ ինչ-որ ձևով մեզ հայրություն է արել:
– Յոթ տարեկան ես եղել, երբ հայրդ մահացել է, ի՞նչ ես հատկապես հիշում նրանից:
– Ես նրա հոտն եմ հիշում, քանի որ, իբրև փոքրեր` ես ու Թադևոսն իր հետ էինք քնում, այդ հոտն է, որ միշտ ուղեկցում է ինձ` երբ հիշում եմ: Դա շատ հետաքրքիր զգացողություն է:
– Երեխաներից ո՞ւմ հետ էր մեծ հույսեր կապում Շիրազը:
– Բոլորի, բայց անկեղծ որ ասեմ, ամենաշատը` Սիփանի: Նա Սիփանի մեջ նկատում էր բանաստեղծին: Արդեն 14-15 տարեկանում Սիփանը շատ լավ գրում էր, սկզբից, իհարկե, հայրիկի ստեղծագործությունների ազդեցության տակ, իսկ հետո նա լրիվ ազատվեց դրանից, դարձավ ինքնուրույն, իր ոճն ունեցող բանաստեղծ, բայց հայրիկն արդեն չկար… Այ, եթե խմելու մասին ենք խոսում, Սիփանն, օրինակ, ուներ այդ հակումը:
– Վանանդ, ասում ես, որ Շիրազին այն ժամանակ ամբողջությամբ չէին ընդունում, իսկ հիմա ամբողջությամբ ընդունվա՞ծ է:
– Ոչ: Կարող է զարմանալի հնչել, բայց Շիրազն այսօր էլ թշնամիներ ունի: Այն ժամանակ նրա թշնամիները երևութական էին, հիմա` աներևույթ: Նա նաև ամբողջությամբ գնահատված չէ, նրա բազմաթիվ ստեղծագործություններ դեռևս տպագրված չեն: Գուցե այս հոբելյանական տարին էլ ինչ-որ ձևով օգնի, որ տպագրվեն նրա անտիպները, ունենանք Շիրազի երկերի ակադեմիական հրատարակությունը, որը չկար, որի տպագրությունը նախատեսված է այս տարվա ընթացքում, կտպագրվի «Թոնդրակեցիներ» պոեմը, որն այսօր առավել քան այժմեական է, քանի որ աղանդների դեմ է… Մեր տանը բազմաթիվ ձեռագրեր կան, որոնք ուսումնասիրված չեն, տպված չեն:
– Ինչո՞ւ են տանը պահվում այդ ձեռագրերը:
– Դե՛, ժամանակին թանգարաններն էլ հնարավորություն չունեին պահելու, մի մասը Գյումրիի թանգարանում է, իսկ մնացածի ճակատագիրն էլ հոբելյանական տարվա ընթացքում կլուծվի, պահ կտանք պետությանը, քանի որ դրանք միշտ վտանգի տակ են, թանաքով գրվածներն արդեն անընթեռնելի են դառնում, և տանը գողության, հրդեհի, ջուր լցվելու վտանգ միշտ էլ կա: Ի դեպ, երկու անգամ այս անցնող տարիներին մեր տնից գողություն է կատարվել, արժեքավոր հուշանվերներ են տարվել, և մենք չգիտենք` ձեռագիր տարվե՞լ է, թե՞ չէ, քանի որ դրանք համարակալված չեն:
– Չե՞ք ուզում այդ տունը, որտեղ նա է ապրել, թանգարանի վերածել:
– Այդպիսի առաջարկ արել ենք հոբելյանական հանձնաժողովին, և այդ հարցը դեռևս Անդրանիկ Մարգարյանի հետ էր քննարկվում: Մաշտոցի պողոտայում է գտնվում այդ տունը, որտեղ 50 տարի ապրել է Շիրազը: Առաջին հարկն այսօր խորովածանոց է, որպեսզի տունը թանգարան դառնա` երկու հարկերը միասին պիտի լինեն, չի լինի` առաջին հարկում` խորովածանոց, վերևում` թանգարան: Այդ խորովածանոցի տերն էլ, իմանալով, որ պետությունն է ուզում գնել իր տարածքը, այնպիսի մի գումար է ասել, որ պետությունը չի կարող գնել, այնպես որ, Երևանում Շիրազի թանգարանի հարցն առայժմ մնում է: Բայց փոխարենը` Գյումրիում շատ լավ թանգարան կա, որը տարեկան 8-9 հազար այցելու է ունենում, ինչը մեծ թիվ է նույնիսկ Երևանի համար: Այդ տունը հայրիկին տվել են 1983-ին, երբ նա ողջ էր:
– Գո՞հ եք հոբելյանական հանձնաժողովի ծրագրերից:
– Եթե ամբողջությամբ իրականացվեն` այո: Երբեմն շատ խոստումներ մնում են թղթի վրա, բայց որ ամբողջությամբ կատարվեն, ապա Շիրազի պոեզիայի երկրպագուները կհայտնաբերեն մի նոր Շիրազ` իր անտիպ գործերը կկարդան և կզարմանան, թե ինչքան բանաստեղծություններ կան, որոնց իրենք` իբրև շիրազասերներ, ծանոթ չեն:
Իհարկե, ժամանակին պլակատային բանաստեղծություններ էլ են եղել, որոնք իրենց դերը կատարել-վերջացրել են, նա այդ բանաստեղծությունների մասին ասում էր` մարտիրոսներ, որոնք իրենց դերը կկատարեն և կզոհվեն, բայց ժամանակին Շիրազի պոեզիան, հայրենասիրության առումով, մեծ դեր է կատարել` սկսած 60-ականների ազգային զարթոնքից: Պատահական չեմ համարում, որ Ղարաբաղյան պատերազմ գնալուց առաջ ջոկատներ էին այցելում նրա շիրմին, երդվում, հետո գնում: Այսօր, սակայն, չգիտես ինչու, ընդունված է, որ ժամանակակից գրականությունն անմիտ պիտի լինի, ազգային հավակնություններ չունենա, գրանտային կազմակերպությունները ներխուժել են Հայաստան և իրենց մանկուրտային քաղաքականությունն են իրականացնում բոլոր ոլորտներում, այդ թվում և` գրականության մեջ: Իրենք` ամերիկացիները, ունեն Հայրենասերի Աստվածաշունչ, բայց երբ փոքր ազգերը հայրենասիրությունից են խոսում, չեն ուզում լսել այդ մասին: