Եթե մեկ կուսակցությամբ կամ կոալիցիայով մեծամասնություն չձևավորվեց, կլինի երկրորդ ընտրություն. Գալյանը փակագծեր բացեց
Սահմանադրության նոր տեքստի մշակման փուլում ենք գտնվում, փոփոխությունները կապված են իշխանությունների թեւերի ապակենտրոնացման, զսպման եւ հավասարակշռման սկզբունքների հիման վրա։ Այս մասին Հ1–ի եթերում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Նախ մենք խնդիր ունենք ԱԺ–ի ուժեղացման, որոշում ունենք նաեւ փոխելու ընտրությունների կարգը։ Առաջին ընտրությունների պարագայում որոշում ենք կայացրել հրաժարվելու կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձեւավորելու սկզբունքից եւ դա թողնել երկրորդ ընտրություններին, եթե առաջինով չի հաջողվում մեկ կուսակցության մեծամասնությամբ կամ կոալիցիայի միջոցով ձեւավորել խորհրդարան։ Այսինքն երկրորդ փուլ չի լինելու, երկրորդ ընտրություն է լինելու»,– ասել է Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով, ԱԺ–ին ավելի լայն հնարավորություններ են տրվելու Կառավարության ձեւավորման հետ կապված. «Այս պահին արդեն կա որոշում ԱԺ մշտական հանձնաժողովին տալ դերակատարում, օրինակ նախարարի թեկնածուին կարող է հանձնաժողովը բաց նիստում տալ հարցադրումներ»։

